Home / Հայաստան / Հայաստանում հարկ մուծողը քչանում է, պետական ապարատը՝ ուռճացվում

Հայաստանում հարկ մուծողը քչանում է, պետական ապարատը՝ ուռճացվում

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում քննադատել է Կառավարությանը՝ տարեցտարի պետական ապարատի ծախսերը մեծացնելու, ինչպես նաև այլ կարևոր հարցեր, օրինակ, մանրածախ առևտրի կրճատումն անտեսելու համար։

«Մինչև 1998 թիվը եղել է համեստ պետական ապառատ․ ԱԺ֊ն ուներ 260 պատգամավոր, յուրաքանչյուր պատգամավորին սպասարկում էր մեկ հոգի։ Գնալով պատգամավորների թիվը կրճատվել է, ապարատը դարձել է 810֊ը։ Պրեզիդենտականն ուներ 130 աշխատող, հիմա ունի 417։ Երեք անգամ պետական ապարատն ուռճացել է, ուռճացել են նաև էդ մարդկանց պահպանման ծախսերը, աշխատավարձերը։ Գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների թվերը․ 2010 թվականին բյուջետային ֆինանսավորումը եղել է 12 միլիարդ դրամ, եկող տարվա համար դուք նախատեսել եք 23 միլիարդ դրամ»,֊ 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է Մանուկյանը։

Նա վստահեցրել է, որ չի խնդրում կրճատել պետական աշխատողներին, մղել նրանց արտագաղթի։

«Դուք պետք է գնաք այլ ճանապարհով, մուտքերն ավելացնելով։ էս մարդիկ կան, ավելանում են, կերակրողը, հարկ մուծողը քչանում է։ Ամեն ամիս համարյա 4 տոկոսով մանր առևտրաշրջանառությունը պակասում է։ Վերջին 22 ամսվա ընթացքում մանր առևտրի շրջանառությունը միայն նվազում է արձանագրում։ Սա է մեր մարտահրավերը»,֊ ասել է Արամ Մանուկյանը։