Գլխավոր / Բանակ / Գեներալը գիտի՝ բանակում գողանում են, բայց հույսն աստծո պատիժն է

Գեներալը գիտի՝ բանակում գողանում են, բայց հույսն աստծո պատիժն է

Ազգային ժողովում այսօր շարունակել են քննարկել «1000 դրամների նախագիծը», որով առաջարկվում է Հայաստանում յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000 դրամ հատկացնել բանակին։ ՀՀԿ֊ական պատագամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը պաշտպանել է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի դիրքորոշումը, ընդդիմադիր Արամ Մանուկյանը բացատրել է՝ ինչու պետք է դեմ քվեարկել այդ նախագծին, իսկ մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, նշել է, որ հասկանում է օրինագծի դեմ բողոքող քաղաքացիներին՝  միևնույն ժամանակ հայտարարելով, թե կողմ է քվեարկելու նախագծին։

Իր ելույթում Սեյրան Սարոյանը հայտարարել է, որ բանակում գողանում են՝ նշելով, սակայն, որ գողացողներին «աստված կպատժի»։

«Հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անենք՝ էլ գող կատու, էլ քյաչալ շուն, էլ՝ ով ինչ գողցավ բանակից, ամեն ինչի մասին խոսեցինք․․․ Բանակից ով ինչ գողցավ, կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու․․․ ավելի լավ ա աստված պատժի, քանց թե դատախազը։ Մենք սաղս էլ գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն ա։ Էսօր ասում ենք, թե պետական բյուջեն ինչի չի տալիս էդ փողերը։ Որ չունի, որտեղի՞ց տա։ Մարդուց բան ես ուզում, որը չունի…

1000 դրամն ի՞նչ ա․․․ հաշվեք, որ ամեն մի հայ մտել ա եկեղեցի ու իրա էրեխեքի համար 2 հատ մոմ ա վառել։ Սարգսյան Վիգենն էդ փողերը իրանց տուն չի տանելու։ Ամոթ է, էսի սաղ ադրբեջանցիք էլ են նայում», ֊ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Սարոյանը։

Նա հորդորել է «ցեխ չշպրտել» բանակի վրա։ Ըստ գեներալի՝ Վիգեն Սարգսյանի բերած օրենքը շատ պարզ է․ «Չի ասում, որ բանակի համար էս ենք առնելու, էն ենք առնելու, կամ գրիչ ու թուղթ ենք առնելու։ Նենց չենք արել, որ խճճենք էս օրենքը։ 3 խնդիր ենք կատարելու՝ զոհվածի ընտանիքին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին [գումար ենք տալու]»։

Սեյրան Սարոյանը նաև անդրադարձել է օրինագծի դեմ բողոքողների այն պնդումներին, թե բանակին հարուստները պետք է գումար հատկացնեն։

«Հարուստը ոչ մի բան չի տա, եթե իրան շահ չեղավ, էս ժողովուրդը պիտի հասակընա, որ ինքն ա իրան պահելու։ Պատերազմ էլ լինի, ինքն ա կռվելու, պահել էլ լինի, ինքն ա պահելու», ֊ իշխողների պատկերացումները ժողովրդի մասին ամփոփել է գեներալը։

Սարոյանը հորոդրել է «սիրուն» քվեարկել այդ հարցի օգտին։

Իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նույնպես կողմ է քվեարկելու նախագծին․ «Սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է։ Որովհետև այն զինվորը, որի միտքն ազատ է այն մտահոգությունից, թե ինչ է լինելու իմ ընտանիքի հետ, թե ծնողներս, երեխաներս սոված կմնան, եթե ինձ մի բան պատահի, այդ զինվորի մարտունակությունը ավելի բարձր է լինելու․․․»։

Վերջինս նաև ընդգծել է, որ շատերն իրավացիորեն են ընդդիմանում այս նախագծին՝ ասելով, որ եթե բարձրաստիճան զինվորականները քիչ թալանեին բանակը, Հայաստանի բյուջեն կկարողանար փոխհատուցեր զոհվածներին։

«Այո՛, ճիշտ են ասում այդ քաղաքացիները, և մենք նաև էս պատճառով պետք է վճարենք այս 1000 դրամները, որովհետև որպես հասարակություն չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որ լինի էֆեկտիվ։ Սա տուգանք է բոլորիս վրա», ֊ հայտարարել է Փաշինյանը։

Նախագծին դեմ է խոսել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ կոչ անելով չփորձել հիմնավորել, թե «սա լավ գաղափար է»։ Նա ընդգծել է, որ զինվորին պահելը պետության պարտականությունն է։

Մանուկյանը մատնանշել է այն ճանապարհները, որոնց միջոցով կարելի է այդ գումարը գտնել՝ չգանձելով այն քաղաքացիներից։ Մասնավորապես, պատգամավորն ասել է, որ Ազգային ժողովի դահլիճում պաշտոնապես 60 միլոնատեր կա, և դա սոված, աղքատ երկրում։

«Երկրում 40 տոկոս ստվերային տնտեսություն է, և [այդ պատճառով] 1 միլարդ դոլար չեն կարող բերել բյուջե», ֊ ասել է Մանուկյանը։

Պատգամավորն առաջարկել է նաև կրճատել բանակի գեներալների և ոստիկանության աշխատողների թիվն ու այդ գումարը տալ զինվորներին և նրանց ընտանիքներին։

«Դու ասում ես էդ 1000 դրամը չտաս, ա՜յ-ա՜յ-ա՜յ, ամոթ։ Եղբա՛յր, սա անբարոյականություն է․ ուրիշի 1000-ը ուզում ես, բայց քո միլիոնը պահում ես», ֊ հայտարարել է ՀԱԿ պատգամավորը։

Նա նաև անդրադարձել է Սեյրան Սարոյանի հայտարարություններին՝ նրան դիմելով նույն բառապաշարով, որով գեներալն էր ԱԺ ամբիոնից իրեն դիմել 2014 թվականի դեկտեմբերին, երբ Մանուկյանի վրա հարձակում էր եղել։

«Սերյան ջա՛ն, ախր դու զինվորական մարդ, գեներալ մարդ, կուլտուրական մարդ, կռված մարդ, ես ու Լյովը (նկատի ունի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ֊ խմբ․) կարող ա ջհանդամը չիմանանք՝ բանակում ինչ ա կատարվում. դու չգիտե՞ս՝ ովքեր են գողացողները։ Եթե գիտես, աստված պիտի պատժի՞ էդ գողացողներին․․․ Ասենք, աստված կպատժի․ ախր, էդպես երկիր չեն կառուցում։ Տերտերը էդպես կարող է ասել, բախտ բացողը կարող է ասել», ֊ ասել է Մանուկյանը։