Home / Շուկա / «Խավիարային դիվանագիտություն»․ եվրոպացի չինովնիկներին կաշառելու մասին հերթական զեկույցը

«Խավիարային դիվանագիտություն»․ եվրոպացի չինովնիկներին կաշառելու մասին հերթական զեկույցը

«Կայունության եվրոպական նախաձեռնություն» կազմակերպությունը (European Stability Initiative) նախօրեին հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» հետաքննության երկրորդ հատվածը, որում խոսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ու տասնյակ բարձրաստիճան եվրոպացի քաղաքական գործիչների ներգրավվածությամբ կոռուպցիոն սխեմաների մասին։

Ըստ զեկույցի, պաշտոնական Բաքվի շահերի ակտիվ լոբբիստենրից է ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցության խմբակցության նախագահ, իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեն, որը պատասխանատվության է կանչվել Իտալիայի դատախազության կողմից։ Համաձայնելով համագործակցել հետաքննության հետ՝ Վոլոնտեն նշել է մի շարք եվրոպական քաղաքական գործիչների անուններ, որոնք գումարներ են ստացել Ադրբեջանի կողմից։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ, հետքերը տանում են դեպի ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Ինքը՝ Վոլոնտեն, լոբբիստական ծառայությունների համար Ադրբեջանից ստացել շուրջ 3 միլիոն եվրո, որի մի մասը փոխանցել է այլ պատգամավորների։ 20 էջանոց զեկույցում նաև նշված են մի շարք ադրբեջանցի պատգամավորների անուններ, որոնք, ամենայն հավանականությամբ, նույնպես պատասխանատվության կենթարկվեն Եվրոպայում։

Հարցաքննությունների ժամանակ Վոլոնտեն հաստատել է, որ տարբեր երկրներում իր բանկային հաշիվներին Ադրբեջանից փոխանցվել են հետևյալ գումարները․ 2012թ․ դեկտեմբերի 17 ֊ 100 000 եվրո, դեկտեմբերի 27 ֊ 220 000 եվրո, 2013թ․ մարտի 19 ֊ 180 000 եվրո, հուլիսի 10֊ից դեկտեմբերի 31 ֊ 630 000 եվրո, 2014 թ․ հունվարի 23֊ից դեկտեմբերի 31 ֊ 1 260 000 եվրո։

Այս փողերով կաշառվել են իտալացի ու բազմաթիվ այլ եվրոպացի պատգամավորներ, որոնք դեմ են քվեարկել Եվրոպայի խորհրդի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները դատապարտող բանաձևերին ու զեկույցներին։ Մասնավարոպես, հենց այս միջոցներով է ձախողման ենթարկվել Քրիստոֆեր Շտրասերի զեկույցը Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ։

«Թուրանը» հիշեցնում է, որ «Խավիարային դիվանագիտության» առաջին հատվածը հրապարակվել էր երեք տարի առաջ ու կտրականապես հերքվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք զեկույցն անվանել էին անհիմն։