Գլխավոր / Դատարան / Գևորգ Սաֆարյանը դատարանից արդարացման ակնկալիքներ չունի

Գևորգ Սաֆարյանը դատարանից արդարացման ակնկալիքներ չունի

Ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարան» և «Նոր Հայաստան» նախաձեռնությունների անդամ Գևորգ Սաֆարյանը դատարանից արդարացման ակնկալիքներ չունի։

Այս մասին նա ասել է այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2016-ի վերջին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ կարճ զրույցի ժամանակ։ Սաֆարյանը ձերբակալվել էր 2016-ի հունվարի 1-ին։ Նշենք, որ նախորդ նիստին մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նրա համար 2.5 տարի է պահանջել։

Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր իր պաշտպանական ճառում նշել է, որ նրա մեղադրանքից «ավելի քաղաքական մեղադրանք» չէր կարող լինել։

Նրա խոսքով՝ Սաֆարյանի մեղադրականում նշված է, որ նա բազմիցս սադրիչ հայտարարությունններ է արել և իր հայտարարություններով հանրությանը տրամադրել է իշխանության դեմ։

«Բոլորին էլ հայտնի է, որ Գևորգ Սաֆարյանը զբաղվել է ակտիվ քաղաքական գործունեությամբ և չի թաքցրել իր ընդգծված ընդդիմադիր հայացքները։ Նա մինչ այս բազմիցս ենթարկվել է իշխանության հետապնդումներին և ենթարկվել բռնությունների։ Այդ թվում նաև 2014 թվականին նրա դեմ արված մահափորձը, երբ ինչ֊որ մեկը երկաթե ձողով թիկունքից հարվածել էր նրա գլխին։ Գործն այդպես էլ չի բացահայտվել, չնայած բազմաթիվ տեսախցիկներ ֆիքսել էին եղածը։ Այս ամենը ևս մեկ անգամա ապացուցում է այն, որ Սաֆարյանը խանգարում է իշխանություններին, քանի որ հենց նա է իշխանափոխություն ուզում»,- ասել է Տիգրան Հայրապետյանը։

Վերջինս ընդգծել է, որ սույն գործով ամենաուշագրավ պահն այն է, որ տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանն իր վկայության ժամանակ հաստատել էր, որ ինքը քաղաքացիների յուրաքանչյուր հայհոյանքին եռապատիկ ավելի է պատասխանել։

«Գեղամ Խաչատրյանը դեպքի առաջին օրն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ գնում է Ազատության հրապարակ կապիկներին քշելու։ Այսինքն՝ համաձայն մեղադրողի, ստացվում է, որ ՀՀ ոստիկանությունն իր ծառայողական պարտականությունը համարում է ՀՀ քաղաքացիներին հայհոյելը։ Գեղամ Խաչատրյանը չփորձեց անգամ այս հանգամանքը ժխտել դատարանում, ինչը նշանակում է, որ նրան ինչ-որ մեկը հովանավորում է, դրա համար էլ վերջինս հանգիստ խոստովանում է եղածի մասին»,- ընգծել է Հայրապետյանը։

Սաֆարյանի պաշտպանն իր ճառում անդրադարձել է դատարանի գործողություններին և ընդգծել, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավական փորձառու է և, չգիտես ինչու, բոլոր քաղաքական գործերը ուղարկվում են հենց նրան։

Դատարանն ավարտական ճառի հնարավորություն է տվել նաև Գևորգ Սաֆարյանին, սակայն վերջինս ժամանակ է խնդրել այն նախապատրաստելու համար։

Դատական նիստը հետաձգվել է մինչև 2017 թվականի հունվարի 16-ը։

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանն այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամառողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում: