Գլխավոր / Հայաստան / Ի՞նչ կապ ունի այստեղ բլոգեր Լապշինը

Ի՞նչ կապ ունի այստեղ բլոգեր Լապշինը

Բլոգեր Լապշինի հանցավոր գործունեության էությունը, որը կարող է նրան արժենալ արտահանձնում Մինսկից Բաքու, դեռ մշուշոտ է․ ողջ պատմությունն ինքնին՝ սկզբից մինչև վերջ, ճշմարտանման չի թվում և ընդգծված բուռլեսկային տպավորություն է թողնում՝ ինչպես գլխավոր հերոսի տարալեզու անձնագրերի փաթեթը։ Ասում են՝ Լապշինն այցելել է Ղարաբաղ, ու, չնայած հազիվ թե Բաքվի արտահանձնման դիմումը հենց սրանով է պայմանավորված, մնում է միայն զարմանալ՝ ինչ կերպարներ ու ժանր է ընտրում պատահականությունը՝ թրոլինգի ենթարկելու այն, ինչն արժանի է բավականին լուրջ ուսումնասիրության։

Թեպետ, գուցե, հենց այդպես էլ պետք է լինի։

Ի դեպ, ֆորմալ առումով օկուպացված տարածքների մասին օրենք Ադրբեջանում չկա։ Հենց այդ պատճառով էլ այն թևեր է առնում՝ որպես խորհրդանիշ ու նշան։ Օկուպացված տարածքների վերաբերյալ օրենքը միայն պաշտոնական տեսանկյունից է դիտվում որպես բարոյական նորմա տուժած մետրոպոլիայի համար, իսկ դրա բացակայությունը՝ նվաստացուցիչ մովետոն ու կորուստի ընդունում։ Քաղաքական մետաֆիզիկայի տեսանկյունից՝ դա Մարքս է ու Ֆրոյդ, Բրոկհաուզ ու Էֆրոն, և, բնականաբար, կաֆկյան «Դղյակ»։

Ո՞ւմ են պետք հեղինակության ռիսկերն ու գլոբալ քմծիծաղները, որոնց դատապարտված է զոհը, որն իր զոհ լինելը վերածել է ազգային գաղափարի, ինչպես ոմանք՝ վերածում են մասնագիտության։ Աշխարհն, իհարկե, նրան ցավակցում է, բայց չէ՞ որ ինքը նույնպես պառակտվում է սահմանների սրբության ու քաղաքական պոստմոդեռնիզմի միջև, ու, հետևաբար, ոչ պաշտոնապես՝ պարզապես հետաքրքրությունից դրդված, հարցնում է՝ չարի հանդեպ բարու կոնկրետ ո՞ր հաղթանակի համար է պայքարում տուժողը՝ տարածքնե՞րը վերադարձնելու համար, թե՞՝ մարդկանց։

Պատասխան չկա։ Քանի որ պատասխանը, ցավոք, նման պատմություններում հայտնի է։ Ու այն ավելի քիչ է կախված պատասխանողի քաղաքական հակումներից, քան կցանկանայինք մտածել, նույնիսկ եթե պատասխանողը բավականին լիբերալ է այլ հարցերում։ Հարցը՝ «Նավալնին այստեղ ի՞նչ կապ ունի» տվյալ դեպքում միանգամայն տրամաբանական է, և ահա թե ինչու:

Կարելի է հավատալ անհատի ազատությանը, աչքերը կկոցել գվարդիական ժապավենի տեսքից ու Ելցինի հիշատակը պաշտպանել Միխալկովի հիշատակից։ Կարելի է վիճել 90֊ականների ու 2000-ականների մասին, Սաակաշվիլիի, Պինոչետի, Թրամփի ու նույնիսկ Կաստրոյի․ կարելի է, այս ողջ տարածությունը նյուանսներով նշագծելով, ենթադրել, որ դա անպայման կառավարվում է հայացքների համակարգով ու քաղաքական արյան խմբով։ Բայց, միևնույն ժամանակ, ազատ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արևմտականացված քննադատը կարող է երազել առանց չեչենների աշխարհի մասին, Սաակաշվիլիի երեսը պատռողն ու նրա երկրպագուն կարող են հաշտվել աբխազներին հիշելիս, ովքեր իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում, ու նույնիսկ բավականին ժողովրդավարական հայացքների տեր բաքվեցի գործընկերը կարող է ընկերական զրույցի ժամանակ լրջանալ, երբ խոսքը գնում է առանց Բաքվի թույլտվության Ղարաբաղ գնացողների մասին։

Հարցը, թե արդյոք այս մարդիկ իսկապես հավատում են, որ ամեն ինչ կվերադառնա, սկզբում կարող է կարևոր թվալ։ Քանի որ այդ դեպքում բավական է իրենք ամեն ինչ բացատրեն, խոսեն նրանց հետ, ովքեր վաղուց արդեն մյուս կողմում են, ովքեր հեռացել են, ում երեխաներն ու թոռները մեծացել են, ովքեր համատեղ կյանքի շրջանին ծանոթ են միայն ոչ բարով գրված դասագրքերից, ու ամեն ինչ իր տեղը կընկնի․ մետրոպոլիան ամեն ինչ կգիտակցի ու կհամակերպվի՝ ժամանակ ու ջանք չծախսելով իռացիոնալի ու խորհրդանշականի վրա։ Բայց բանն այն է, որ կորցված ամբողջականության կարոտը ինքնին բավականին պրագմատիկ է։ Սահմանները չպետք է վերականգնվեն նորացված մարդկային համակեցությամբ ապրելու համար, այլ՝ բոլորովին այլ պատճառով։ Եթե աբխազները չեն ցանկանում վերադառնալ, ուրեմն՝ թող վերադառնա Աբխազիան՝ առանց աբխազների։ Ղարաբաղցիները կարող են ազատ լինել, միայն թե թող ազատեն ի սկզբանե ադրբեջանական Ղարաբաղը։ Իսկ վրացիները՝ Գալիի շրջանը։

Ահա այն տրամաբանությունը, որը ոչ ոք չի թաքցնում։ Իսկ ինչո՞ւ։ Առաջին հերթին այն պատճառով, որ ոչ ոք դրանում որևէ ամոթալի բան չի տեսնում։

Ինչքան հեշտ կլիներ ամեն ինչ բացատրել հետխորհրդային տրավմաներով, ժողովրդավարության պակասով ու պրոլետարական գործի այլ գեղարվեստական ժառանգությամբ։ Բայց նույնիսկ բավական զարգացած իսպանացիները կատալոնական նկրտումներին արձագանքում են ապշեցուցիչ նմանությամբ՝ ոչ մի թիզ հայրենի հող, այլ ոչ՝ մարդիկ այդ հողի վրա։

Պոստմոդերնիզմը չի փրկում։ Չեն փրկում ոչ գլոբալիզացիան, ոչ էլ աշխարհի բոլոր երկաթուղային կայարաններն ու օդանավակայանները գրաված կոսմոպոլիտ սերնդի դեռահասներն իրենց ուսապարկերով ու աշխարհի հանդեպ բաց փայլող հայացքներով։ Չի փրկում նույնիսկ քաղաքացիական ազգը, որը, դեռ չկայացած, այդ իմաստով ավելի զարգացած չէ, քան էթնիկը։ Ֆան-շարժման ժանրը, իր «մերոնքական֊չմերոնքականներով», թմբուկներով ու վանկարկումներով, նույնն է՝ թե՛ աստծու, թե՛ հայրենիքի, թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի», թե՛, ինչպես վերակառուցման ժամանակների մի լավ ֆիլմում, Պուշկինի սիրահարների միության համար։ Էթնիկ ազգի գերակայությունից աճում է էթնիկ ազգայնականություն, քաղաքացիականից, որն ուղղակի դարձել է պետական՝ պետական ազգայնականություն: Ո՞վ կարող է վստահորեն ասել՝ ո՞ր տարբերակն է ավելի լավ։

Գաղափարը տիրել է զանգվածներին, բայց առաջնորդն ու ուսուցիչը չի հստակեցրել, որ նյութական ուժ այն դառնում է ոչ թե ընդհանրապես, այլ՝ կոնկրետ ծրագրի համար։ Հեղափոխության համար, կայսրությունից փախուստի, Օլիմպիադայի։ Բայց զանգվածները հեշտ են ընտելանում միասնության երջանկությանը, նույնիսկ երբ ծրագիրն իրականացված է (կամ, ընդհակառակը, ձախողված, ինչն այնքան էլ կարևոր չէ), իսկ արարքը լավն էր, հետևաբար, ո՞վ պետք է դատապարտի պայքարի մեջ կյանքը շարունակելու համար։ Սահմանների դեպքում, սակայն, ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ պետությունը, բնականաբար, փոխում է իր էությունը, սահմանները հարաբերական են, ու մարդիկ ավելին արժեն, քան՝ տարածքները։ Բայց չէ՞ որ ոչ ոք ո՛չ սահմանները, ո՛չ պետությունը չեղյալ չի հայտարարել․ ազատությունը ազատություն, բայց Կատալոնիան Իսպանիա է, քանի որ այլ տարբերակ ոչ ոք դեռևս չգիտի, ու, հետևաբար, եթե անջատողականության դեմ ես, ապա պետք է կկոցես աչքերդ, որպեսզի կրկին չնկատես ու չլսես այն, ինչ ոչ ոք չի թաքցնում։

Կոլեկտիվ անգիտակցության ազատականացման փոխարեն տեղի է ունենում դրա ադապտացիա ու արդիականացում՝ հեշտացնելու հիմնավորման գործընթացն այն երևույթի, որ էվոլյուցիայի ողջ նախորդ տրամաբանությամբ հիմնավորում չէր ենթադրում։ Հիմնավորումը պահանջված է, ահա ողջ խնդիրը։ Նրանց կողմից, ովքեր ցանկանում են քվեարկել Նավալնու օգտին ու հոգնել են բացասական կասկածներից խուսափելուց․ իսկ այս օրերին յուրաքանչյուր ոք ունի իր սեփական Նավալնին, և ոչ միայն Ռուսաստանում։

Թերևս, սակայն, ի՞նչ կապ ունի այստեղ բլոգեր Լապշինը։

հեղինակ՝ Վադիմ Դուբնով
հրապարակվել է “Էխո Կավկազա” կայքում