Գլխավոր / Բանակ / Բարոյականի և սոցիալականի միջև․ #_1000 դրամ

Բարոյականի և սոցիալականի միջև․ #_1000 դրամ

Նոյեմբերի 20-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում անանուն հեղինակ(ներ)ի «ՏՂԵՍ ԶՈՀՎԵՑ, ՎԱՐԿԵՐՍ ՓԱԿԵՑԻ, #_1000 ԴՐԱՄ» գրաֆիթիի լուսանկարները տեղի տվեցին բազում քննարկումների ու հակասական մեկնաբանությունների։ Սա էլ հենց առիթն է այս հոդվածի, որտեղ կփորձեմ նախ անդրադառնալ տեքստի բուն ուղերձներին, այնուհետև ի մի բերել ֆեյսբուքյան քննարկումների քննադատական շրջանակը և ի վերջո ներկայացնել այն դիտակետը, որտեղից մեր առջև կբացվեն հայկական հասարակական խնդիրների առավել նուրբ շերտեր։

Տեքստի առաջին հատվածը՝ «ՏՂԵՍ ԶՈՀՎԵՑ․․․», մատնացույց է անում առայսօր չհանգուցալուծված պատերազմի մարդկային զոհերին։ «․․․ՎԱՐԿԵՐՍ ՓԱԿԵՑԻ․․․» հատվածը հղում է սահմանին կանգնած զինվորների ընտանիքների սոցիալական ծանր վիճակին և բանկերից ֆինանսական այն կախվածությանը, որի զոհ են այդ ընտանիքներից շատերը։ Վերջին «․․․ #_1000 ԴՐԱՄ»-ը առաջին երկու հատվածը կապում է վերջերս հաստատված զինծառայողների կյանքի կամ առողջության ապահովագրման ծրագրի հետ, որի նպատակահարմարության շուրջ թեժ բանավեճերը օրեր շարունակ հանրային օրակարգի հիմնական նյութն էին։ Հավանաբար գրաֆիթին այդչափ աղմուկ չհաներ, եթե տեքստը չխոսեր որդեկորույս ծնողի անունից։ Խոսում է ինքը՝ ցավի ենթական, ով մահվան անդառնալի կորուստը դարձնում է առիթ՝ խոսելու մարդկային զոհերի ու անլուծելի սոցիալական խնդիրների մասին։

Ոմանք որդեկորույս ծնողին վերագրված այս խոսքերը համարեցին ծնողի ցավի նկատմամբ անարգանք և բարոյական չափանիշների ոտնահարում՝ նշելով, որ ամենածանր ֆինանսական վիճակում որդու կորստի կողքին սոցիալական խնդիրներն այն աստիճան երկրորդական են թվում, որ ծնողը չի կարող խոսել դրանց մասին, առավել ևս չի կարող բարձրաձայնել որդու մահվան գնով թեթևացած իր ֆինանսական վիճակի մասին։ Ոմանք դիմեցին այլ մեթոդի․ գրաֆիթին որակվեց գրանտային պատվերի արդյունք։ Սա մեզանում տարածված թերևս ամենադյուրին ու մակերեսային այն մոտեցումն է, որով հաճախ արձագանքում ենք դժվարըմբռնելի և հակասական երևույթներին ու իրադարձություններին։ Դյուրին տրվող պիտակը գալիս է փոխարինելու անհասկանալին հասկանալու և ճանաչելու հետևողական ջանքերին։ Դժգոհությունների շարքը թերևս լիներ թերի՝ առանց ավանդական դարձած դավադրապաշտական այն վարկածի, որի համաձայն գրաֆիթին իշխանական պատվեր էր, ինչը նպատակ ուներ վարկաբեկելու ապահովագրման ծրագրի տարատեսակ քննադատությունները։ Վերջապես դժգոհությունների շրջանակն ամբողջանում և մեր առջև հառնում է իր ողջ հմայքով, երբ հիշում ենք սիրտ հովացնող հայհոյանքների բարձրակոչ այն շարանը, որն այնքան «մեծահոգի» էր իր հասցեատերերի հանդեպ։

grafiti1

Տեքստից դժգոհողներն ու այն քննադատողները ներկայացնում էին շատ տարբեր խմբեր ու անհատներ։ Նրանցից ոմանք ապահովագրման ծրագրի կրքոտ քննադատների շարքում էին, ովքեր այս պարագայում, սակայն, համարում էին, որ գրաֆիթիի տեքստը լավագույն եղանակը չէր այս խնդիրներից խոսելու։ Անկախ նրանից, թե քննադատության ինչպիսի դիրքից էին հանդես գալիս նրանք, մի բան, կարծես, միավորում էր բոլորին․ տեքստը սադրում էր՝ անցնելով բարոյապես թույլատրելիի հնարավոր սահմանները։

