Գլխավոր / Հայաստան / Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնագիր են կնքել ռուսական կողմի պայմաններով

Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնագիր են կնքել ռուսական կողմի պայմաններով

Վրաստանի կառավարությունը հունվարի 11֊ին հավանություն է տվել «Գազպրոմ» ընկերության հետ՝ Վրաստանի տարածքով Հայաստան ներկրվող ռուսական գազի տարանցման վճարի պայմանների վերաբերյալ պայմանագրին։ Գործարքի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, սակայն երկրի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքով, «տարանցման գինը եվրոպական երկրների շարքում ամենաբարձրերից կլինի»։ Տվյալ համաձայնագիրը փորձագիտական հանրության կողմից ոչ միանշական արձագանքի է արժանացել։

«Գազպրոմի» հետ բանակցությունների արդյունքները կառավարությանը ներկայացնելիս՝ Կալաձեն երեկ ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների փորձի՝ այս անգամ ռուսական ընկերության հետ համաձայնագիրը կկնքվի երկու տարի ժամկետով։

«Առաջին տարում հումքով վճարման ձևը մասամբ պահպանվում է, ապա սկսվում է տարանցման կանխիկ գումարով վճարումը՝ համապատասխան միջազգային պրակտիկայի։ Ձմռանը գազի լրացուցիչ ծավալներ ստանալու անհրաժեշտության դեպքում, գինը 215 դոլարի փոխարեն կկազմի 185 դոլար [հազար խորանարդ մետրի դիմաց]»,֊ հայտարարել է նախարարը։

«Էխո Կավկազա» գործակալությունը ներկայացնում է փորձագետների կարծիքներ, որոնք տարբեր կերպ են մեկնաբանում «Գազպրոմի» հետ բանակցությունների եզրափակիչ մասը։ Տնտեսագետ Գոչա Տուտբերիձեի համոզմամբ՝ Վրաստանն առանց որևէ դիմադրության ընդունել է ռուսական ընկերության բոլոր պայմանները։

«Սա միանշանակ ոչ ձեռնտու որոշում է։ Չեմ հասկանում, թե կառավարությունն ինչու է այդքան հեշտորեն համաձայնել Ռուսաստանի պայմաններին։ Վստամ եմ, որ Վրաստանը տարանցման համար զգալիորեն ավելի ծացր գին կստանա, քան գոյություն ունեցող բանաձևով։ Անցած տարվա նմանատիպ բանակցություններն ակնհայտորեն ցույց տվեցին Ռուսաստանի գազային շանտաժի խոցելիությունը, որը բլեֆ էր անում Իրանից Հայաստան այլընտրանքային գազի մատակարարմամբ՝ համապատասխան պայմանների բացակայության պարագայում: Ես նրանց դիրքորոշումը կհասկանայի, եթե Վրաստանը դրա դիմաց քաղաքական զիջումների արժանանար Ռուսաստանի կողմից: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր մեր ռազմավարական գործընկերներին [բանակցություններում] ներգրավել որպես միջնորդներ, բայց, չգիտես ինչու, մեր կառավարությունն անտեսեց այդ ասպեկտը»։

Էներգետիկայի հարցերով փորձագետ Անդրիա Գվիդիանին, իր հերթին, համոզված է, որ երկիրը պարզապես չուներ այլ ընտրություն, քանի որ «Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետը լրացել էր, իսկ գազի չարտոնված օգտագործումը Վրաստանի օգտին չէր ավարտվի։ Միևնույն ժամանակ, փորձագետն ընդգծում է, որ տարանցման վերաբերյալ համաձայնության գումարային վճարման դեպքում, Վրաստանը կստանա ավելի քիչ, քան հումքով վճարման պայմաններում։

«Վրաստանն ամեն տարի տարանցման դիմաց ստանում էր 200 միլիոն խորանարդ մետր գազ։ Բայց ֆինանսական վճարման ձևի անցումն անխուսափելի էր, քանի որ դա փոխհաշվարկների աշխարհում ընդունված ձևն է։ Եթե Վրաստանը չհամաձայներ Ռուսաստանի պայմաններին, մենք, փաստորեն, Հայաստանը կթողնեինք առանց գազի, ինչը, մի կողմից, շարունակություն կգտներ միջազգային արբիտրաժում, և, մյուս կողմից, զգալիորեն կվատթարացներ հարաբերությունները Հայաստանի հետ։ Կարծում եմ, քաղաքական պարտությունը նման իրավիճակում ակնհայտ է։ Բարդ է խոսել Վրաստանի ենթադրյալ պարտության մասին, քանի դեռ տարանցման համաձայնագրի պայմանները չեն հրապարակվել», ֊ նշել է Գվիդիանին։

«Իսկապես, Կալաձեն [երեկ] այդպես էլ չնշեց տարանցման վճարի գինը՝ ասելով միայն, որ դա կլինի «եվրոպական երկրների շարքում ամենաբարձրերից մեկը»։ Փորձագետներին մնում է միայն պայմանագրում նշված թվերի մասին գուշակություններ անել։ Տվյալ իրավիճակում բարդ է զուգահեռներ անցկացնել այլ երկրների հետ, քանի որ գազի տարանցման վճարումն իրականացվում է ոչ թե ինչ֊որ բանաձևի համաձայն, այլ՝ երկրների միջև երկկողմ համաձայնությունների։ Հայտնի է, սակայն, որ, օրինակ, Ուկրաինան 1000 խորանարդ մետր գազի՝ յուրաքանչյուր 100 կիլոմետրի համար տարանցման դիմաց գանձում է շուրջ 5 դոլար»,֊ գրում է «Էխո Կավկազա»֊ն։