Home / Հայաստան / Գյուղացին փոխնախարարին․ Դուք կաշառք չե՞ք վերցրել

Գյուղացին փոխնախարարին․ Դուք կաշառք չե՞ք վերցրել

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներն այսօր առավոտից հերթական անգամ եկել էին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելու համար մեկ տարուց ավել չվճարված պարտքերը։ Նորանշանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը արդեն հասցրել է միանալ քաղցրաշենցիների խաբած պաշտոնյաներին․ նա խոստացել էր, որ 2015֊ին մթերված խաղողի դիմաց գումարները կմարվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը։

«Էսօր արդեն ամսի 8-ն ա, բայց մեզ փող տվող չկա։ Մեզ արդեն մեկ ու կես տարի խաբում են, ու ինչ էլ հիմա ասեն, մենք չենք հավատալու։ Հիմա ուզում ենք միայն վարչապետին հանդիպենք ու մեզ հստակ պատասխանեն, թե երբ պետք է ստանանք մեր գումարները», – Epress.am-ի հետ զրույցում ասել է խաղողագործ Զորիկ Սմբատյանը։

Հավաքվածներին մոտեցել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ով խաղողագործներին վստահեցրել է, որ նախորդ գործարքը, որը պետք է կատարեր «Վինար» գործարանը, չի ստացվել, սակայն հիմա բանակցություններ են ընթանում Պռոշյանի կոնյակի գործարանի հետ․ «Մենք վարկը տալու ենք Պռոշյանի գործարանին, իրանք էլ «Վինարից» սպիրտը առնելու են ու [գործարանի սեփականատերերից] Ավետ Գալստյանը ձեր փողը տալու է։ Երեկ արդեն Պռոշյանի գործարանը վերցրել է սպիրտի նմուշը, ու էսօր-վաղը կիմանանք պատասխանները ու մյուս գործընթացները կլինի։ Մենք ժամանակ չկորցնելու համար արդեն վարկային փաստաթղթերն են պատրաստվում, ու էս ամսվա մեջ ձեր փողերը կտան»։

Մակարյանի խոսքերը վստահություն չեն ներշնչել խաղողագործներին։ Նրանք ասել են, որ նման իշխանության կարիք չունեն, իսկ Ավետ Գալստյանը կաշառել է կառավարությանը, որի ներկայացուցիչները շարունակաբար ստում են իր օգտին, իսկ գործարարը կարողացել է այսքան ժամանակ պատասխանատվության չենթարկվել գյուղացիներից գողանալու համար։

«Ավոն քեզ էլ է փող տվել, քո շեֆին էլ է փող տվել։ Ուզում ես ասես կաշառակերությամբ չեք զբաղվե՞լ։ Մենք հիմա մեր փողերն ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում, տվեք մեր փողերը։ Մենք ձեզ ասում ենք, որ Ավետը մեզ խաբում է արդեն մի տարուց ավել, իսկ դուք ոչ մի բան չեք ձեռնարկում իրա դեմ, էլ ի՞նչ մտածենք», – փոխնախարարին դիմել է խաղողագործ Վազգեն Պետրոսյանը։

1kaghtsrashen

Չնայած Մակարյանի պնդումներին, որ խաղողագործների գումարները կմարվեն մինչև ամսվա վերջ, քաղցրաշենցիները չեն հավատացել դրան և պահանջել են, որ իրենց հետ հանդիպի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Խաղողագործներից մեկը փորձել է ներխուժել Կառավարության շենք, սակայն ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տվել։ Բողոքողներին այդպես էլ չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ։ Նրանք հավաստիացրել են, որ պատրաստ են արդեն ծայրահեղ քայլերի դիմել, եթե մի քանի օրվա ընթացքում իրենց խնդրին լուծում չտրվի։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Մեկ տարի շարունակ քաղցրաշենցիներն իրենց գումարը ստանալու համար Կառավարության շենքի և նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են արել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, սակայն մթերված խաղողի դիմաց միայն գումարի մի մասն են կարողացել ստանալ։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը, որի սեփականատերերն են Ավետ Գալստյանն է և ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը։