Գլխավոր / ԼԳԲՏ+ / Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի դեմ պայքարողները ֆինանսավորվում են ՌԴ֊ից

Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի դեմ պայքարողները ֆինանսավորվում են ՌԴ֊ից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 23-ին զեկույց է հրապարակել այն մասին, թե ով է Հայաստանում պայքարում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեմ։ Զեկույցի հեղինակները նշում են՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Համահայկական ծնողական կոմիտեն», «Stop G7» ռեսուրսը, «Երևանյան աշխարհաքաղաքական ակումբը», ՀԱՍԱԿ կուսակցությունը, «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնը, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը, որոշ բլոգերներ և թերթեր փոխկապակցված են միմիանց հետ և ունեն ռուսաստանյան սատարում:

Զեկույցը ստորև․

Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ կապված «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ: Բազմաթիվ ապատեղեկատվություններ տարածվեցին, ինչը զուգորդվեց արևմուտքի դեմ մեղադրանքներով:

Մի կողմ թողնելով օրենքի նախագծի բովանդակային քննարկումը` «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց անդրադառնալ ամիսներ շարունակ այդ օրենքի նախագծի դեմ պայքարած և այն որպես «հայկական բարոյականության դեմ Եվրոպայի պարտադրանք» ներկայացրած խմբերին:

«Համահայկական ծնողական կոմիտե»

Արման Բոշյանը՝ «Սպուտնիկ Արմենիա»֊ում

Օրենքի դեմ ամենաակտիվ խոսողներից մեկը Արման Բոշյանն է: Նա ղեկավարում է «Համահայկական ծնողական կոմիտե»-ն և դեռևս 2013 թվականից անհանդուրժողականություն էր տարածում կնոջ և տղամարդու հավասարության օրենքի դեմ՝ ֆեյսբուքյան էջի և յութուբյան բլոգի միջոցով: Այսօր նա գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանի հետ միասին քարոզում է չընդունել ընտանեկան բռնությունը դատապարտող օրենքը:

Նշենք, որ «Համահայկական ծնողական կոմիտեն» Ռուսաստանում գործող հայազգի Սերգեյ Կուրգինյանի հիմնադրած «Համառուսական ծնողական դիմադրություն» շարժման ոչ պաշտոնական մասնաճուղն է: Կուրգինյանը, իր հերթին, ակտիվորեն սատարում էր Ռուսաստանի ռազմական ագրեսիան արևելյան Ուկրաինայում:

Արման Ղուկասյանն ու Սերգեյ Կուրգինյանը

Այսպես, օրինակ, Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից «Բուկ» համակարգով մալազիական բոինգը խոցելուց շաբաթներ առաջ Կուրգինյանը Դոնեցկում հայտարարել էր, որ «իրական քաղաքացիական հասարակությունը այն էլեկտրոնշիկներն են, ովքեր այժմ վերանորոգում են «Բուկ» համակարգերը»:

Ընդ որում, ինչպես երևում է նկարից, Կուրգինյանի հետ ծանոթ է նաև Արման Ղուկասյանը (ում անվանը կհանդիպենք ստորև):

«Stop G7»

Stop-g7.com կայքում ու համանուն յութուբյան ալիքում ուղղակիորեն տարածվում է քարոզ ընդդեմ ընտանեկան բռնության դեմ օրենքի: Այս թիմը էլ ավելի հեռու է գնում` ոչ միայն դատապարտում է օրենքը, այլ անգամ ընտանեկան բռնության դեմ պայքարն, առհասարակ:

Facebook-ում առկա Stop G7 in Armenia փակ խումբն ուսումնասիրելիս կարելի է պատկերացում կազմել, թե ովքեր են առնչվում այս թիմին: Այստեղ է Արման Բոշյանը, Լիա Ավետիսյանը և Իրավունք թերթի խմբագիր Հովհհանես Գալաջյանը, ինչպես նաև Հայկ Այվազյանը (ով խմբի ադմինիստրատորն է):

Այվազյանը հայտնի դարձավ վերջերս, երբ ինչ-որ համաժողովի ժամանակ հանդես եկավ «բացահայտումով», որ ՀՀ-ում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում և դա սպառնալիք է հանդիսանում Հայաստանի ազգային անվտանգությանը (այդ տեղեկությունները բացահայտ սուտ լինելը հեշտությամբ բացահայտվեց):

