Գլխավոր / ԼԳԲՏ+ / Որ շարադրությունը չընդունեցին «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթի կազմակերպիչները

Որ շարադրությունը չընդունեցին «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթի կազմակերպիչները

«ՄեդիաՄաքս» լրատվական գործակալությունը ՄԱԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթ, որի ընթացքում կազմակերպիչները հրաժարվել էին ընդունել շարադրություններից մեկը։ Ինչպես գրում է «Հանրային տեղեկատվություն և գիտալիքի կարիք» ՀԿ֊ի «Ինչպես դու» հանդեսի կայքէջը, մրցույթին իրենց ստեղծագործությունն էին ուղարկել իրար սիրող երկու կանայք` Ալիսն ու Էլլենը, սակայն մրցույթի կազմակերպիչներից շարադրությունը հրապարակելու մերժում են ստացել:

Հանդեսը հրապարակել է կանանց կողմից գրված «Իմ ընկերն իմ կինն է» վերնագրով շարադրությունը և ընդգծել․ մրցույթը կազմակերպվել էր հանուն կանանց իրավուքների պաշտպանության` ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի շրջանակում, բայց մրցույթի կանոնների թերի լինելը բերել էր կանանց իրավունքների սահմանափակման. հաշվի չի առնվել, որ կանայք ևս կարող են կին ունենալ։

«Իմ ընկերն իմ կինն է»

Երբ ես առաջին անգամ տեսա նրան, մինչև ոսկորներս թաց էի, մազերիցս անձրևի կաթիլները կաթկթում էին ներքև: Ես կարծես թրջված մուկ լինեի՝ կծկված, սառը։ Նա կապույտ վերնաշապիկ էր հագել, բանդանայով հավաքել էր մազերը աչքերից,  և անձրևի տակ կանգնած, լուռ սպասում էր ինձ։  Նա սկյուռի նման խոշոր ու բարի աչքեր ուներ, որոնք անթարթ նայում էին վրաս։ Այդ օրվանից մենք համարյա անբաժան ենք, և ես շատ  հաճախ եմ հիշում մեր այդ հանդիպումը։

Մենք միասին թափառել ենք քաղաքներով ու գյուղերով, սառել հանրավաքների ժամանակ, անարդարություններ հաղթահարել կամ կոտրվել դրանցից, մեր խնդիրներով իրար գլուխ տարել, հարբել ու հիմար բաներ խոսել, իրար դուրս հանել ամենածանր իրավիճակներից, միասին ոգևորվել ու հիասթափվել… Մենք իրար պատմել ենք չստացված սիրավեպերը, խոստացել, որ չենք լացի ինչ-որ հիմարների համար, հետո հանկարծ զգացել ենք, որ էդ սերերն ինքնախաբեություններ էին, որովհետև ով պետք էր, արդեն կար:

Շատ տարբեր օրեր ենք անցկացրել միասին։ Մի անգամ ես գիրք էի նվեր ստացել․ նա բարձրացավ խոհանոցի սեղանին, մազերը հավաքեց, թևքերը վերև ծալեց ու սկսեց այդ գրքից տողեր կարդալ ինձ համար, տարբեր առոգանություններով․ ես նայում էի ու լուռ ժպտում։ Առաջին անգամ կյանքումս մեկն ինձ համար բանաստեղծություն էր կարդում։

Մեզանից ոչ մեկը ծաղիկներով սեր չխոստովանեց, ոչ էլ մատանի նվիրեց: Մենք «տեր եմ» ու «հնազանդ եմ» չենք ասել ու երբեք էլ չենք ասի, քանի որ սիրելու մեջ տերեր ու ծառաներ չեն լինում, այլ լինում են իրավահասասար մարդիկ, ովքեր կիսում եմ թե՛ երջանիկ ու տխուր պահերը, թե՜ ոչ այնքան հաճելի կենցաղային գործերը:

Ոմանց կյանքում սիրելին է դառնում լավագույն ընկեր, իսկ մեր հեքիաթում էլ թող հակառակը լինի: Սիրո ու ընկերության սահմանը չգիտեմ, բայց գիտեմ, որ աշխարհում կա ամենամեկը, ում անունն ինչ էլ դնեմ՝ կին, ընկեր, ընկերուհի, զուգընկեր,  դրանից ոչինչ չի փոխվի:

