Գլխավոր / Բանակ / Մեքենայի անսարքությունը և բեզնին խնայելը՝ զինվորի մահվան պատճառ

Մեքենայի անսարքությունը և բեզնին խնայելը՝ զինվորի մահվան պատճառ

«Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, որի վթարի հետևանքով 2016 թվականի ապրիլի 8-ին մահացել էր Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող 21-ամյա Վարդան Մաթևոսյանը, ունեցել է արգելակման համակարգի անսարքություններ, ինչի մասին իրավասու անձինք նախապես տեղյակ են եղել։ Բացի դրանից, զինվորներին տեղափոխող մեքենան համապատասխան նստարաններով կահավորված չի եղել և թափքը գույքով է բեռնված եղել։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում գտնվել էր 11 զինծառայող։ Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Epress.am-ի հետ զրույցում մահացած զինվորի մայրը՝ Նաիրա Երեմյանը, ասել է, որ մեքենան ի սկզբանե նախատեսված է եղել միայն գույք տեղափոխելու համար։

«Նրանք երկու մեքենա պետք է ուղարկեին, մեկը՝ երեխեքին իջացնելու, մյուսը՝ գույքը։ Բայց գույքը և երեխաներին մի մեքենայով են իջացրել․․․ ինչի՞ ավելորդ ծախս անեն, բենզին ծախսեն, մեքենա օգտագործեն», — նշել է զինվորի մայրը՝ հավելելով, որ օրենքի խախտում է եղել զինվորներին և գույքը միաժամանակ տեղափոխելը։

Երեմյանն ասել է, որ Ամանորից առաջ իրենց հայտնել են, որ գործով ընդգրկված են որպես տուժող, իսկ տոներից հետո գործը արդեն կգնա դատարան։ Մահացած զինծառայողը պետք է զորացրվեր բանակից այս տարվա հունվարի 15-ին։

Քննչական կոմիտեն նշում է, որ նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել 4 անձանց։

«Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյութաապահովման վաշտի պայմանագրային զինծառայող, վարորդ Ա․ Ազիզյանի, ավտոծառայության պետ, մայոր Կ.Վահանյանի, տեխնիկական ստուգման հսկիչ տեխնիկական կետի պետ, ենթասպա Հ.Հովհաննիսյանի կողմից ավտոմեքենայի շահագործման կանոնները խախտելու հետևանքով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շահագործվել է՝ արգելակման համակարգի անսարք լինելով հանդերձ», — ասված է Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրության մեջ։

Վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել 377 հոդվածի 2-րդ մասով։

Բացի դա, նշում է Քննչական կոմիտեն, նույն զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով մարտական դիրքից գույքը և հերթապահություն իրականացնող անձնակազմը զորամաս են տեղափոխվել բեռնատար ավտոմեքենան համապատասխան նստարաններով չկահավորված և թափքը գույքով բեռնված։ Գ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, եթե դա էական վնաս է պատճառել):