Home / Հայաստան / Նաիրիտիցները փակել են պողոտան․ ակցիաները շարունակվելու են մինչև աշխատավարձի պարտքի մարումը

Նաիրիտիցները փակել են պողոտան․ ակցիաները շարունակվելու են մինչև աշխատավարձի պարտքի մարումը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր փակել էին գործարանի դիմաց անցնող Բագրատունյաց պողոտան՝ պահանջելով վճարել իրենց 5 ամսվա աշխատավարձերը։

Epress.am կայքի հետ զրույցում գործարանի անվտանգության աշխատակիցներից Վրեժ Սարգսյանը նշել է, որ ղեկավարությունն իրենց խոստացել էր մինչև դեկտեմբերի 15-ը մարել բոլոր պարտքերը, սակայն այսօր իրենց ասել են, որ կտան միայն հուլիս ամսվա աշխատավարձը՝ պատճառաբանելով, որ գործարանը սնանկ է ճանաչվել։

Մոտ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց հետո նաիրիտցիները ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում բացել են այն։

Աշխատակիցները համոզված են, որ միայն ծայրահեղ քայլերի դիմելով իրենք կկարողանան ղեկավարության ուշադրությունը գրավել խնդրի վրա։

«Մնացած գումարն էլ կախված է մնացել օդում։ Տնօրինությունը պատասխան չունի մնացած 4 ամսվա աշխատավարձի մասին։ Մեր ակցիաները էնքան ենք շարունակելու մինչև ամբողջ գումարը մեզ տան»,- ասել է Վրեժ Սարգսյանը։

Բողոքողները համոզված են, որ իրենց խնդրի միակ պատասախանատուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է և միայն նա կարող է լուծել այն։

Ցուցարարներին իր աշխատասենյակում զրուցելու է հրավիրել գործարանի տնօրենը, սակայն մոտ 1 ժամ տևած հանդիպման ընթացքում, աշխատակիցների խոսքով, իրենց ոչ մի հստակ պատասխան չի տրվել։ Նրանք նշել են` տնօրենն իրենց միայն ասել է, թե աշխատավարձի հետ կապված հարցով իրենք պետք է դիմեն սնանկության կառավարչին։

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հայցը և «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչել։ ՀԵՑ-ը դատարան էր դիմել դեռ 2015-ի ապրիլին՝ պահանջելով վճարել 1 միլիարդ դրամից ավել պարտքը։