«Երևանյան աշխարհաքաղաքական ակումբը»

Օրենքի դեմ ակտիվ գործում է նաև «Երևանյան աշխարհաքաղաքական ակումբը» («Ереванский геополитический клуб»), որտեղ կրկին հանդիպում ենք ինչպես Արման Բոշյանին, այնպես էլ Հայկ Այվազյանին և Լիա Ավետիսյանին: Այստեղ Հայաստանին վերաբերող բոլոր «վերլուծությունները» ներկայացված են ռուսերեն լեզվով, կարծես դրանք միտված են ոչ թե հայաստանցիներին, այլ ռուսաստանցիներին:

Այս ակումբի տեսանյութերից մեկում քննարկմանը մասնակցում է նաև ռուսական պետական «Россотрудничество» դաշնային գործակալության Երևանյան գրասենյակի ղեկավար և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի օգնական Մարկ Կալինինը, իսկ նրա կողքին նստած է ՀԱՍԱԿ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

ՀԱՍԱԿ կուսակցություն

Արման Ղուկասյանը և Հանուն սոցիալական արդարության կուսակցության (ՀԱՍԱԿ) փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հայտնի են համացանցում իրենց ռուսամետ դիրքորոշմամբ և ակտիվ հրապարակում են լուսանկարներ ՌԴ դեսպանի, ինչպես նաև ռուսական հայտնի քաղաքական գործիչների հետ:

Արման Ղուկասյանը՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան մասնաճուղի ղեկավար Մարկ
Կալինինի հետ

Նրանք գործնականում չեն ժխտում, որ հովանավորվում են ՌԴ դեսպանատան կողմից: Արման Ղուկասյանը իր կուսակցության անդամների հետ ևս միացել է ընտանեկան բռնությունը դատապարտող օրենքի դեմ քարոզին: Ընդ որում, հատկանշական է, որ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը նաև ղեկավարում են «Միջազգային հումանիտար զարգացում» ՀԿ-ն, որը ևս անմասն չի մնում այս քարոզչությունից:

Արման Ղուկասյանը և ՌԴ դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին

Հիշեցնենք, որ Ղուկասյանը հանդես էր եկել հայտարարությամբ, իբրև մի շարք հասարակական կազմակերպություններ և լրագրողներ ամռանը ՊՊԾ գնդի գրավման օրերին փորձում էին Հայաստանում «գունավոր» հեղափոխություն իրականացնել: Ղուկասյանի այդ հարցազրույցը հրապարակվել է ռուսական sputnikarmenia կայքում: Հայաստանում «Գունավոր հեղափոխության» իր այդ գաղափարները Ղուկասյանը ներկայացրել է նաև Ղրղզստանում և Ղազախստանում:

Ղուկասյանը նաև խոստացել էր մինչև օգոստոս ամսվա ավարտը հրապարակել «ամերիկացի գործակալների ցանկը»: Օրեր անց հրապարակվեց մի տեսանյութ, որում որոշ քաղաքական գործիչներ, ընդ որում` ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, մեղադրվում են ԱՄՆ «գործակալներ» լինելու մեջ:

Արման Ղուկասյանը և Արման Բոշյանը «Իրավունք» թերթում

Տեսանյութում նաև հրապարակվեցին ԱՄՆ մի շարք դիվանագետների անձնագրերի սքանները, և հիմնավոր ապացույցներ կան, որ դրանք ստացվել էին ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) միջոցով: Ընդ որում, տեսանյութը հրապարակեց ոչ թե Հայաստանում, այլ արևելյան Ուկրաինայում (Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում) գործող ռուսամետ մի բլոգեր, ինչն էականորեն դժվարեցրեց անձնագրերի սքանների արտահոսքի աղբյուրի բացահայտումը (սակայն ակնհայտ էր, որ դրանց հետևում հատուկ ծառայություններն են):

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոն

Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է նաև «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: Այստեղ նույնպես կարող ենք տեսնել նույն զավեշտալի հրապարակումները Հայաստանի առողջապահական լաբորատորիաներում ԱՄՆ զինվորականների կողմից կենսաբանական զենք արտադրելու, ընտանեկան բռնության օրենքի դատապարտման և այլնի մասին:

