Home / Հայաստան / 2016-ին Հայաստանում համացանցային գրաքննության դեպքեր են արձանագրվել

2016-ին Հայաստանում համացանցային գրաքննության դեպքեր են արձանագրվել

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 14֊ին հրապարակել է Ինտերնետի ազատության 2016 թվականի զեկույցը՝ Հայաստանը 30 միավորով դասելով ազատ երկրների շարքում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետի ազատությունը հիմնականում չի սահմանափակվել, սակայն երկրի հավաքած ընդհանուր միավորը 2015 թվականի համեմատ (27 միավոր) մի փոքր անկում է ապրել քաղաքացիական անհնազանդություններն ուղիղ եթերում լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնության, ապրիլյան լարվածության ընթացքում խրախուսված ինքնագրաքննության, ինչպես նաև՝ սոցցանցերի կարճաժամկետ անհասանելիության պատճառով։

«Թեև հայաստանցիների՝ համացանցում արտահայտվելու ազատությունը, ընդհանուր առմամբ, սահմանափակված չի եղել, այդուհանդերձ, տարվա ընթացքում գրանցվել են գրաքննության մի քանի դեպքեր, որոնք համընկել են բռնության ու անհնազանդությունների շրջանների հետ։ Ֆեյսբուքը շուրջ 40 րոպե անհասանելի էր 2016 թվականի հուլիսին՝ [Սասնա ծռերի] ըմբոստության ընթացքում, մինչդեռ ապրիլին պաշտպանության նախարարության պաշտոնյաները օգտատերերին կոչ էին անում զերծ մնալ այնպիսի հրապարակումներից, որոնք կարող էին «պատերազմի գաղտնիքներ» փոխանցել հակառակորդին»,֊ ասված է զեկույցում։

Հեղինակները նաև անդրադարձել են հուլիսի 29֊ին ի աջակցություն «Սասնա ծռերի» տեղի ունեցած բողոքի ցույցին՝ նշելով, որ դրա ընթացքում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումները ուղիղ լուսաբանող 14 լրագրող ֆիզիկական բռնության է ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։

Ինչ վերաբերում է Հայաստանում ինտերնետին մատչումին, ապա զեկույցի համաձայն, այն վերջին տարիների ընթացքում շարունակաբար աճում է․ ինտերնետի ներթափանցման ցուցանիշը անցած տարի կազմել է ավելի քան 58 տոկոս։

Տարածաշրջանում, բացի Հայաստանից, ազատ է համարվել նաև Վրաստանը՝ 25 միավորով։ Ադրբեջանը 57 միավորով հայտնվել է մասամբ ազատների ցանկում, Թուրքիան (61) և Իրանը (87)՝ անազատների ցանկում։