Home / Մարզեր / Գյուղի դպրոցը խոստացել էին բացել հոկտեմբերին. դասերը մինչ օրս վթարային շենքում են անցկացվում

Գյուղի դպրոցը խոստացել էին բացել հոկտեմբերին. դասերը մինչ օրս վթարային շենքում են անցկացվում

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի նորակառույց դպրոցը դեռ շահագործման չի հանձնվել, չնայած սեպտեմբերի 27-ին դասադուլ կազմակերպած աշակերտներին խոստացել էին, որ դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 10-ը։

Սեպտեմբերին դասադուլի դուրս եկած աշակերտները և ուսուցիչները հրաժարվել էին հաճախել գյուղի 4-րդ կարգի վթարային շենքում գտնվող դպրոցը՝ պնդելով, որ իրենք կորցնում են իրենց առողջությունը։ Դպրոցականները նշել էին, որ իրենցից շատերը հիվանդանոցներ են ընկնում՝ դպրոցում ձեռք բերված հիվանդությունների պատճառով։ Աշակերտները ընդգծում էին, որ դպրոցի դասասենյակների հատակներին բացված անցքեր կան, որտեղ պարբերաբար մարդիկ են ընկնում, բացի դա, գոյություն ունի ջեռուցման խնդիր։

Դասադուլի օրերին Hetq.am-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը դպրոցի ուսուցիչներին դասադուլը դադարեցնելու կոչ է անում․ «Նախագահին զեկուցվել էր էս ամեն ինչը, ու իրա խնդրանքն էր, որ խնդրում եմ՝ տասը օր համբերեք մինչև վերջացնեն․․․ հիմի ես էլ ձեզ՝ որպես ուսուցիչների, ձեզ եմ խնդրում, արեք, հարգենք մեր վերադասի խոսքը, դուք կարաք, երեխեն ի՞նչ է, երեխեքն պլաստիլինի պես մի բան է, ուզենաս ջրի կաթիլ կսարքես, կուզես՝ կսարքես սուր»։

Բանակցություններից հետո աշակերտներն ու ուսուցիչները համաձայնել էին վերսկսել դասերը։ Մինչ օրս, սակայն, նոր շենքը չի հանձնվել շահագործման։

Այսօր Epress.am-ի հետ զրույցում Դավայանը նշել է, որ դպրոցի շենքի ուսումնասկան մասը լրիվ պատրաստ է, իսկ մարզադահլիճը կկառուցվի եկող տարի։ Չինովնիկի խոսքով՝ դպրոցում այժմ կահավորման խնդիր կա․ «Սպասում ենք կահավորում անել, որ հատակները չխազվի»։

Մարզպետարանից, այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում չեն հստակեցրել, թե երբ կլուծվի գույքի խնդիրը և դասերը կտեղափոխվեն նորակառույց դպրոց։

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վարդան Եղիազարյանը դեռևս սեպեմբերին դասադուլի ժամանակ բարձրացրել էր դպրոցի ջեռուցման խնդիրը՝ նշելով, որ տարիների ընթացքում հնարավորություն չունեն սենյակները ջեռուցելու․ «5-րդ ժամից նավթը վերջանում է, երեխեն ինչպե՞ս նստի էդ ցրտին: Կամ հեռվից, ցրտից եկող աշակերտը ինչպե՞ս տաքանա, դու քո կաբինետում տաք նստում ես»,- ասել էր Եղիազարյանը դպրոցի տնօրենին:

Epress.am-ի հետ զրույցում Վարդենիսի գյուղապետ Կամո Պետրոսյանն ասել է, որ այժմ դպրոցի դասասենյակները ջեռուցվում են․ «Հին դպրոցում սալյարկան ենք վառում, մեր բախտից էլ եղանակը տաք է։ Մարզպետի մոտ էի ես նոր, ասում ա՝ մենք հետաքրքրվում ենք գույքի համար, որևէ խնդիր չկա»։