Home / Բանտ / 25 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը պատրաստվում է ջրադուլ հայտարարել

25 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը պատրաստվում է ջրադուլ հայտարարել

Արդեն 25 օր շարունակ «Նուբարաշեն»-ի բանտում հացադուլի մեջ գտնվող, Ժիրայր Սեֆիլյանի գործով 7 ձերբակալվածներից Ներսես Պողոսյանը պատրաստվում է դիմել ծայրահեղ քայլի՝ ջրադուլ հայտարարել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել նրա պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Արայիկ Պապիկյանը: 7 ամիս կալանքի տակ գտնվող Պողոսյանը պահանջում է փոխել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը կամ գրավը։

Երեկ՝ հունվարի 8-ին, հացադուլավորին այցելած փաստաբանը պնդում է, որ կալանավորի վիճակը վատ է:

«Շատ հյուծված և հոգնած էր, չնայած ինքն ասաց, որ դժգոհություններ չունի առողջության հետ կապված: Բայց արտաքնապես էլ երևում էր, որ շատ վատ վիճակում էր», – նշել է Պապիկյանը:

Նրա խոսքով՝ Պողոսյանը ասել է, որ իրեն պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկի բժիշկները, միայն ճնշումն են չափում և գնում: Կալանավորը հայտնել է նաև, որ ոչ մի պարագայում չի դադարեցնելու իր հացադուլը:

Ավելի վաղ իր կալանքի վերաբերյալ Պողոսյանը նամակով իր բողոքն էր հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Դատախազությանը և Արդարադատության նախարարությանը:

Փաստաբանի խոսքով՝ Դատախազությունից հարցի հետ կապված ոչ մի արձագանք չի եղել, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տարավերջին են միայն այցելել կալանավորին: Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության պատասխան նամակին՝ փաստաբանը նշել է, որ այնտեղ արձանագրված է եղել միայն Պողոսյանի՝ հացադուլ հայտարարելու փաստը։

Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 235 հոդվածի 2 մասով՝ ապօրինի կերպով զենք զինամթերք կրելը, տեղափոխելը, փոխադրելը, սակայն հետագայում մեղադրանքը փոխվել է 235 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ կազմակերպված խմբի կազմում այդ գործողությունները կատարել։ Փաստաբանի խոսքով՝ Պողոսյանը 2006 թվականից ի վեր ակտիվ մասնակցել է քաղաքական ու հասարակական բողոքի ակցիաներին, և, համաձայն Պապիկյանի, նրա դեմ գործ հարուցելը հավանաբար այդ ակտիվության համար է եղել։