Home / Առողջապահություն / Երևանից արյուն էին բերում. Կապանում մահացած ծննդկանի բժիշկը փախել է քաղաքից, պատմել է հայրը

Երևանից արյուն էին բերում. Կապանում մահացած ծննդկանի բժիշկը փախել է քաղաքից, պատմել է հայրը

2016 թվականի դեկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մարինե Իվանյանի ծնունդն ընդունած և հետագա վիրահատությունն իրականացրած բժիշկ, ծննդատան մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանն անհետացել է քաղաքից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է մահացած ծննդկանի հայրը` Վարդան Իվանյանը: Վերջինս բժշկին է մեղադրում դստեր և թոռան մահվան մեջ: Նրա խոսքով՝ հետագայում սերունդ տալու համար չեն հեռացրել դստեր արգանդը, որն էլ դարձել է արյունահոսության և դստեր մահվան պատճառը:

Հղիության 9-րդ ամսում գտնվող 26-ամյա Մարինե Իվանյանը պետք է ծննդաբերեր դեկտեմբերի 27-ին, սակայն զգալով, որ երեխայի սրտի զարկերը թուլացել են, նա դրանից երեք օր առաջ դիմել է Կապանի ծննդատուն: Այնտեղ, Մարինեի հոր խոսքով, դստերն ասել են, որ երեխան արդեն մահացած է:

«Իրենց ասելով՝ երեխան արդեն մահացել է, սակայն իմ աղջիկը ասում էր, որ ինքը զգում է, որ թույլ բաբախում է երեխայի սիրտը: Էնտեղ ասացին՝ դա քեզ է թվում»,- պատմել է Մարինեի հայրը:

Նրա խոսքով՝ դրանից հետո իրենք բժիշկներին առաջարկել են կեսարյան հատում անել: Սակայն ծննդկանի հարազատներին ասել են, որ մեթոդներ կան, և համապատասխան ներարկում անելուց հետո Մարինեն կարող է բնական ճանապարհով ծննդաբերել:

«Դե, որ պտղի սիրտը կանգնել է, ասացինք՝ կեսարյան արեք, էնքան որ, ասացի, երեխայիս հետ ոչ մի բան չկատարվի: Իրենք ասացին՝ բերանդ խերով բացի, կան միջոցներ, մենք մեր մեթոդներով կանենք, սրսկել ենք, ինքը նորմալ ձևով ազատվելու է։

Դե ես բժիշկ չեմ, չեմ հասկանում, իրանք ասում են, մենք էլ իրենց ասածով համաձայնում ենք», -ասել է Իվանյանը:

Ներարկումից 15 ժամ անց՝ դեկտեմբերի 25-ի ժամը 04:45-ի սահմաններում, Մարինեն բնական ճանապարհով ծննդաբերում է աղջիկ երեխա:

«Էդ ժամանակ աղջիկս լավ էր, արյունահոսություն ու կարեր էլ չկային: Երկու ժամ հետո՝ 06:15, կնոջս հետ խոսում էր, ասաց՝ ուժեղ ցավեր ունեմ: Կես ժամ հետո իրարանցում սկսեց, ասացին՝ արյունահոսություն է սկսել, արյուն ենք պատվիրել Գորիսից, պետք է գա, հեսա գալիս է, ասացին՝ տաքսիով գնացեք, փող տվեք, վերցրեք: Դրանից հետո տեսան քիչ է արյունը, ասացին հիմա էլ Երևանից պատվիրենք, Գորիսում արյուն չկա», – պատմել է Իվանյանը:

Նրա խոսքով՝ իրենք Կապան մեկնող տաքսիներին պատվիրել են, որ Երևանի 8-րդ հիվանդանոցի արյան բանկից արյուն բերեն, սակայն մինչև այն տեղ են հասցրել, Մարինեն 11:30-ի սահմաններում  մահացել է վիրահատական սեղանի վրա՝ սրտի կանգից:

