Գլխավոր / Հայաստան / Լրագրող Պետրոս Ղազարյանին ներել են․ մամուլ

Լրագրող Պետրոս Ղազարյանին ներել են․ մամուլ

Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը մեկ շաբաթից կվերադառնա աշխատանքի։ Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը՝ նշելով, որ Ղազարյանը արձակուրդի մեջ է եղել միայն։

«Ոչ մի նոր փոփոխություն չկա: Այս փուլում Պետրոսի մոտ արձակուրդ է, դեռ իր հետ չեմ խոսել: «Ուրվագիծ»-ն իր հեղինակային հաղորդումն է, որ վերադարձավ աշխատանքի, պարզ է՝ պետք է գա, իր հաղորդումը վարի։ Ինչպես Պետրոսը, այնպես էլ մյուս բոլոր աշխատողները տարեկան ունեն իրենց հասանելիք արձակուրդը: Պետրոսը, որ պետք է արձակուրդ գնար, դրա մասին մոտ 2 ամիս առաջ էլ գիտեինք, այս մասով որևէ բան չունեի իրեն ասելու: Ինքն իր տարեկան սահմանված արձակուրդն է գնացել: Այսինքն՝ նախորդ տարի էլ է արձակուրդ գնացել, այս տարի էլ է գնացել, այստեղ որևիցե արտասովոր բան չկա », — ասել է «Կենտրոնի» տնօրենը:

Հիշեցնենք, որ Ղազարյանը արձակուրդ էր գնացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 14֊ին իր հաղորդմանը հյուրընկալել էր դերասան Սերգեյ Դանիելյանին, ում հետ զրուցել է վերջինիս նախաձեռնած Քաղաքացիական ակտիվ քայլ (ՔԱՔ) դեռևս չգրանցված կուսակցության մասին։ Հետագայում այդ հաղորդումը «Կենտրոն» հեռուստաընկերության պաշտոնական YouTube-ի ալիքից հեռացվել է։

Հաղորդումը լայն տարածում էր գտել սոցցանցերում։ ՔԱՔ֊ի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ 10 օրում կուսակցությանը անդամակցել է 1000 մարդ։

Այդ ժամանակ մամուլում լուրեր էին տարածվել, որ Ղազարյանը ոչ թե արձակուրդի մեջ է, այլ նրան հեռացրել են Սերգեյ Դանիելյանի հետ զրույցի պատճառով։ Զուգահեռ լուրեր էին տարածվել, որ Ղազրայանին փոխարինելու է «Շանթ» և «Հ1» հեռուստաընկերությունների նախկին քաղաքական մեկնաբան Նվեր Մնացականյանը։

«Հրապարակ» օրաթերթը, այնուամենայնիվ, նշում է, որ իրականում եղել է կոնֆլիկտ, սակայն Ղազարյանին ներել են և կոնֆլիկտը հարթվել է։