Զավեշտալիորեն, այստեղ ևս հանդիպում ենք նույն անձանց՝ Հայկ Այվազյան և Արման Բոշյան: Այս խմբում հիմնականում հանդիպում են ռուսերեն լեզվով հրապարակումներ ու ռուսական առաջին հեռուստաալիքի տեսանյութեր: Եվ անգամ եզակի հայերեն տեսանյութերի տակ միշտ ապահովված է ռուսերեն թարգմանությունը (թեև ռուսերեն նյութերը ոչ միշտ են թարգմանված հայերեն):

Արման Ղուկասյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը

Նշենք, որ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը դիմել է գրանտի Գորչակովի անվան ռուսական ֆոնդին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը անձամբ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է: «Գորչակովի» հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականի փետրվարի 2-ի ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով և ֆինասնավորվում է անմիջապես ռուսական պետական բյուջեից:

«Հանուն ինքնիշխանության վերականգնման»

Հայկ Այվազյանի գլխավորությամբ գործում է նաև «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունն ու կայքը, որը առավել ակտիվորեն է մասնակցում ԵԱՏՄ-ի ու Կրեմլի այլ նախաձեռնությունների առաջմղմանը:

Այս ռեսուրսը, սակայն, առավել աչքի է ընկնում ոչ միայն ընտանական բռնության կանխարգելման մասին օրենքի դեմ պայքարով, այլ, առհասարակ, հակաարևմտյան ապատեղեկատվությամբ: Այս թիմի հրապարակումները արևմուտքը ներկայացնում են որպես Հայաստանի ռազմական թշնամի, իսկ Ռուսաստանը՝ որպես հիմնական դաշնակից:

ԱՄՆ կողմից Հայստանում կենսաբանական զենքերի ստեղծման մասին ապատեղեկատվությունն այս խումբը ներկայացնում է որպես «վտանգ Հայաստանի ինքնիշխանությանը»:

Բլոգեր Տիգրան Քոչարյան («Փիղ») և այլք

Բլոգեր Տիգրան Քոչարյանը արդեն տևական ժամանակ է, ինչ հայտնի է հասարակությանը իր պռո-ռուսական և ավելի հաճախ հակաարևմտյան հրապարակումներով:

Նա ակտիվորեն պայքարում էր նաև ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի դեմ: Քոչարյանը առանձնանում է ծայրահեղ անհանդուժողականությանբ ԼԳԲՏ համայնքի հանդեպ: Նա հանդիսանում է նաև ռուսական «Что? Где? Когда?» խաղի հայկական ակումբի ղեկավար, որը ևս գործում է ռուսական գրանտերի հաշվին: Մասնավորապես՝ դրամաշնորհ է ստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով 2007 թվականին ստեղծված «Ռուսսկիյ միր» հիմնադրամից: Քոչարյանը նաև հանդիսանում է Գորչակովի անվան հիմնադրամի ակումբի անդամ:

Տիգրան Քոչարյանն ու Արման Աբովյանը

Քոչարյանի հետ միասին համացանցում հասարակական տրամադրությունների մանիպուլյացիայով զբաղվում է ևս մեկ ռուսամետ բլոգեր և Քոչարյանի մտերիմ ընկեր Արման Աբովյանը: Վերջինս առանձնանում է ռուսերեն լեզվով գրառումներ կատարելով և stop-g7.com կայքի նյութերի հրապարակումներով:

Արման Աբովյանը «Ռադիո ՎԱՆ»-ում հաղորդում է վարում, որի սահմաններում ևս զբաղվում է իր գաղափարների առաջմղմամբ: Աբովյանի՝ ռուսերեն «Грани правды», («ճշմարտության եզրերը») հաղորդման շնորհիվ «Ռադիո ՎԱՆ»-ը դասվել է «Ռուսսկիյ Միր» հիմնադրամի գործընկերների ցանկին: Ու թեև այս հաղորդման համար դրամաշնորհ ստանալու մասին ապացույցներ չկան, սակայն հաղորդման մյուս հաղորդավար՝ Եգոր Գլումովը Կրեմլի հայտնի պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի գլխավորած «Գրիբոյեդով» ակումբի անդամ է:

