Գլխավոր / Բնապահպանություն / «Ամերիան ինչ ա՞ ․․․»․ ակցիա՝ Ամուլսարի հանքի համար վարկ տվող բանկի դեմ

«Ամերիան ինչ ա՞ ․․․»․ ակցիա՝ Ամուլսարի հանքի համար վարկ տվող բանկի դեմ

Ամուլսարի հանքի շահագործման համար վարկ տրամադրած «Ամերիա» բանկի դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացրել բնապահպան ակտիվիստները։ «Ամերիա» բանկի ղեկավարությունը խնդրում էր ակցիայի մասնկիցներին չփակել բանկի մուտքը, չխանգարել բանկի «բնականոն աշխատանքը»՝ այլապես սպառնալով կանչել ոստիկանների, իսկ լրագրողներին՝ չնկարել բանկը և բանկի աշխատողներին։

«Ամերիան ինչ ա՞, ախմախ բանկ ա» վանկարկում էին բողոքի կացիայի մասնակիցները և հորդորում բոլոր անցորդներին միանալ բոյկոտին և, ի նշան բողոքի, փակել իրենց հաշիվներն այդ բանկում, եթե հաշիվ ունեն։

1amulsarprotest

Այսօր բանկում իր հաշիվը փակեց նաև ակցիայի կազմակերպիչներից մեկը, «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։ Որպես այդ որոշման պատճառ նա նշել է․ «Քանի որ «Ամերիան» ֆինանսավորում է Ամուլսարում հանքի շահագործումը»։

Գալստյանը հիշեցրել է, որ Ամուլսարի հանքը շահագործում է օֆշորային «Լիդիան» ընկերությունը, ով ունի միջազգային բանկերից ներդրողներ։

«Քանի որ արդեն հայկական բանկ է միացել ֆինանսավորմանը, մենք ավելի ակտիվ լինելու տեղ ունենք»,֊ ասել է Գալստյանը։ Նա նկատել է, որ «Ամերիա» բանկի հիմնադիրներից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, աջակցում է բնապահպանական ծրագրերի, օրինակ, էկոգյուղեր ստեղծելուն, կամ այլ սոցիալական ծրագրերի, բայց այժմ ֆինանսավորում է բնապահպանական առումով այդքան վտանգավոր ոսկու հանքի շահագործումը։

«Պատկերացրեք՝ Սևանը լիճն աղտոտվում է ծանր մետաղներով, Հրազդանով գալիս են Արարատյան դաշտ, ու մտնում մեր սննդի մեջ՝ միրգ ու բանջարեղեն։ Երկրորդը՝ ցիանիդի օգտագործմամբ ոսկու ֆաբրիկան՝ սահմանից 35 կմ հեռու, էկոռումբ է Հայաստանի գլխին։ Մի թեթև համազարկ և ցինանիդը լցվելու է Արփա գետը, այդտեղ լինելու է տարեկան 1000 տոննա ցիանիդ։ Չեմ ուզում անգամ նկարագրել, թե ինչ կլինի այդ դեպքում»,֊ ասել է բնապահպան Ապրես Զոհրաբյանը։