Գլխավոր / Բանտ / «Հիվանդանոցում ավելի են հիվանդացնում»․ «Սասնա ծռերի» անդամի խնդիրները չեն լուծվում

«Հիվանդանոցում ավելի են հիվանդացնում»․ «Սասնա ծռերի» անդամի խնդիրները չեն լուծվում

Երևանի Էրեբունի համայնքում գտնվող ՊՊԾ գնդի մոտ ոստիկանների կրակոցից հրազենային վիրավորում ստացած, անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ոչ թե բուժվում, այլ ավելի է հիվանդանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը, որը երեկ՝ դեկտեմբերի 25-ին, այցելել էր Հարությունյանին։

Նրա խոսքով՝ Հարությունյանի հիվանդասենյակում շատ ցուրտ է եղել, որի հետևանքով կալանավորը մրսել է․

«Այնքան ցուրտ էր, ձեռքերս ձեռնոցներիս մեջ սառչել էին, հեռուստացույցի ալեհավաքը չկար, իր անձնական իրերից շատ բաներ անհետացել են, այդ թվում՝ հիգիենայի պարագաներ։ Սառնարանը դեռ միջանցքում է՝ «մաքրելու» նպատակով, վարագույրը պոկված է արդեն 16 օր, պատուհանից սառն է փչում, չի սնվում, հիվանդասենյակը չեն բարեհաճում մաքրել, սպասքը չեն լվանում, երևի մոռանում են, որ դա հիվանդանոց է, և այդտեղ պիտի բուժվեն, այլ ոչ թե հիվանդանան այնպես, ինչպես Հովհաննեսը, ով գիշերները ոտքի ցավից չի քնում։ Սիրտը ցավում էր, մրսել էր, հիվանդասենյակի լույսը շուրջօրյա միացված է այն դեպքում, երբ ինքն անգամ գիշերը չի սիրում լույսը միացված: Արտաքին աշխարհից այնքան է կտրված, որ անգամ ամսաթիվը չգիտի: Ես, բնականաբար, չեմ կարող ամբողջ օրը ֆիզիկապես գտնվել Հովհաննես Հարությունյանի կողքին, հետևաբար, չեմ կարող տեսնել, թե ովքեր են իրեն այցելում: Թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում հիմա և որ ժամերին, առայժմ հայտնի չէ», — գրել է Սարգսյանը։

Նա նշել է, որ դեռևս դեկտեմբերի 12-ին Հարությունյանի վիճակի և պայմանների մասին իրենք հաղորդում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս իրավիճակը փոխելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում:

Փաստաբանն այդ ամեն որակել է որպես պետության կողմից միտումնավոր քայլեր, որոնք ուղղված են Հարությունյանի առողջության և կյանքի անվտանգության դեմ:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ին ոստիկանների կողմից արձակված կրակոցների հետևանքով ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել և մոտ 2 ժամ անց տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այնտեղ նրա ոտքից որոշ բեկորներ են հեռացրել: Ոտքի վիրահատություն չի իրականացվել։ Հայարփի Սարգսյանը բազմիցս ահազանգել է, որ այդպես էլ չիրականացված վիրահատության պատճառով այսօր նրա վիրավոր ոտքը ծայրահեղ վատ վիճակում է՝ բարակել է և գույնը փոխել, Հովհաննեսը չի կարողանում առանց հենակների տեղաշարժվել, պահանջում է անհրաժեշտ բուժում ապահովել։