Քոչարյանը և Աբովյանը Facebook ցանցում ունեն ավելի քան 15 հազար հետևորդ (ընթերցող):

Իրավունք թերթ

Իրավունք թերթը հանդիսանում է Հայաստանում գործող այն լրատվամիջոցներից մեկը (փաստացի՝ դեղին), որը առանձնանում է իր ծայրահեղ անհանդուրժողականությամբ հասարակության տարբեր խոցելի խմբերի հանդեպ:

Թերթը հաճախ հրապարակում է վիրավորական նյութեր հանրապետության մի շարք քաղաքական և պետական գործիչների լուսանկարներով:

Թերթը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը պետական պարգևով է պարգևատրել թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանին:

Հայկ Բաբուխանյանը և Արման Ղուկասյանը համատեղ ասուլիս են տալիս «Սպուտնիկ
Արմենիա»-ում

Իրավունքը հարթակ է հանդիսանում ՀԱՍԱԿ կուսակցության անդամների և այլ ռուսական քարոզիչների համար: Այս թերթը անմասն չի մնացել ՀՀ-ում ԱՄՆ կենսաբանական զենքի մասին ապատեղեկատվությունը տարածելուց:

«Սպուտնիկ Արմենիա»

Ռուսաստանյան «Սպուտնիկ» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղը ևս անմասն չի մնում օրենքի դեմ քարոզչությունից: Որպես կանոն, այդ նպատակով հարցազրույցներ են վերցվում ինչպես տարբեր եկեղեցականներից, այնպես էլ նաև մեզ արդեն հայտնի Հայկ Այվազյանից ու Արման Բոշյանից:

«Սպուտնիկ Արմենիան» իր մամուլի կենտրոնի դռներն է բացում ընտանեկան բռնությունների օրենքի նախագծի դեմ պայքարողների ու հակաարևմտյան ապատեղեկատվության համար: Միայն դեկտեմբերի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնության օրենքի դեմ «Սպուտնիկ Արմենիան»՝ իր իսկ մամուլի կենտրոնի մամուլի ասուլիսի մասին մի քանի նյութ է հրապարակել:

Ընդ որում, կան հիմնավոր կասկածներ, որ ՀՀ կառավարությունը ուզում էր դեկտեմբերի 22-ի նիստում քննարկել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, իսկ «Սպուտնիկ Արմենիան», տեղեկանալով այդ մասին, կանխարգելիչ քարոզչություն իրականացրեց:

Նշենք, որ ռուսաստանյան «Սպուտնիկ» ռադիոկայանը պատկանում է «Ռոսսիյա Սևոդնյա» պետական ինֆորմացիոն գործակալությանը, որի գլխավերևում է Կրեմլի հայտնի պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովը: «Սպուտնիկ Արմենիան» ևս լայնորեն տարածում էր ՀՀ-ում ԱՄՆ կենսաբանական զենքի մասին հրապարակումները:

Եզրահանգումներ

Այսպիսով, կարելի է վստահաբար պնդել, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հանրային դաշտում ապատեղեկատվություն տարածող, այն որպես «եվրոպական ու ամերիկյան հակաբարոյական պարտադրանք» ներկայացնող խմբերը, հիմնականում, կամ պռո-ռուսական, կամ հենց ռուսաստանյան քարոզչության տարածողներն են:

Առավել ակտիվ դերակատարները այս կամ այն կերպ կապված են Երևանում ՌԴ դեսպանատան, ռուսական պետական «Ռոսսոտրուդնիչեստվո» հիմնադրամի, «Ռուսսկիյ Միր» հիմնադրամի, կամ ՌԴ ԱԳՆ-ի «Գորչակով» հիմնադրամի հետ:

Ավելին, այդ խմբերը նաև ակտիվորեն ներգրավված են Հայաստանում հակաեվրոպական ու պռո-ռուսական քարոզչության մեջ: Իսկ անձանց մի մասը ներգրավված է նաև հակաարևմտյան ակտիվ ապատեղեկատվության տարածման մեջ:

Չի բացառվում, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հանրային դաշտում ապատեղեկատվության տարածումը բացառապես նպատակ է հետապնդում հակաարևմտյան տրամադրությունների զարգացումը: