Home / Բանտ / Անմարդկային վերաբերմունքի արժանացած կալանավորը դադարեցրել է երկշաբաթյա հացադուլը

Անմարդկային վերաբերմունքի արժանացած կալանավորը դադարեցրել է երկշաբաթյա հացադուլը

Շուրջ երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Նարեկ Սարգսյանը երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հորդորից հետո դադարեցրել է հացադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Ես երեկ այցելել էի նրան, ես էլ համոզեցի, որ առողջությունը վտանգում է, նրան տվեցի նաև Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի նամակը, որտեղ նրանք խնդրել են դադարեցնել հացադուլը։ Իրենց նամակում նշել են, որ այս ռեժիմի պարագայում այդ միջոցը արդյունավետ չէ․․․ դե մի քիչ մտածեց Նարեկը, հետո ասաց՝ կդադարեցնեմ», – պատմել է փաստաբանը։

Նա նշել է, որ Սարգսյանն ամեն դեպքում հետագայում շարունակելու է իր բողոքը՝ այլ միջոցների դիմելով։

Ավելի վաղ փաստաբանն ահազանգում էր, որ Սարգսյանը «Նուբարաշեն»-ում անմարդկային վերաբերմունքի է արժանանում. հացադուլը սկսելուց հետո նրան ոչ մի բժիշկ չէր այցելել, ինչպես նաև նրան չէին տեղափոխում հացադուլ անող կալանավորների համար հատուկ խուց։

Հացադուլով Գեղարքունիքի մարզի 24-ամյա բնակիչը բարձրաձայնում էր, որ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, ապօրինի է։

Սարգսյանը ձերբակալվել է հուլիսի 20-ի երեկոյան՝ Խորենացի փողոցում, ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիայի ընթացքում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարգսյանին սպառնում է երեքից ութ տարվա ազատազրկում։