Հոր  խոսքով՝ չնայած Մարինեի արյունահոսությանը, հիվանդանոցում չեն շտապել վիրահատել նրան՝ պատճառաբանելով, որ Մարինեն դեռ երեխա չունի, պետք է ամեն կերպ փրկել նրա արգանդը, որ հետագայում երեխա ունենա:

Իվանյանն ասում է, որ գուցե հենց սկզբում, եթե կեսարյան հատում իրականացնեին, փրկվեր և՛ Մարինեն, և՛ նրա դուստրը:

«Ոնց ասում են՝ հրաշքներ լինում ա, թող կեսարյան անեին, կարող ա երեխային էլ փրկեին, իրան էլ փրկեին: Լավ, հասկանում եմ՝ երեխային չփրկեցին, բայց դե գոնե դստերս փրկեին, հետո թող չբազմանար, իմ համար կարևորը իմ երեխան է, մնացածը չէր հետաքրքրում: Պտղի մեռնելուց 15 ժամ հետո, մահացած պտղի պատճառով արյան սպիտակ գնդիկներ են առաջացել աղջկաս մոտ, արյունը ջրիկացել է, աղջիկս մահացել է: Բժիշկը՝ Միկոյանը,  էդքան բան չի հասկանու՞մ: Ինքը ասաց՝ ես իմ մեթոդներն ունեմ», – ասել է Իվանյանը:

Նույն օրը Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Նշանակվել են մահացած պտղի և Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ծննդկանի հոր խոսքով՝ նշանակված փորձաքննութունը կպարզի նաև, թե կոնկրետ ինչ պատճառով է մահացել Մարինեի երեխան. «Ծնվելուց հետո երեխան սպիտակ է եղել, ես հարցրի՝ բա որ պտուղը մահացած է, ինչպե՞ս է եղել, որ սպիտակ է, և ոչ կապտած»:

Արդեն Ոստիկանությունում՝ ցուցմունք տալիս, հայրը բողոք է ներկայացրել, ոչ միայն դստեր ծնունդն ընդունած և վիրահատությունն իրականացրած բժիշկ Միկոյանի դեմ, այլ նաև Մարինեի հղինության ընթացքը հսկող բժիշկ Անուշ Բալասանյանի դեմ:

Երբ Մարինեն սկսել է արյունահոսել, նրա հարազատները զանգահարել են նաև Բալասանյանին, սակայն նա չի պատասխանել, երբ գնացել են նրա տուն, ասել է, որ չի կարող գնալ հիվանդանոց՝ Մարինեի մոտ, քանի որ իր երեխան տանը մենակ կմնա:

«Ես էն ժամանակ ասացի, հիվանդիդ մենակ ու՞ր ես թողնում, գնում, ասաց՝ հենց ինքը ցավեր ունենա, ես կկանգնեմ նրա մոտ»,  -պատմել է Իվանյանը:

Դեպքից անմիջապես հետո մեզ հետ զրույցում բժիշկ Միկոյանը պնդել էր, որ երեխային փրկել հնարավոր չէր, քանի որ պտուղն արդեն մահացած էր։

«Մեռած պտուղը միշտ տալիս է արյան հետ կապված բարդություններ, մակարդելիության խանգարում։ Մենք սպասում էինք դրան, մենք ձեռներս ծալած չենք նստել մինչև ծննդաբերությունը», – ասել է բժիշկը։

Նրա խոսքով՝ կեսարյան հատման եղանակով հնարավոր չէր հեռացնել պտուղը, քանի որ մեռած պտղի վրա կեսարյան հատում չեն իրականացնում։

«Դրանից հետո փորձում էինք գոնե կնոջ արգանդը փրկել, նրա առաջին երեխան էր, սակայն չհաջողվեց, քանի որ նրա մոտ արյունահոսությունը չէր դադարում։ Վիրահատության ժամանակ էլ գրանցվեց սրտի կանգ», – նշել էր Միկոյանը։