Home / Հայաստան / Վաշխառության զոհ ենք, պնդում էին Կառավարության դիմաց հավաքված մոտ մեկ տասնյակ մարդիկ

Վաշխառության զոհ ենք, պնդում էին Կառավարության դիմաց հավաքված մոտ մեկ տասնյակ մարդիկ

Այսօր ՀՀ կառավարության դիմաց հավաքված մոտ մեկ տասնյակ մարդիկ պնդում էին, որ տուժել են քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանի վաշխառուական գործունեությունից։

Քաջազնունի փողոցում բնակվող Հայկանուշ Հովակիմյանը, մասնավորապես, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ խաբեությամբ կեղծ գործարք է կատարվել նոտարական գրասենյակում, որից հետո Տիգրան Մարտիրոսյանը և ոստիկանության մայոր Ռաֆիկ Վարդանյանը իրենցից խլել են բնակարանը։ Կնոջ խոսքով՝ ինքը Մարտիրոսյանի հետ պայմանավորվել է տոկոսով գումար վերցնել՝ փոխարենը գրավ դնելով իր բնակարանը։ Նոտարական գրասենյակում, սակայն, գրավադրման փոխարեն առքուվաճառք են ձևակերպել, իսկ ինքը առանց գիտենալու ստորագրել է թղթերը։

«Գրավի փոխարեն առք ու վաճառք են արել ու նոտարում իմ աղջկան, ում անունով եղել է մեր բնակարանը, ոչ մի կոպեկ չեն տվել։ Այժմ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննություն է գնում մեր խնդրի վերաբերյալ, սակայն գործով քննիչը նույնպես կապված է ոստիկան Վարդանյանի հետ ու ամեն կերպ փորձում են արդարացնել նրան։ Մի քանի անգամ վերացրել են բողոքը, բայց հետո դատախազության գրությամբ վերաբացում այն», – ասել է Հայկանուշ Հովակիմյանը։

Մյուս հավաքվածները նույնպես նշում էին, որ Տիգրան Մարտիրոսյանի գործունեության զոհ են դարձել։ Նրանց խոսքով՝ վերջինս նախկինում դատապարտվել է վաշխառության համար, սակայն համաներմամբ ազատվել պատժի կրումից: Հարցին, թե ինչ մասնագիտություն ունի կամ որտեղ է աշխատում Մարտիրոսյանը, Հովակիմյանը պատասխանել է՝ տոկոսով փող տվող է։

Կառավարության շենքի դիմաց հավաքվածներն ասում էին, որ ցանկանում են պետական մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։

Նույն քաղաքացիները երեկ բողոքի ակցիա են անցկացրել նաև Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի մոտ։ Ակցիայից մանրամասներ էր ներկայացրել 1in.am կայքը։