Home / Առողջապահություն / Բանտում բուժօգնություն չեն տրամադրում, շարունակում է ահազանգել «Սասնա ծռերի» խմբի անդամի փաստաբանը

Բանտում բուժօգնություն չեն տրամադրում, շարունակում է ահազանգել «Սասնա ծռերի» խմբի անդամի փաստաբանը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ից դեկտեմբերի 30-ին «Նուբարաշեն» տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը։ Հովհաննեսը ոտքի հատվածում կրկին ցավեր ունի, սակայն նրան այդպես էլ պատշաճ բուժօգնություն ցույց չեն տալիս։

«Մի քանի անգամ եղել է, որ ես Հովհաննեսի մոտ եմ եղել, ու նա ոտքի հատվածում ուժեղ ցավեր է ունեցել։ Ցավազրկող ներարկելու համար բժիշկ ենք կանչել, բայց կամ բժիշկ չէր գալիս, կամ էլ հոգեբուժարանից անփորձ բժիշկ էին ուղարկում, ով ասում էր, որ առաջին անգամ է սիստեմա միացնում»,- ասել է Հայարփի Սարգսյանը։

Վերջին անգամ փաստաբանն իր պաշտպանյալին այցելել է այսօր՝ արդեն «Նուբարաշենում»։ Նա ասել է, որ Հովհաննեսին տեղափոխել են շատ հանկարծակի՝ առանց իրեն զգուշացնելու․ «Ես դեկտեմբերի 30-ին գնում էի Հովհաննեսին այցելության, երբ «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ինձ ասաց, որ նրան տեղափոխել են, ու անգամ չասաց, թե ուր են տեղափոխել»։

Սարգսյանն այս տեղափոխումը շատ կասկածելի է համարում․ «Կարծես, միտումնավոր արած լինեն, որովհետև վերջին շրջանում ոչ մի բժիշկ չէր այցելում Հովհաննեսին, իսկ տեղափոխման հիմնավորման մեջ ասվում է, որ Հարությունյանը տեղափոխվել է, քանի որ չունի ստացիոնար բուժման կարիք։ Բայց ինչպես կարող են իմանալ, որ բուժման կարիք չունի, եթե բժիշկներ չեն այցելել նրան»։

Մեր զրուցակիցը համոզմունք է հայտնել, որ Հովհաննեսին նաև միտումնավոր են դեկտեմբերի 30-ին աշխատանքային օրվա ավարտին՝ 17։30-ին տեղափոխել այլ ՔԿՀ, որպեսզի ինքն այդ օրը չհասցնի ինչ֊որ տեղ դիմել, իսկ հաջորդ օրերն արդեն տոնական էին, ոչ աշխատանքային։

Փաստաբանը նշել է, որ իրենք արդեն գրություն են ուղարկել Մարդու իրավուքների Եվրոպական դատարան՝ խնդրելով միջամտել, որպեսզի Հովհաննեսին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, պատշաճ բուօգնություն ցույց տան և փոխեն խափանման միջոց կալանքը։

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը 2016 թվականի հուլիսի 26-ին ոստիկանների կողմից արձակված կրակոցների հետևանքով ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել և մոտ 2 ժամ անց տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այնտեղ նրա ոտքից որոշ բեկորներ են հեռացրել: Ոտքի վիրահատություն չի իրականացվել։ Հայարփի Սարգսյանը բազմիցս ահազանգել է, որ այդպես էլ չիրականացված վիրահատությունը հետևանքով նրա վիրավոր ոտքը ծայրահեղ վատ վիճակում է՝ բարակել է և փոխել է գույնը: