Գլխավոր / Ազգային ժողով / Բանակում հրամանատարները վերցնում են զինվորներին հասանելիք ամսական 4000 դրամը․ պատգամավոր

Բանակում հրամանատարները վերցնում են զինվորներին հասանելիք ամսական 4000 դրամը․ պատգամավոր

Օրենք մուրացկանության մասին։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովի ամբիոնից այսպես է որակել արդեն մի քանի օր քննարկվող «1000 դրամների նախագիծը», որով առաջարկվում է Հայաստանում յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000 դրամ հատկացնել բանակին։

Պատգամավորը նշել է, որ, համաձայն օրենքի, նախագծի հիմնադրամը դրամական օգնություն չի ցուցաբերելու ոչ կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքներին։

«Իսկ ով գիտի՝ այդ դեպքերն ինչպես են տեղի ունենում։ 96 թվականից առ այսօր ունենք 950 դեպք, երբ մայրերը չգիտեն, թե ինչպես են տեղի ունեցել իրենց որդիների սպանությունները։ Գործեր կան, որ տարիներով անցնում են դատական ատյանները և ոչ մի պատասխան չկա, որտե՞ղ դիմեն այդ ծնողները», — իր ելույթում նշել է պատգամավորը։

Նա հիշել է, որ ամիսներ առաջ խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները դիմել էին Ազգային ժողով՝ խնդրելով իրենց երեխաների մահվան դեպքերի բացահայտման համար խորհրդարանում ստեղծվել հատուկ հանձնաժողով։

«Սակայն մերժեցիք», — դիմելով գործընկերներին՝ ասել է պատգամավորը։

Փոստանջյանը նշել է, որ այս նախագիծը ենթադրում է, որ գումար է հատկացվելու «ինչ-որ տեղի ունեցող ապագա իրադարձություններին» և գուցե, նշել է պատգամավորը, Վիգեն Սարգսյանն «իր համար բյուջե է ստեղծում»։

Պատգամավորը կոչ է արել դեմ քվեարկել նախագծին, իսկ հիմնադրամը բացել մի դեպքում՝ եթե բարձրաստիճան պաշտոնյաների կանայք իրենց միլիոնավոր դոլարների հասնող զարդերը տան այդ հիմնադրամին։

Փոստանջյանը նաև ասել է, որ ծառայության մեջ գտնվող զինվորներն ամսական 4000 դրամ պետք է ստանան, սակայն դա նրանց չի հասնում։

«Նրանք ուղղակի դրա դիմաց ստորագրում են և դրանք [գումարները] ստանում են նրանց հրամանատարները։ Դրա հետևանքով են նրանց հրամանատարները հարստացել։ Ես ունեմ ահազանգեր ծնողներից այդ հարցով, եկեք գնանք և տեսնենք, թե այդ ծնողները ինչպիսի փաթեթներ են ուղարկում իրենց երեխաներին։ Պարզեք՝ այդ «տուլիկ» հասկացությունը ինչպե՞ս է ուղարկվում ծնողների կողմից զինվորներին», — ասել է Փոստանջյանը։