Home / Բանտ / Արարատ Խանդոյանի խցի կոտրված պատուհանը փոխել են միայն ՄԻՊ գրասնեյակի անդամների այցելությունից հետո

Արարատ Խանդոյանի խցի կոտրված պատուհանը փոխել են միայն ՄԻՊ գրասնեյակի անդամների այցելությունից հետո

Նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի խուց, որից հետո հայտարարել են, որ նրա խցի պատուհանը կոտրված է և կոտրված հատվածը Խանդոյանը բարձով է փակել: ՄԻՊ-ի ներկայացուցիչների կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո միայն Խանդոյանի խցի պատուհանը փոխել են և տարածքը սկսել ջեռուցել։

Epress.am-ի հետ զրույցում Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշել է, որ, չնայած լուծվել է խցի ջեռուցման խնդիրը, այնուամենայնիվ, իրենք բողոք են ներկայացրել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն և օմբուդսմենի գրասենյակ՝ պահանջելով, որ խնդրի շուրջ ծառայողական քննություն անցկացվի։

«Մենք պահանջել ենք, որ պարզվի, թե ինչու ՔԿՀ-ում կան նման խցեր, դրանից բացի, ինչու են Խանդոյանին նման խուց տեղափոխել, որովհետև նրա փոխարեն կարող էր այլ դատապարտյալ լինել, ում խնդիրները չեն բարձրաձայնվում, և ոչ ոք չէր իմանա նման անմարդկային վերաբերմունքի մասին», – ասել է Արա Ղարագյոզյանը։

Նշենք, որ Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին, երբ Խորենացի փողոցում հավաք էր անցկացվել՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի։ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):

Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։ Նրա հարազատները համոզված են, որ նրան ձերբակալել են միայն այն պատճառով, որ Արայիկ Խանդոյանի բարեկամն է։