Home / Հայաստան / Բյուջեի քննարկում․ վերջին 5 տարիներին Կառավարությունն իր ծրագրերը չի իրականացրել

Բյուջեի քննարկում․ վերջին 5 տարիներին Կառավարությունն իր ծրագրերը չի իրականացրել

Կառավարություն ներկայացրած 2017 թվականի պետական բյուջեի ծրագիրը` իր նպատակներով չի համապատասխանում ավելի վաղ ներկայացված Կառավարության ծրագրին։ Այս մասին այսօր ԱԺ֊ում բյուջեի քննարկման ընթացքում հայտարարել ԲՀԿ֊ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա ասել է՝ բյուջեն ընդամենը գոյատևման բյուջե է, քանի որ 3.2 տոկոս տնտեսական աճ խոստանալը քիչ է։ Մելքումյանի խոսքով՝ Կառավարությունը խոստանում է բյուջեի մուտքերը 24 միլիարդ դրամով ավելացնել՝ օրենսդրական փոփոխություններով ու վարչարարությամբ, սակայն չի պայքարում ստվերի դեմ, քանի որ խուսափում է ստվերի հասցեները մատնանշելուց, իսկ «անհասցե ստվերի դեմ չեն կարողանում պայքարել»։

Նա բերել է կաթնամթերքի ոլորտում գործող ընկերություններից մեկի օրինակը (նկատի ուներ վերջին օրերին «Աշտարակ կաթ»֊ի գործունեության դադարեցումը֊խմբ․)։

«Դուք ուղղակի կողքից դիտում եք, թե ոնց է այդ բիզնեսներում կատարվում սեփականությունների վերաբաշխում և մոնոպոլիզացիա։ Պատկերացնում եք, որ կաթի շուկայում 80 տոկոսը մի խաղացողինը լինի։ Դուք [կողքից] դիտելու ե՞ք․․․ Ո՞նց եք պատկերացնում՝ փոքր երկրում որտեղ ամեն ինչ նստած է տրանսֆերտների վրա, որտեղ մենք ունենք 840 միլիոն դոլարի տրանսֆերտների կրճատում։ 3.2 տոկոս աճն ընդամենը գոյատևման աճ ա», ֊ ասել է պատգամավորը։

Նա ընդգծել է` Կառավարությունը վերջին 5 տարիներին երբեք չի իրականացրել իր ծրագրերը․ «Դուք պետք է ստեղծեիք 100 հազար ոչ գյուղատնտեսական բնույթի աշխատատեղ մարզերում, դուք պետք է ստեղծեիք 50 հազար փոքր֊միջին ձեռնարկություններ, չեք արել, դուք պետք է ստեղծեիք 70 հազար աշխատատեղեր»։

Լուսանկարը՝ araratnews.am