Գլխավոր / Բանակ / Նախկին զինծառայողին բուժման ուղարկելու փոխարեն ուղարկել են բանտ. Hetq.am

Նախկին զինծառայողին բուժման ուղարկելու փոխարեն ուղարկել են բանտ. Hetq.am

Ծառայության ընթացքում առաջին կարգի հաշմանդամություն ստացած 27-ամյա նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) և դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման։

Hetq.am կայքի փոխանցմամբ, Դավիթ Հակոբյանն Արմավիրի Մայիսյան գյուղի բնակիչ է և մոտ 5 տարի փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ կորցրած առողջությունը: Նախկին զինծառայողի վիճակը կտրուկ վատացել է 2012 թ-ին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին երիտասարդը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Հակոբյանը տեղափոխվել է «Մուրացան» հոսպիտալ, որտեղ անհաջող վիրահատության է ենթարկվել վիրաբույժ Գագիկ Թունյանի կողմից։

Դավիթի հայրը՝ Սերգեյ Հակոբյանը, Hetq.am֊ի թղթակցին պատմել է, որ վիրահատության մասին ընտանիքը տեղեկացել է միայն 2 օր անց․ «Մեկի միջոցով իմացանք, որ էրեխուն արդեն վիրահատել են, իսկ մենք 2 օր Դավիթին փնտրում էինք: Երբ գտանք, արդեն շատ վատ էր: 1 օրվա մեջ, 8 ժամվա տարբերությամբ, 2 վիրահատություն էին արել: Ընկել էր կոմայի մեջ: 10 օր էդպես մնաց, արթնացավ, մեզ չճանաչեց, մենակ կմկմում էր: Հետո սկսեց կակազելով խոսել: Ձախակողմյան հատվածը պարալիզացվել էր: Էպիկրիզում գրեցին, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել: Ասում էին, որ անկողնային կմնա»։

Հոր խոսքով, սակայն, հետագայում հրավիրված մասնագետներն ասել են՝ ինսուլտ չկա, այլ [վիրահատող բժիշկները] կպել են նյարդերին․ ասել են, որ դա հնարավոր է բուժել։

Հակոբյանները շուտով պարզել են, որ բորբոքված են եղել որդու աղիքները, բայց վիրահատել են որպես ստամոքսի խոց։ ՊՆ-ում ընտանիքին հորդորել են բժշկի դեմ չբողոքել՝ փոխարենը խոստանալով երիտասարդին ուղարկել Գերմանիա բուժման:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես հիվանդանոցում անցկացրած բուժման փոխհատուցում երկու անգամ 500 000 դրամ է տվել Դավիթի ծնողներին: Հակոբյանների խոսքով, նախկին նախարարն ասել է՝ քանի որ մեր մեղքով է եղել, կուղարկենք Գերմանիա: «Մեկ տարի էդպես տարան-բերեցին, հետո էլ ասացին, որ պետական բյուջեում այդքան գումար չկա, մենք չենք կարող ուղարկել»,- ասել է Սերգեյ Հակոբյանը:

«Երբ տեսնում էր, որ իր բուժման հարցերը չէին լուծվում […] ջղայնանում էր»,- հավելել է հայրը՝ պատմելով, որ որդին բարկությունից, անհուսությունից իր բջջային համարով զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա: Օրեր անց նորից զանգել է ու հայտնել՝ ռումբ կա «Մուրացան» հոսպիտալում, ապա օրեր անց ոստիկանությանը հայտնել է, թե ռումբ կա Բաղրամյան 26-ում: Մի քանի դրվագների համար պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սակայն 2015-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին, ով դատարանում հայտնել է, որ կեղծ զանգերի պատճառը իր վրա ուշադրություն բևեռելն է եղել, դատապարտել ազատազրկման։

«Իմ տղայի առողջությունը գնալով վատանում է, ձախ կողմը թուլանում է, ձեռքն ու ոտքը հազիվ է շարժում, գոնե թողեն գաղութից շուտ տուն գա, մենք նորից բուժումները, մասաժները շարունակենք»,- ասել է Սերգեյ Հակոբյանը՝ նշելով, որ որդուն արդեն 3 անգամ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել:

Ծնողների խոսքով, իրենք են հոգում նաև «Արմավիր» ՔԿՀ֊ում գտնվող Դավիթի սննդի հարցը, քանի որ վերջինս դիետիկ սնունդ պետք է ստանա, որը կալանավայրում չեն տալիս:

Նախկին պայմանագրային զինծառայողի մայրը դիմում է գրել նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպելու համար՝ ակնկալելով, որ միգուցե որդու առողջության հարցերը կկարողանա նրա օրոք լուծել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։