Home / Կանանց իրավունքներ / Կնոջը դանակի 30 հարվածով սպանելն առանձնակի դաժանություն չէ, վճռեց դատարանը

Կնոջը դանակի 30 հարվածով սպանելն առանձնակի դաժանություն չէ, վճռեց դատարանը

Վերաքննիչ դատարանն այսօր հաստատել է, որ 2015 թվականի սեպտեմբերին նախկին ամուսնու կողմից դանակի 30 հարված ստացած Հեղինե Դարբազյանի (լուսանկարում) սպանության մեջ առանձնակի դաժանություն չկա։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանն օգոստոսի 23-ին վճիռ էր կայացրել Դարբազյանի նախկին ամուսնուն՝ Արտակ Առաքելյանին դատապարտել 11,5 տարվա ազատազրկման՝ 104-րդ հոդվածի առաջին մասով (սպանություն)։

Տուժողի քրոջ, իրավահաջորդ Քրիստինե Դարբազյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ այն մեղմ համարելով։ Փաստաբանի խոսքով՝ դատարանը պետք է կիրառեր նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը (առանձնակի դաժանությամբ սպանություն), ինչը ենթադրում է 12-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

«Առանձին դաժանության վկայություն է հենց միայն վկաներից մեկի ցուցմունքը, որտեղ նա նկարագրում էր, որ Առաքելյանը նստել էր նրա վրա [Դարբազյանի] և, կոպիտ ասած, հանգիստ իր գործն էր անում։ Սա տանջանքի, խոշտանգման վկայություն է։ Դա պետք է դատարանի կողմից գնահատվեր առանձին դաժանության համատեքստում», – Epress.am-ի հետ զրույցում նշել է փաստաբանը։ Սաֆարյանի խոսքով՝ այս գործով իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։

Փաստաբանը նշել է, որ, բացի վճռաբեկ բողոքից, իրենք մեկ այլ բողոք են պատրաստվում ներկայացնել առաջին ատյանի դատարան։

«Այս դեպքում գործ կհարուցվի ընդդեմ Հայաստանի Հարապետության։ Այն հիմքով, որ Դարբազյանը մինչև սպանությունը մի քանի անգամ դիմել է ոստիկանություն և խնդրել է իրեն պաշտպանել Առաքելյանից։ Սակայն Դարբազյանը ոստիկանության անգործության հետևանքով նաև սպանվեց: Մեր պետությունը չի կարողացել այդ խնդիրը լուծել, հանցանք կատարող անձի հասարակական վտանգավորության աստիճանը չի կարողացել գնահատել», – ասել է փաստաբանը։