Home / Կրթություն / Բացառիկ զգայուն ու սրտացավ․ պրոֆեսորը հոդված է գրել Տարոն Մարգարյանի մասին․ «ՀԺ»

Բացառիկ զգայուն ու սրտացավ․ պրոֆեսորը հոդված է գրել Տարոն Մարգարյանի մասին․ «ՀԺ»

Անցյալ տարի լույս տեսած «Երևան 4» գիտական հոդվածների ժողովածուում հոդված է հրապարակվել ձոնված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Հոդվածի խորագիրն է «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երևանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա»։ Այն հեղինակել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ Աշխատանքի մասին մանրամասներ է ներկայացնում «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Լրագրող Աննա Զախարյանը նշում է, որ Ասատրյանի հոդվածը սկսում է քաղաքապետի խոսքերը մեջբերելով․ «Վստահ եմ, որ ամենօրյա հոգատարությամբ, սրտացավ աշխատանքով և անմիջական նվիրումով մենք օր առաջ, բոլորս միասին կունենաք այն Երևանը, որի մասին երազում ենք»։

Աննա Ասատրյան, լուսանկարը՝ womennet.am

Գիտությունների դոկտորն այնուհետև շարունակում է գրել․ «․․․Այս աշնանը՝ նոյեմբերի 15-ին, լրանում է Երևանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Անդրանիկի Մարգարյանի պաշտոնավարման 5-ամյա հոբելյանը․․․ երևանցին վստահեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա գլխավորած ՀՀԿ թիմին՝ տեսնելով նրա կատարած աշխատանքն ու հաշվի առնելով աշխատանքային հարուստ փորձը․ ընտրեց և չսխալվեց»։

Երևանի երաժշտական կյանքի առաջընթացին վերաբերող գիտական հոդվածում, նշում է հոդվածագիրը, շարունակվում է Մարգարյանի գովքը․ «Մենք այսօր ունենք գործող քաղաքապետ, ով տեղական ինքնակառավարման մարմիններում իր աշխատանքի տարիներին կուտակել է ուսանելի փորձ․․․ Նա լավ գիտե Երևանի 12 վարչական շրջանների յուրաքանչյուրի առջև ծառացած խնդիրները, բնակիչների հոգսերն ու նրանց հուզող հարցերը, գիտե նաև դրանց լուծման ուղիները ու, որ ամենակարևորն է, պատրաստ է դրանք լուծելու։ Նա պաշտոնն ընկալում է ոչ թե վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին՝ տվյալ դեպքում՝ երևանցուն ծառայելու հնարավորություն»։

Ասատրյանն այնուհետև շարունակում է փառաբանել քաղաքապետի մարդկային որակները։

«Այստեղ նկատենք, որ կենսական տարբեր գործոններ և հանգամանքներ (ընտանեկան ճիշտ և հիմնարար դաստիարակություն, առողջ և ուսանելի կենսափորձ, բնատուր բարություն ու լավատեսական խառնվածք և այլ) Մարգարյանի մեջ ձևավորել են մարդկային բնավորության այնպիսի առաքինի գծեր, ինչպիսիք են հայրենասիրությունը, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումը, ազնվությունն ու հավատարմությունը, բացառիկ զգայուն, հոգատար ու սրտացավ վերաբերմունքը շրջապատի մարդկանց, համաքաղաքացիների, նրանց հուզող հարցերի և հոգսերի նկատմամբ, բարությունն ու մարդասիրությունն առհասարակ։ Եվ այս առումով միանգամայն օրինաչափ է, որ նա իր ուրույն ու պատվավոր տեղն է գրավել ինքնատիպ և իր տեսակի մեջ եզակի կառույցի՝Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամների աստղաբույլում»,- ասվում է Ասատրյանի հոդվածում (սույն ակադեմիայի նախագահն, ի դեպ, հոդվածագրի հայրն է՝ Գրիգոր Ասատրյանը, ինքն էլ՝ նախագահության անդամ)։

Թերթն ընդգծում է, որ հոդվածի հեղինակը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ Երևանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար (Աննա Ասատրյանը ՀՀԿ անդամ է)։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում