Գլխավոր / Վերլուծություն / Սիրիայի իրավիճակը՝ Realpolitik֊ի հետևանք

Սիրիայի իրավիճակը՝ Realpolitik֊ի հետևանք

Սիրիայի հարցով փորձագետ չեմ, բայց աշխատել եմ սիրիացի փախստականների հետ, որոշակի պատկերացում ունեմ սիրիացի սուննիների շրջանում (իսկ նրանք կազմում են Սիրիայի մահմեդականների մեծամասնությունը) տիրող տրամադրությունների մասին։ Եթե ուկրաինացի փախստականների շրջանում կա տարակարծություն Մայդանի, ներկայիս ու նախկին ռեժիմների վերաբերյալ, ապա սիրիացիաների մոտ ամեն ինչ այլ կերպ էր։ Չեմ հանդիպել որևէ սուննի սիրիացու, որը կաջակցեր Ասադին, թեկուզ որպես «չարյաց փոքրագույնի»։ Դամասկոսցի պրոֆեսոր փախստականից մինչև քուրդ փախստական՝ բոլորն անիծում էին այդ տականքին, որը «համը հանեց, ու փորձում է արդարանալ ԻԼԻՊ-ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) էլ ավելի մեծ վայրագություններով»։

Այն, որ ասադականները շիա մոլեռանդների հետ համատեղ Հալեպում ջարդ կազմակերպեցին, կարելի էր ակնկալել։ Եվ սա առաջին անգամը չէ։ Դեռևս 2012 թվականի մայիսին Հուլայում (Հոմս նահանգ) Ասադի բանակը կազմակերպեց սուննիների ջարդ՝ մի քանի ժամվա ընթացքում կոտորելով հարյուրավոր սիրիացիների, որոնք դուրս էին եկել իշխանությունների դեմ խաղաղ ցույցի։ Ի պատասխան՝ կառավարական զորքերն սկսեցին բնակելի թաղամասերի ակտիվ գնդակոծություն հրետանային արկերով։

Վերջին օրերին, ավելի ճիշտ՝ Հալեպի վերջնական գրավումից դեռևս մի քանի օր առաջ, պուտինամետ արևելագետները հեռուստատեսությամբ բացեիբաց ասում էին, որ ահաբեկիչներին (նկատի ունենալով Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) իսլամիստներին) դեմ բոլոր սուննիները վաղուց արդեն լքել են Հալեպը (թեև լքել էին շատերը, անխտիր, ու ոչ միայն քաղաքական նախապատվություններից ելնելով)։ Իսկ քաղաքում մնացածները, ասում էին, աջակցում են ահաբեկիչներին։ Հնչածը կարելի էր իսկապես որպես ակնարկ ընկալել։ Նշանակում է՝ կարելի է կոտորել։

Բայց ինձ նույնչափ բարկացնում է այն, որ արևմտյան ԶԼՄ-ները, որոնք իսլամիստների (այդ թվում նույն ՍԱԲ֊ի՝ ԱՄՆ֊ի հիմնական դաշնակցի զինյալները, որոնք ամեն ինչից զատ զբաղվում էին նաև ուկրաինացի, ռուսաստանցի կամ իտալացի լրագրողների աևանգմամբ փրկագին պահանջելու համար) ոչ պակաս դաժան հանցագործություններն արհամարհում էին կամ ներկայացնում առանց ներկայիս հիստերիայի, Հալեպի կործանումն այժմ դիտում են որպես սիրիական հակամարտության պատմության մեջ ամենաարյունահեղ պահը։ Մի շարք թուրքական ու արևմտյան ԶԼՄ-ներ ամենայն լրջությամբ պնդում են, որ տեղի ունեցողը ցեղասպանություն է։ Հենց ցեղասպանություն։

Ինչքան հեշտ է թե՛ նրանց, թե՛ սրանց համար պատկերը ներկայացնել շահավետ լույսի ներքո՝ մոլորակի բնակչության առավել առողջ մասին ներշնչելով անվստահության զգացում տեղի ունեցողի վերաբերյալ։ Նման պայմաններում, հասկանալի է, որ ձախերի մի մասը, ձգտելով «չարյաց փոքրագույնին», աջակցում է Ասադին (որի դեմ է տրամադրված Սիրիայում սուննիների մեծամասնությունը, իսկ սուննիները կազմում են սիրիացի մահմեդականների 72 տոկոսը)։ Այս տարվա ապրիլին Ասադին հաջողվեց իր դեմ տրամադրել նույնիսկ քրդերին, ինչը, թերևս, ամերիկացիների՝ քրդերին աջակցելու պատճառներից մեկն էր)․ մյուսները գիտակցում են, որ Ասադն այլևս ի վիճակի չէ երկրի նման կրոնական ու ազգային պառակտումից հետո միավորել այդ բեկորները իր ղեկավարության ներքո։

Խնդիրն այն է, որ բոլոր նախընտրելի տարբերակները, նույնիսկ «realpolitik»-ի շրջանակում, ուտոպիստական են։ Ասադին իսկապես ատում է երկրի մահմեդականների մեծ մասը․ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ոչ ոք չի ցանկանում տեսնել նրան նույնիսկ որպես փոխզիջումային տարբերակ։ «Ասադը չարյաց փոքրագույնն է իսլամիստների համեմատ»-ն ամենևին «ավելի լավ է Կադիրով, քան՝ Բասաև» չէ (թեև, մի շարք դեպքերում իսկապես կարելի է զուգահեռներ տանել Չեչնիայի հետ)։ Բավական չէ, որ երկրի ներսում բոլոր հիմնական խմբավորումները չափազանց անկանխատեսելի են, արտաքին ուժերն էլ դեռ չունեն շփման որևէ կետ․ Արևմուտքի արձագանքը Հալեպի իրադարձություններին դրա վառ ապացույցն էր։

Ինձ անհավանական է թվում նաև այն, որ Ասադն ինքնակամ կհեռանա, կամ այն, որ նրան Ռուսաստանը կգցի։ Ընդ որում, եթե նույնիսկ ենթադրենք, որ դա հնարավոր է, ապա սուննի զոհերի փոխարեն ջարդի կենթարկվեն ալավիները, շիաները, և այլն։

Այստեղ «չարյաց փոքրագույն» կամ «փոխզիջումային տարբերակ» գոյություն չունի։ Խնդիրը հնարավոր չէ լուծել Realpolitik ռեժիմում, քանի որ ինքը՝ Realpolitik-ը, այս մղձավանջի առանցքային մասն է։ Այս իմաստով, հերթական լուրջ «Ասադին կողմ կամ դեմ» ջուրծեծոցին, իմ կարծիքով, անիմաստ է։ Քանի որ Սիրիայի բնակչության ծայրահեղականացումը, ինչը հետագայում շահագործվեց բազմաթիվ երկրների կողմից, պայմանավորված էր Ասադի ռեժիմի էությամբ։

Ու միմյանց վրա ինետում կեղտ լցնելու փոխարեն, ավելի լավ է մտածել այն մասին, թե արդյո՞ք նման կերպ ջուր կծեծենք, եթե բռնության ալիք բարձրանա Կենտրոնական Ասիայում, օրինակ՝ Տաջիկստանն արդեն իսկ գլորվում է նմանատիպ իսլամիստենրի գիրկը։ Կբղավե՞ք Ռահմոնի ռեժիմի լեգիտիմության մասին։ Իսկ Բերդիմուհամեդովի՞։ Նազարբաևի՞։

Վերաձևակերպելով Michael Dorfman֊ին՝ կարելի է ասել, որ եթե չեք ուզում իսլամիստներին, կողմնորոշվեք վերջապես մեր ներքին ասադների վերաբերյալ այսօր։ Քանի որ նրանք ծնում են նույն իսլամիստական շան տղերքի։

P.S. Ցավոք, քրդերը, նրանց հանդեպ իմ ողջ համակրանքով հանդերձ, այս խելագարության մեջ ի վիճակի չեն Սիրիան միախմբել իրենց ծրագրի ներքո։

Կ․Լ․