Ֆեյսբուքում քիչ չէին նաև նրանք, ովքեր միանգամայն դրական էին արձագանքում տեքստը պատկերող լուսանկարներին՝ տարածելով և երբեմն, ի պաշտպանություն տեքստի, մտնելով թեժ բանավեճերի մեջ դրանից վրդովված ֆեյսբուքյան օգտատերերի հետ։ Գրաֆիթիի պաշտպանները, այդ թվում հենց ինքը՝ անանուն հեղինակ(ներ)ը, ապահովագրման ծրագրի քննադատներն էին և տեքստը պաշպանելու համար գլխավորապես դիմում էին այն նույն փաստարկներին, որով քննադատում էին ձախողված քաղաքականությունների և պատերազմի հետնախորքին մշակված ապահովագրման ծրագիրը։ Ավելին, ոմանք պնդում էին, որ այն գրված է հեգնանքով և նպատակ ունի ցույց տալ, որ ոչ մի ֆինանսական օգնություն չի կարող թեթևացնել ծնողի կորստի ցավը։ Հնչում էին նաև կարծիքներ, որ տեքստը արտահայտում էր ոչ թե որդեկորույս ծնողի, այլ ստեղծված դրության համար պատասխանատու պաշտոնյաների վերաբերմունքը։ Պաշտպանների մեծ մասը այս կամ այն կերպ ընդունում էր, որ այս միտքը չի կարող պատկանել ծնողին ու այն օգտագործում էր իբրև առիթ՝ վերստին խոսելու ապահովագրման ծրագրի խնդիրներից։

Հարց է առաջանում՝ հնարավո՞ր է արդյոք, որ գրաֆիթին որսացել է ավելի մեծ ճշմարտություն՝ զանցելով բարոյական արգելքներն ու հարցադրելով անցանկալի ճշմարտությանը արձագանքելու մեր ավանդական եղանակները։ Տեքստն ի՞նչ կհաղորդեր, եթե աչք չփակեինք կամ չխլացնեինք այն ֆեյսբուքյան քննադատությունների ու հայհոյանքների աղմուկում, չխեղաթյուրեինք՝ դիմելով հեգնանքին ու անպատասխանտու պաշտոնյայի կերպարին։ Եթե թույլ տայինք, որ տեքստը խոսեր ծնողի բերանով ու խիզախեինք ականջալուր լինել նրա ճշմարտությանը, ի՞նչ կպարզեինք մեր դրության մասին, ծնողի մասին, ում այդպես ջանասիրաբար փորձում ենք պաշտպանել և վերջիվերջո ինքերս մեր մասին, երբ այդպես ջանասիրաբար փորձում ենք պաշտպանել։

Մի կողմ թողնելով ապահովագրման ծրագրի գումարների մսխման վտանգները, որոնք իրենց հիմքում ունեն կոռուպցիայի այն արատավոր գործելակերպերը, որոնցով տարիներ շարունակ յուրացվել է պետական բյուջեն, այդ թվում՝ բանակին հատկացվող գումարները, չանդրադառնալով նաև մասնավոր սեփականության իրավունքի խախտմանը, կամավոր օգնության սկզբունքը «պատադիր» դարձնելուն և այս ծրագրի հետ կապված բազում այլ խնդիրների, խոսենք թերևս ամենամտահոգիչ խնդրի մասին։ Այս ծրագրով պատերազմը դիտվում է իբրև ինքնին գոյություն ունեցող, օդից մեր գլխին ընկած աղետ։ Ծրագիրը կանխադրում և վերահաստատում է մշտընթաց, առնվազն ոչ մոտ, ոչ էլ հեռու ապագայում չլուծվող պատերազմ և մահվան վտանգ։ Պատերազմի անընդհատությունը չի դիտվում իշխանություն ունեցող քաղաքական ուժերի տարիներ շարունակ ձախողած քաղաքականությունների հետևանք, ուժեր, որոնք ամեն անգամ ստանձնելով ազգային անվտանգությունն ապահովելու, մարդու համար բարեկեցիկ ու երջանիկ կյանքի պայմաններ ստեղծելու պատասխանատվություն՝ ձախողել և ձախողում են իրենց իսկ ստանձնած պարտավորությունները։

Եթե հաշվի առնենք, որ քաղաքական ու տնտեսական լծակները յուրացրած հասարակախմբերի զավակներին հաջողվում է խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, պարզ է դառնում, որ բանակում և հատկապես առաջնագծում ծառայող զինվորները գլխավորապես համեստ եկամուտներով, անապահով կամ աղքատ ընտանիքների զավակներ են։ Բնական մահը, որ կարծես հավասարապես բարեհոգի պիտի գտնվեր բոլորի հանդեպ, պատերազմի պայմաններում լավագույնս է դրսևորում մարդկային մշակույթով պայմանավորված իր ընտրողականությունն, անհավասարությունն ու անարդարությունը։ Պատերազմի մահն այլևս ունիվերսալ չէ, այն բոլորի մահը չէ, այլ՝ աղքատինը, անապահովինը, խեղճինը։ Սահմանը պահում ու զոհվում են ամենախոցելիները՝ պաշտպանելով բոլորին, ներառյալ՝ քաղաքական ու տնտեսական արտոնություններ վայելողներին ու նրանց զավակներին։ Եվ ապրիլյան պատերազմը լավագույնս բացահայտեց այս ճշմարտությունը։

