Home / Դատարան / Դատական սխալներ․ դատավճռից հետո Հայաստանում ոչնչացնում են բոլոր ապացույցները

Դատական սխալներ․ դատավճռից հետո Հայաստանում ոչնչացնում են բոլոր ապացույցները

Հայաստանում մինչև այսօր դատավճռից հետո ոչնչացվում են բոլոր իրեղեն ապացույցները։ Դատական անդառնալի սխալներից խուսափելու համար իրեղեն ապացույցների բազան պետք է պահպանել՝ դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո նաև։ Տվյալների բազայի պահպանումը կարող է տարիներ անց որևէ գործի վերաբացման համար վճռորոշ լինել: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ-ում գործող «Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի գրասենյակի ղեկավար Գրեգ Համփիկյանը։

«Հայաստանի դատական համակարգը նույնպես պետք է դասեր քաղի արտասահմանյան դատական սխալներից և դադարեցնի ոչնչացնել իրեղեն ապացույցները դատավճռից հետո։ Ես այդ ձևով արդեն նպաստել եմ ԱՄՆ-ում մոտ երկու տասնյակ դատապարտյալների արդարացմանը», -ասել է Համփիկյանը։

Քննարկման մեկ այլ մասնակից, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի նախագահ Զարուհի Մեջլումյանն ընդգծել է, որ դատական սխալները բնորոշ են ցանկացած երկրի և պետք չէ տառապել անսխալականության բարդույթով։ Ընդունել սխալները մեծագույն հարգանքի նշան է մարդու իրավունքների նկատմամբ։

«Անմեղության հայկական ծրագիր»-ն առաջին անգամ Հայաստանում ուսումնասիրել է պատժի առավելագույն չափի դատապարտվածների վճիռների ապացուցման բազաները։

«Մենք վերցրեցինք 91 անձնաց վերաբերյալ 76 դատավճիռ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր մահապատժի դատավճիռների հետ կապված։ Մասնավորապես, (Հայաստանում մահապատիժը վերացվել է 2003 թվականին և փոխարինվել է ցմահ ազատազրկման-խմբ․)։ Այդ 76-ից 29-ը դատավճիռները եղել են մահապատժի վերաբերյալ։ 29-ից 25-ի դեպքում ինքնախոստովանական ցուցմունքներ են դրվել դատավճռի հիմքում։ Հիմնական խնդիրները կապված են ցուցմունքների հետ, քանի որ գործի ելքով շահագրգիռ անձանց ցուցմունքներ են դրվել դատավճիռների հիմքում», – նշել է Մեջլումյանը։

Նա ասել է, որ Հայաստանում այժմ նախաքննության ժամանակ կատարվում է ԴՆԹ թեստ, սակայն ապացույցների բազան չի պահպանվում։ 2014 թվականին Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում սահմանվել է նոր դրույթ, ըստ որի՝ 100-րդ հոդվածի 2-րդ կետով՝ կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները չեն ոչնչացվելու։ Դրանք պահպանվելու են այնքան ժամանակ, որքան որ բիոլոգիապես հնարավոր է պահպանել։

«Սա մեծագույն առաընթաց է, բայց քանի դեռ դատավարության օրենսգիրքը չի ընդունվել Ազգային ժողովի կողմից, իրեղեն ապացույցները գործող օրենքի համաձայն շարունակում ենք ոչնչացնել։ Սա մեծագույն խնդիր է։ Հարցի հետ կապված մենք առաջարկություններ ենք արել ՀՀ իշխանություններին, մասնավորապես, առաջարկել ենք, որ ավարտված քրաեական գործերի ուսումնասիրմամբ զբաղվող մի մարմին ստեղծվի», – ասել է Մեջլումյանը։