Home / Հայաստան / Հաշվետվություն՝ տարին երկու անգամ․ ՀԿ֊ները քննադատում են «Կուսակցությունների մասին» նոր օրենքը

Հաշվետվություն՝ տարին երկու անգամ․ ՀԿ֊ները քննադատում են «Կուսակցությունների մասին» նոր օրենքը

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը Կառավարության առաջարկով առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ֊ի կողմից, խնդրահարույց կարգավորումներ է պարունակում կուսակցությունների ներսում ժողովրդավարական սկզբունքների ապահովման և կուսակցությունների միջև հավասար մրցակցության խթանման տեսանկյունից: Այս մասին հայտարարություն են տարածել 14 հասարակական կազմակերպություններ։

ՀԿ֊ները հանրության և Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունն են հրավիրում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետևյալ խնդիրներին և դրանցից բխող առաջարկներին.

– Օրենքով պետք է ամրագրվի այն գաղափարախոսությունների արգելքը, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը և ժողովրդավարության ոգուն:

– Նախագծի մեջ անհրաժեշտ է վերականգնել գործող օրենքի այն դրույթը, համաձայն որի կուսակցություններին արգելվում է ՀՀ տարածքային ամբողջականության բռնի փոփոխության, զինված կազմավորումների ստեղծման, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքման, բռնության և պատերազմի քարոզումը:

– Ընտրություններին կուսակցությունների կողմից թեկնածուների առաջադրումը պետք է կատարվի կուսակցության համագումարում ժողովրդավարական, թափանցիկ և մասնակցային գործընթացի միջոցով: Ընդ որում, կուսակցության յուրաքանչյուր անդամ պետք է հնարավորություն ունենա առաջադրվելու՝ որպես կուսակցության թեկնածու, և հնարավորություն ունենա ծանոթանալու և կարծիք հայտնելու թեկնածուների ներկայացված ցուցակի վերաբերյալ:

– Օրենքը պետք է ամբողջությամբ արգելի կանխիկ նվիրատվությունները, բոլոր նվիրատվությունները պետք է փոխանցվեն միայն այն բանկային հաշվին, որի մասին նախօրոք տեղեկացվել է կուսակցությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը:

– Կուսակցությունները պետք է տարին երկու անգամ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին և հանրությանը ներկայացնեն հաշվետվություններ ստացված նվիրատվությունների վերաբերյալ: Կուսակցության ֆինանսական հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն նկարագրություն կատարված ծախսերի ուղղությունների և նպատակների վերաբերյալ:

– Ներդնել պետական աջակցության տրամադրման նախընտրական համակարգ՝ խթանելու համար կուսակցությունների միջև հավասար մրցավազքը նախընտրական քարոզարշավի փուլից:

– Կուսակցություններին տրամադրվող պետական աջակցությունը պետք է հասանելի լինի որոշակի նախապայմաններին համապատասխանող կուսակցությունների համար, որոնք, մասնավորապես՝ ունեն ժողովրդավարական կառուցվածք, խթանում են կանանց մասնակցությունը կուսակցության գործունեության մեջ, ունեն թեկնածուների առաջադրման թափանցիկ ընթացակարգ:

– Անհրաժեշտ է ապահովել անկախ վերահսկողություն կուսակցությունների գործունեության նկատմամբ՝ համապատասխան պետական մարմնին փոխանցելով արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներ ու լիազորություններ:

– Օրենքով պետք է ամրագրել կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների կամ նվիրատվությունների (in-kind donations) վերաբերյալ կուսակցության կողմից առանձին հաշվետվություն ներկայացնելու պահանջ:

– Օրենքով պետք է սահմանվի կուսակցության կանոնադրությունում կուսակցության գաղափարախոսությունը նշելու վերաբերյալ պահանջ:

– Ընտրությունների համար կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները պետք է համապատասխանեն օրենքով նախատեսված որոշակի չափանիշների, որոնց կատարմանը պետք է հետևի կուսակցության ներքին վերահսկողություն իրականացնող մարմինը:

– Օրենքով պետք է նախատեսել կուսակցության որոշումների բողոքարկման ներկուսակցական մեխանիզմ, ինչպես նաև պատշաճ կարգավորել կուսակցության անդամների կողմից կուսակցության որոշումների դատական կարգով բողոքարկումը:

– Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներում ներդնել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացվածության քվոտաներ:

– Հստակ կարգավորել կուսակցության գործունեության արգելման կամ կասեցման հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորների 1/3 կամ 3/5 և այլն:

Հայտարարության տակ ստորագրել են․

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Հանրային տեղեկատություն և գիտելիքի կարիք ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Խորան Արդ ՀԿ