Գաղտնիք չէ, որ ոչ մի քաղաքական ուժ ցայսօր ի զորու չի եղել լուծելու այս խնդիրը։ Եվ ոչ միայն ունակ չի եղել լուծելու, այլև չի ստեղծել պայմաններ՝ խնդրի լուծմանը մոտենալու համար։ Վերջին տարիների ընթացքում քայքայվել ու վատնվել են լուծման հնարավորության, ըստ էության, բոլոր պայմանները։ Ուրեմն ինչ է անում այս անարդար մահերի համար պատասխանատու քաղաքական ուժն հիմա՞։ Փորձում է թեթևացնել զոհված զինվորների ընտանիքների ֆինանսական բե՞ռը, բեռ, որի պատասխանատվությունը նույնպես ընկնում է նրա ձախողած քաղաքականությունների վրա, և ինչը թեթևացնելու համար ապրիլյան պատերազմի ժամանակ հանրությունը լիուլի դրսևորեց օգնելու և սատար կանգնելու իր պատրաստակամությունը։ Ուրեմն ձախողած քաղաքական ուժն հիմա փորձում է ինստիտուցիոնալացնել հանրության` անարդար մահերին արձագանքելու, օգնելու և սատարելու ներուժը, փորձում է վերահսկել այն՝ մտցնելով ձախողած քաղաքականությունների իր տիրույթը։ Արդարության մեր հանրային նկրտումները՝ դառնում են ինստիտուցիոնալ անարդարության մաս։

Ի՞նչ է սա նշանակում որդեկորույս ծնողի համար գործնականում: Մի կողմից զոհված որդի, որի մահը ներկայացվում է իբրև անխուսափելի, քանի որ կա սահմանը պաշտպանելու հրամայական, անվտանգության հարց, ընտանիքը, հարազատներին ու ընկերներին պաշտպանելու խնդիր։ Եվ, իրավամբ, ներկա քաղաքական դրության պայմաններում այդ մահը կա և լինելու է անխուսափելի, քանի դեռ այս պայմանները մնում են անփոփոխ։ Մյուս կողմից որդեկորույս ծնողն ապրում է սոցիալական ծայրահեղ պայմաններում և ապահովագրման ծրագրի գումարը, ուզենք, թե չուզենք, հերքենք, թե չհերքենք, գալիս է թեթևացնելու որդեկորույս ընտանիքների ֆինանսական բեռը։ Պետական պաշտոնյան իր քաղաքական ձախողման մեղքի համար վճարում է մի գումար, որի կարիքն օդ ու ջրի պես զգում են այդ ընտանիքները։ Դրանով նա իրեն ոչ միայն ազատում է իր բաժին մեղքից, այլև ձգտում է խեղդել ծնողի արդարացի ցասումն ու բողոքը։ Այսպիսով որդու մահվան քաղաքական պատասխանատուն ազատում է իրեն իր բաժին մեղքից՝ ստեղծելով պայմաններ, որ որդեկորույս ծնողը հայտնվի իր ծնողական զգացումների և ապահովագրման ծրագրով իր սոցիալական սուր կարիքները թեթևացնելու հնարավորության միջև լուրջ հակասության և դրանից բխող մեղքի զգացողության առաջ:

Եվ հարցն այստեղ բոլորովին այն չէ՝ ծնողի մտքով կանցնի այդ միտքը, թե՝ ոչ, կամ թե ամեն անգամ անցնելիս ինչպիսի ջանքերի շնորհիվ նա կխեղդի դրա ծիլերը, որպեսզի կարողանա շարունակել ապրել իր ծնողական զգացումներին հավատարիմ։ Խնդիրն այն է, որ ստեղծվում են որդեկորույս ծնողի հոգեբանությունը պառակտող դրության օբեյկտիվ պայմաններ՝ թողնելով ծնողին կորստի ցավին, սոցիալական կարիքներին և բարոյական պարտադրանքներին դեմ հանդիման։ Ծնողի անունից գրված գրաֆիթին բացահայտում է այն խեղված դրությունը, որտեղ ծնողական պարտավորության տեսակետից այդ սահմռկեցուցիչ միտքը կարող է անցնել հենց իր՝ ծնողի մտքով։ Այս տեսանկյունից նաև պատահական չէ, որ շատ քննադատների կարծիքով գրաֆիթին սադրում է՝ անցնելով թույլատրելիի սահմանը։ Թերևս սա այն եզակի գրաֆիթիներից է, որը պատերից քերելու և ջնջելու քաղաքային իշխանությունների ջանքերը շատերը կգնահատեն։

ռուզաննա գրիգորյան

Նվիրում եմ անանուն հեղինակ(ներ)ին