Գլխավոր / Ոստիկանություն / Ոստիկանությունը «Հիմնադիր խորհրդարանի» աջակցի տանը խուզարկություն է անցկացրել

Ոստիկանությունը «Հիմնադիր խորհրդարանի» աջակցի տանը խուզարկություն է անցկացրել

Ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներն այսօր վաղ առավոտյան ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործի շրջանակներում խուզարկություն են անցկացրել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության աջակից Վահրամ Պետրոսյանի տունը։

Լրագրողների հետ զրույցում Վահրամ Պետրոսյանը նշել է, որ խուզարկության ընթացքում ոչ մի արգելված իր չեն հայտնաբերել և արդեն վաղուց համացանցում տեղադրված փաստաթղթեր են վերցրել։ Թե ինչ փաստաթղթեր են դրանք, Պետրոսյանը չի նշել։

«Ինչ֊որ փաստաթղթեր էին փնտրում, երևի մտածում էին՝ գնդի գրավման պլանը մեր տանը պետք է լինի։ Վերցրել են մի քանի փաստաթղթեր, որոնք վաղուց արդեն հրապարակված էին և համացանցում տարածված։ Վերցրել են նաև 2 լազերային սկավառակ և Գևորգ Սաֆարյանի կալանավայրից փաստաբանի միջոցով ուղարկված նամակը, որը նույնպես վաղուց տարածվել էր համացանցում»,- ասել է Վահրամ Պետրոսյանը։

Նշենք, որ Վահրամ Պետրոսյանը «Սասնա ծռերի» գործի շրջանակներում արդեն մի քանի անգամ հարցաքննվել է և ներգրավված է որպես վկա։