Home / Կրթություն / Դպրոցն ու ԿԳՆ֊ն պաշտպանում են ռասիստական գրառումներ արած ուսուցչին

Դպրոցն ու ԿԳՆ֊ն պաշտպանում են ռասիստական գրառումներ արած ուսուցչին

Հայաստանի կրթական հաստատությունների աշխատողները կարող են ցանկացած, օրինակ, ռասիստական բնույթի արտահայտություններ անել, եթե դրանք չեն արվում դպրոցում։ Կրթության և գիտության նախարարությունից Epress.am֊ի հետ զրույցում ասել են, որ ուսուցիչն ունի խոսքի և կարծիք հայտնելու ազատություն։ «Դպրոցից դուրս» հակաիշխանական կարծիքներ արտահայտելը, սակայն, այլ ուսուցիչներին չի ներվել և նրանք ազատվել են աշխատանքից։

Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան N52 դպրոցում ուսուցիչ Լևոն Ստեփանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում օրեր առաջ ռասիստական մեկնաբանություններ է գրել, ինչի պատճառով գրող, հրապակախոս Լիզա Ճաղարյանն առաջարկել է ստորագրահավաք անել և պահանջել հեռացնել նրան հանրակրթական ոլորտում աշխատանքից, քանի որ «այդ մարդն իրավունք չունի մանկավարժությամբ զբաղվելու ու մեր երեխաների հոգիները խեղելու»։

Ուսուցիչը ջնջել է խառնամուսնությունների դեմ ուղղված իր առաջին գրառումը, սակայն հետո ռասիստական բնույթի նոր գրառում արել։ Ստեփանյանը, մասնավորապես, գրել է․ «Դաժան բան եմ ասում, բայց իրականությունը այդ է, և գլխիս պոլիտկոռեկտություն չխաղաք։ Բնությունը և պատմությունն արդեն ապացուցել են, որ նեգրերը, որպես կանոն, ունակ են լավ անել երեք բան՝ երգել, պարել և զբաղվել սպորտով։ Դա ունի պարզ բացատրություն․ նեգրերը ապրում են բնազդներով, իրենց մոտ զարգացած է մարմնի լեզուն, ինչը չես ասի իրենց մտավոր ընդունակությունների մասին։ Իրենք ունեն այն, ինչին արժանի են… Մի փորձեք համոզել, որ նորմալ աչքով նայենք հայի և նեգրի խառնամուսնությունը»։

Այսպես է ուսուցիչը արձագանքել «Մարաշլյան» լուսանկարչության կենտրոնի հրապարակած սև տղամարդու և հայազգի կնոջ ու նրանց երեխայի ընտանեկան լուսանկարին։ Նշենք, որ ուսուցիչը միակը չէր, որ դատապարտել է խառնամուսնությունը։ Լուսանկարի վերաբերյալ սոցցանցերում բազմաթիվ ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ են զետեղվել, ընդհուպ մինչև սպառնալիքներ լուսանկարում պատկերված ընտանիքի հասցեին, ինչից հետո ընտանիքի անդամները խնդրել են լուսանկարչական տանը հեռացնել լուսանկարը։

Հովհ. Հովհաննիսյանի անվան N52 դպրոցի տնօրեն Նարինե Շառյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ ուսուցչին նկատողություն անել, կամ առավել ևս հեռացնել աշխատանքից չի պատրաստվում։

«Մարդը բերել է փաստեր, որ խառնամուսնությունները բերում են տեսակի վերացմանը։ Նա չի գրել՝ սպանեք, վառեք այս կամ այն ազգին, այլ հղում է արել գիտական աշխատանքների վրա և նշել, որ խառնամուսնությունները սխալ են», ֊ ասել է Շառյանը։

Կրթության և գիտության նախարարությունից Epress.am-ին ասել են, որ ուսուցիչը համացանցում օգտվել է իր խոսքի ազատության իրավունքից, նրան իրենք դատապարտել չեն կարող, քանի որ նա այդ մեկնաբանություններն արել է այլ հարթակներում, ոչ թե դպրոցում։ Այնուհետև նախարարությունից խնդրել են գրավոր հարցում ուղարկել էլեկտրոնային փոստով, սակայն Epress.am֊ն այդպես էլ պատասխան չի ստացել։ Կրթության և գիտության նախարարությունը գրավոր չի տեղեկացրել հարցմանը չպատասխանելու պատճառների մասին։ Հարցերն ուղարկելուց 5 օր անց Epress.am֊ին հեռախոսով տեղեկացրել են, որ հարցմանը չեն պատասխանելու՝ պատճառաբանելով, թե մենք «հարցում» չենք ուղարկել, այլ «գրություն»։ Epress.am֊ն իր հարցման մեջ ներկայացրել էր խնդիրը և հետևյալ հարցերն ուղղել․ «Ինչպե՞ս է նախարարությունը վերաբերվում հանրակրթության ոլորտի աշխատողի կողմից արված նման մեկնաբանություններին։ Արդյոք նախարարությունը պատրաստվում է արձագանքել ուսուցչի գործողություններին»։

Սոցցանցում ուսուցչին, մասնավորապես, պաշտպանել է ատելության խոսք տարածելու համար մի քանի անգամ դատարան կանչված «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը։ Նա նույնպես պնդել է, որ յուրաքանչյուրն օրենքով արտահայտման ազատության իրավունք ունի։

Իրավաբան Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում մեկնաբանել է, որ խոսքի ազատությունը շատ լայն հասկացություն է, սակայն դա չի ներառում ռասիստական, անհանդուրժողական կարծիքների տարածում։

«Հայաստանը, լինելով Եվրախորհրդի անդամ, ունի պոզիտիվ պարտականություն նման գործերը քննելու։ Մանավանդ, եթե խոսքը վերաբերում է հանրակրթության համակարգում գործող անձի։ Ոչ մի ծնող չի ցանկանա, որ իր երեխային դասավանդի նման մարդ», ֊ ասել է Ղազարյանը։

Իրավաբանը նշում է, որ ռասիստական կոչերի համար որոշ երկրներում մարդկանց նույնիսկ քրեական պատասխանատվության են ենթարկում։ Հայաստանում գործում է քրեական օրենսգրքի 226 հոդվածը (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որը, ըստ իրավաբանի, թույլ է, և այդ հոդվածով քրեական գործեր հարուցելու մշակույթ չկա, քաղաքացիական օրենսգրքում՝ ընդհանրապես խտրականության նորմ չկա։

Հիշեցնենք, որ նախկինում այլ ուսուցիչներ, ովքեր օգտվել են իրենց «խոսքի ազատության» իրավունքից, սակայն ընդդիմադիր խոսք են արտահայտել, չեն խուսափել պատասխանատվությունից։

Ուսուցիչ Կարպիս Փաշոյանը մոտ մեկ ու կես տարի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում դասավանդելուց հետո աշխատանքից ազատվել է, իր խոսքով, իր ակտիվ քաղաքացիական հայացքների և ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ նա դիտորդ է եղել, գրառումներ է արել սոցցանցում՝ աջակցելով Սահմանադրության փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ» շարժմանը։ Փաշոյանի հեռացման պաշտոնական պատճառը եղել է այն, որ նա դասաժամերից ուշացումներ է ունեցել։

2013 թվականին Պուշկինի անվան թիվ 8 դպրոցից ազատվել էր շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը։ Նա պնդում էր, որ դա տեղի է ունեցել նույն ֆեյսբուքում կատարած գրառման համար։

«Իմ էջում արել եմ հետևյալ գրառումը՝ «Ես երդվել եմ, որ ՀՀ չորրորդ նախագահ եմ ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին, ինձ համար օրենք չէ Սերժ Սարգսյանի ընդունած որևէ որոշում: Բացել են, կարդացել են ու, դա հիմք ընդունելով, ինձ ազատել են աշխատանքից», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել էր Վարազդատյանը: