Home / Ազգային ժողով / ԱԺ֊ն գաղտնիք դարձրեց բարձրաստիճան պաշտոնյաների սննդի և տրանսպորտի ծախսերը

ԱԺ֊ն գաղտնիք դարձրեց բարձրաստիճան պաշտոնյաների սննդի և տրանսպորտի ծախսերը

Կառավարության առաջարկով դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Գնումների մասին» օրենքում, որոնց համաձայն մեծացվում է պետական գաղտնիք համարվող ծախսերի շրջանակը։ Այսպես՝ այսուհետ գաղտնիք է համարվելու հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց, (դրանք են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը) կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման և նորոգման, արարողակարգային ծախսերի, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

Հիշեցնենք, որ մինչ այժմ գործող «Գնումների մասին» օրենքը սահմանում էր, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումները ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների  ծախսերն են։

Ազգային ժողովում փոփոխությունը հիմնավորելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է․ «Նայեցինք միջազգային փորձը։ Սա անվտանգության կարևորագույն նորմ է, հարգելի գործընկերներ»։

Նախագծին կողմ է քվեարկել  78, ձեռնպահ՝ 14, դեմ՝ 0 պատգամավոր։

Հիշեցնենք, որ վերջին տարիների հայաստանյան մամուլը գրել է մի քանի դեպքերի մասին, երբ պաշտոնյաների տրանսպորտային ծախսերը չափազանց մեծ են եղել։  Օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013 թվականին 2 չարտերային չվերթի վրա 130 հազար դոլար էր ծախսել պետբյուջեից։