Home / Հայաստան / «Նաիրիտի» նախկին աշխատակիցները դժգոհ են գործարանը սնանկ ճանաչելու դատարանի որոշումից

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները դժգոհ են գործարանը սնանկ ճանաչելու դատարանի որոշումից

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 28-ին բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության դիմումը, որով վերջինս պահանջել էր սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն: «Նաիրիտը» ՀԷՑ֊ին կուտակած պարտքեր ունի։ Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին ՀՀ կառավարության դիմացն էին և պահանջում էին հանդիպում կազմակերպել Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Բողոքողները դժգոհ են դատարանի որոշումից. նրանք վստահ են, որ այսկերպ բացառվում է «Նաիրիտը» վերագործարկելու հնարավորությունը։

Գործարանի նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ դատական նիստը պետք է կայանար 2017 թվականի հունվարի 25-ին, սակայն անհասկանալի պատճառներով այն արագացվել է և կայացել է նոյեմբերի 28-ին։

«Մի քիչ թևաթափ եղանք դատարանի նման որոշումից։ Չէինք սպասում դրան, ու հնարավորինս գաղտնի արեցին դա։ Նիստը միտումնավոր արագ է անցկացվել, որ մենք չկարողանանք ներկա գտնվել դրան, որովհետև բոլոր նիստերին մենք մասնակցում էին, և մեր ներկայությունը դատավորին խանգարում էր նման որոշում կայացնել»։

Նաիրիտցիները համոզված են, որ նման որոշումը ոչ մի լավ բանի չի տանելու։

«Մենք չգիտենք, թե իրենք ինչին են այս քայլերով ուզում տանել, բայց կարծում եմ դա լավ բանի չի բերելու։ Մենք այս որոշումից հետո էլ խոսել ենք ներդնող EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ղեկավարող գործարար Աշոտ Գրիգորյանի հետ և նա դեռ պատրաստ է առաջարկած ծրագիրն իրականացնել»,-ասել է Կարինե Շահվերդյանը:

Նշենք, որ Գրիգորյանը պատրաստակամություն էր հայտնել գործարանն իրենց հանձնելու պարագայում 20 միլիոն դոլարի ներդրում անել։