Home / Ոստիկանություն / Հայաստանում ոստիկանական բռնությունները մնում են անպատիժ

Հայաստանում ոստիկանական բռնությունները մնում են անպատիժ

Հայաստանի կառավարությունը չի ապահովել խաղաղ ցուցարարների դեմ չափազանց և անհամաչափ ուժ կիրառելու համար պատասխանատու իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ողջամիտ և վստահելի հաշվետվողականություն․ ցուցարարները կրում են երկարատև պատիժներ, բայց նրանց նկատմամբ կիրառված բռնությունը մնում է անպատիժ, ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ հունվարի 12֊ին հրապարակված 2017թ. Համաշխարհային զեկույցում:

֊ 2016թ. հուլիսին իշխանություններն ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել մայրաքաղաք Երևանում ցույցերը լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են բողոքի ցույցի տասնյակ առաջնորդների և մասնակիցների՝ անհիմն քրեական գործեր հարուցելով նրանց դեմ և նրանցից ոմանց զրկելով ձերբակալված անձանց հիմնական իրավունքներից:

«Վեց ամիս անց, մենք դեռևս սպասում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն հուլիսին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահները», – ասել է Գեորգի Գոգիան, Human Rights Watch-ի՝ Հարավային Կովկասի հարցերով տնօրենը։ «Իշխանությունները չեն հապաղել բազմաթիվ ցուցարարների հետապնդելու հարցում, բայց կարգազանց ոստիկանների նկատմամբ նույն խստությամբ չեն իրականացրել արժանահավատ հետաքննություն և պատշաճ հետապնդում»:

Human Rights Watch-ի՝ 687 էջից բաղկացած Համաշխարհային զեկույցի 27-րդ հրատարակությունը դիտարկում է մարդու իրավունքների իրավիճակն ավելի քան 90 երկրներում: Իր ներածական ակնարկում գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը գրում է, որ ավտորիտար պոպուլիստների նոր սերունդը ձգտում է տապալել մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը՝ իրավունքները դիտարկելով որպես մեծամասնության կամքի խոչընդոտ: Հանուն նրանց, ովքեր զգում են, որ համաշխարհային տնտեսությունը նրանց ետ է թողել և գնալով ավելի են վախենում բռնի հանցագործություններից, քաղաքացիական հասարակության խմբերը, լրատվամիջոցները և հանրությունը վճռորոշ դերակատարում ունեն՝ վերահաստատելու համար այն արժեքները, որոնց հիման վրա կառուցված է մարդու իրավունքները հարգող ժողովրդավարությունը:

Human Rights Watch-ը նաև բացահայտել է մարդու իրավունքների այլ լուրջ խնդիրներ Հայաստանում, այդ թվում ընտանեկան բռնության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնության և խտրականության, ինչպես նաև ցավազրկող դեղորայքի մատչելիության անհարկի սահմանափակումները՝ կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Հիմնականում խաղաղ բնույթ կրող բողոքի ցույցերը բռնկվեցին արմատական ընդդիմադիր զինյալների խմբի, «Հիմնադիր խորհրդարանի», կողմից հուլիսի 17-ին Երևանի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, որի ընթացքում սպանվել էր մեկ ոստիկան և պատանդ էին վերցվել մի քանիսը: Մինչ զինյալները կհանձնվեին հուլիսի 31-ին, հանրային աջակցությունը նրանց հանդեպ և դժգոհությունն իշխանություններից վերաճեց մի լայն բողոքի շարժման։

Ոստիկանության արձագանքը դաժան է եղել որոշ դեպքերում: Հուլիսի 29-ին ոստիկանությունը կիրառել է խլացուցիչ նռնակներ ոստիկանության գրավված գնդի հարևանությամբ հավաքված խաղաղ բազմության նկատմամբ՝ ցուցարարներին և լրագրողներին պատճառելով առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ և բեկորային վնասվածքներ: Ոստիկանները և նրանց հետ գործող անհայտ քաղաքացիական հագուստով մարդիկ, հարձակվել են ցուցարարների վրա, հարվածներ հասցրել բռունցքներով, ոտքերով և օգտագործել փայտե մահակներ ու երկաթե ձողեր՝ ծեծելով որոշ ցուցարարների և ձերբակալելով շատերին:

Հուլիսին և օգոստոսին, իշխանությունները կրկին կամայականորեն կալանավորել են բողոքի ցույցերի հետ առնչություն ունեցող տասնյակ մարդկանց:

Իշխանություններն առանց հապաղելու հետաքննություն էին սկսել ոստիկանության դրսևորած հակաիրավական վարքագծի առնչությամբ, սակայն հետաքննությունը հանգեցրել է սահմանափակ պատասխանատվության։ Իշխանություններն աշխատանքից ազատել են Երևանի ոստիկանապետին «ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը չկանխելու» համար։ Ոստիկանության 17 այլ ծառայողներից ոմանց լիազորությունները կասեցվել են, մյուսներին հայտարարվել է նկատողություն, սակայն ոչ մի քրեական գործ չի հարուցվել որևէ պաշտոնատար անձի նկատմամբ: Դեկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Երևանի փոխոստիկանապետին «հասարակական կարգի գերազանց պահպանության» համար ոսկե մեդալով, ով հուլիսի 29-ին մասնակցել է ընդդեմ ցուցարարների իրականացված ոստիկանական գործողություններին:

Քրեական գործերն ընդդեմ բազմաթիվ ցուցարարների և բողոքի ցույցերի կազմակերպիչների շարունակվում են: Առնվազն յոթ մարդ դատապարտվել է ազատազրկման մեկից մինչև երեք ու կես տարի ժամկետով: Նրանցից մեկը նաև տուգանվել է: Առնվազն հինգ այլ մարդ ստացել են պայմանական կալանք և մեկը միայն տուգանվել է։ Մեղադրանքներ են առաջադրվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Այս 13 ամբաստանյալներից բոլորն ընդունել են իրենց մեղքը՝ մասամբ ստանալով երաշխիքներ, որ իրենց նկատմամբ կկիրառվի ավելի նվազ պատիժ քան օրենքով սահմանված առավելագույնն է։

«Ոստիկանության բռնությունների համար հաշվետվողականությունն էական է հանրային վստահության վերականգնման համար, այն դեպքում, երբ մարդիկ զգում են, որ Հայաստանում կառավարությունն ականջալուր չի լինում նրանց մտահոգություններին», – հայտարարել է Գոգիան։