Իմ ծննդյան օրը մենք ծխեցինք մեր սիրած մուգ կապույտ մարլբորոներից ու խմեցինք, ու մինչ ամենուր ծխախոտի հոտն ու համն էր տարածվում, նա սկսեց հյուսել մազերիցս մի փոքրիկ փունջ ու խոսել իր պլաններից․ այդ պահին ես հասկացա, որ սիրում եմ նրան։

Մեր սիրելուց մանդարինների հոտ է գալիս, մեր զրույցները փոխակերպում են իրականությունը Կորտասարի պատմվածքների պես, ու երբեմն ամեն ինչ Ռոյ Անդերսոնի կինոների պես անդիմադրելի տխուր է: Ու մենք գժի պես կանգնեցնում ենք տխուր կադրերը ու վայելում, ոնց որ մարդիկ տաք գինի կվայելեն: Երբեմն մեր տունը մարտական ակումբ ենք սարքում, անխնա կռվում և ինչ-որ գեղեցիկ բան ոչնչացնում: Երբեմն էլ թափառում ենք լիմբոյում՝ դուրս պրծնելով ատամնանիվներից ու փախչելով սարդերից, որ վերջում գտնենք մեր լույսը:

Միգուցե ես խեղդում եմ մեր գրածը չափից շատ հղումներ անելով, բայց ո՞նց չանեմ, եթե մենք մեր սիրած գրքերից, երգերից, կինոներից ու խաղերից ենք կազմված:

Մենք չենք քնում գիշերները, անընդհատ խոսում ենք ամեն ինչից: Թվում է, թե մեր խոսակցությունների թեմաները երբեք չեն սպառվի, և մենք կարող ենք տարիներ շարունակ պառկել, ոտքերը վեր բարձրացնել, հենել պատին ու հիմար բաներից խոսել, կատակել, ծիծաղել ու փիլիսոփայել գիշերվա կեսին։

Առավոտյան նա սկսում է խաղալ մազերիս հետ, երբ ես դեռ քնած եմ։ Ես արթնանում եմ նրա մատների հպումներից, բայց ձևացնում, թե քնած եմ, որ շարունակի շոյել մազերս։ Ես անընդահ բոլորին ասում եմ, որ ատում եմ, երբ մազերիս հետ են խաղում, բայց նա, նա ուրիշ է։

Մենք երջանիկ ենք, երջանիկ ենք մեր փոքրիկ ամրոցում, որի պատերը միասին ենք կառուցել ու մեր աշխարհը փակել դրանում:

Բայց երջանկությունը երբեմն իլյուզիա է թվում, երբ գիտակցում ենք, որ դևի աշխարհը դեռ առջևում է:

Հերիք է ձեռք ձեռքի բռնած դուրս գանք մեր ամրոցից, համբուրվենք ու կամաց ասենք, թե ինչքան ենք իրար սիրում, էդ դևը կրակի կտա մեզ: Մենք չենք կարող երջանիկ լինել մեր ամրոցից դուրս, քանի որ նույնիսկ չգիտենք, թե ով կկանգնի մեր կողքին և կօգնի պայքարել դևի դեմ: Արդյո՞ք մեր հարազատները կպաշտպանեն մեզ, թե՞ բենզին կլցնեն, որ շուտ վառվենք:

Նա ասում է՝ ես մեր միջի ռոմանտիկն եմ: Հա, ես ռոմանտիկն եմ՝ անհույս, անիրատես, բայց ես հավատում եմ, որ մի օր կհաղթահարենք վերջին աշխարհի դևին:

Բոլորը շարունակում են մտածել, թե մենք ընկերներ ենք, բայց դա այդպես չէ. մենք ուղղակի միասին ենք՝ առանց անուններ տալու կամ հորինելու. մենք ուղղակի իրար ունենք, և այլ բան այլևս կարևոր չէ։

Ալիս և Էլլեն

Լուսանկարը՝ Էլլենի և Ալիսի