Home / Դատարան / Եղնուկյանը դատարանից պահանջում է պարզաբանել իր մեղադրանքի էությունը

Եղնուկյանը դատարանից պահանջում է պարզաբանել իր մեղադրանքի էությունը

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ձերբակալված անդամ Կարո Եղնուկյանի համար հասկանալի չէ իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին Եղնուկյանը և նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարել են հունվարի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ։

Դատարանին ներկայացված բողոքում Եղնուկյանը պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները քննիչը պարզ չի ներկայացրել և իր համար պարզ չի եղել մեղադրանքի բնույթն ու էությունը, ինչի հետևանքով ինքը չի կարողացել օգտվել իր մի շարք իրավունքներից:

«Եղնուկյանի նախնական մեղադրանքի մեջ ասվում էր, որ նա ապատեղեկատվություն է տարածել, [հուլիսի 17-ին] ՊՊԾ գունդը գրաված անձանց ռադիոկապով է ապահովել, ինչպես նաև մի խումբ մարդկանց է տեղափոխել ՊՊԾ գնդի տարածք, որով խոչընդոտել է իրավապաշտպան մարմինների աշխատանքին և օժանդակել է պատանդներին պահելուն ու զավթած շենքները և շինությունները պահելուն: Սակայն առաջադրված մեղադրանքի մեջ չի նշվել, թե ինչպես է և ինչ գործողություններով է նա դա արել: Օրինակ՝ գնացել է խանութ և ռադիոկապ է գնել, կամ հեռախոսազրույցով պատվիրել է այն ու տեղափոխել ՊՊԾ գունդ»,- նիստին ասել է Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիան հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ իրավունք ունի իմանալ, թե ինչի մեջ է մեղադրվում: Դա հիմնարար դատավարական ընթացակարգային իրավունք է և այս իրավունքը խախտելը հանգեցնում է անձի հիմնարար իրավունքների խախտմանը:

Փաստաբանի խոսքով՝ այս կերպ խախտվել է նաև Եղնուկյանի հիմնարար իրավունքներից մեկը՝ սեփական մեղքն ընդունելն ու ինքնախոստովանությամբ հանդես գալը. «Ասենք թե, մարդը ինքնախոստովանությամբ է հանդես գալիս և ընդունում է մեղքը, բայց այնտեղ հստակ չէ թե այս մարդուն առաջադրվող մեղադրանքը ինչումն է կայանում նա չի կարող ասել, որ ես արել եմ այս այս քալերը: Այս դեպքում էլ դուրս է գալիս, որ նա սուտ ցուցմունք է տալիս»:

Հայրապետյանը նշել է, որ մի քանի անգամ մեղադրանքը պարզաբանելու հարցումներ ուղարկելուց հետո, կալանավորումից ամիսներ անց մեղադրանքի ձևակերպումները փոխվել են:

«Երկրորդ մեղադրանքն ապացուցում է, որ կալանավորման առաջին 4.5 ամսում մեղադրանքն անհասկանալի է եղել: Եթե այն ժամանակ ասվում էր, որ Կարո Եղնուկյանը միջոցներ է ձեռնարկել մարդկանց այստեղից այնտեղ տանելու համար, ապա նոր մեղադրանքի մեջ ձևակերպումը մեղմացել է ու դարձել է, որ Եղնուկյանը ինչ֊որ անձի միջոցով մարդկանց տեղափոխել է մի տեղից մյուս տեղը:

Ի տաբերություն նախորդ մեղադրանքի՝ վերջին մեղադրանքում ասվում է նաև, որ ոչ թե տարածել է ապատեղեկատվությունը, այլ նպաստել է ապատեղեկատվության տարածմանը: Սակայն հարց է ծագում՝ ինչո՞ւ տարածողները պատժի չեն ենթարկվում, իսկ Եղնուկյանը, ով նպաստել է տեղեկության տարածմանը, պետք է 25 տարի բանտարկվի», – երեկվա նիստին ասել է Հայրապետյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն իր հերթին պնդել է, որ ներկայացված բողոքը ամբողջովին անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ քննությունն իրականացնող մարմինը կատարել է իր պարտականությունները և նախաքննության փուլում պարզաբանել է մեղադրանքի էությունը՝ տրամադրելով այն ապացույցները, որոնք վարույթն իրականացնող մարմինը նպատակահարմար է գտել:

Դատախազը նաև ընդգծել է, որ իր խոսքերն ապացուցում են դատարանների այն բոլոր որոշումները, որոնցով երկարացվել է Եղնուկյանի կալանքը:

Սրան հակադարձելով՝ Հայրապետյանն ընդգծել է, որ դատախազի այն մեջբերումը, թե դատարանները նման մեղադրանքով կալանքի որոշում են կայացրել, արդեն իսկ ապացուցում է, որ Եղնուկյանը քաղբանտարկյալ է:

«Դատարանները չէին կարող կալանքի որոշում կայացնել, որովհետև ոչ մեկին պարզ չէ մեղադրանքի հիմքը: Սրանից ավելի ակնառու է դառնում, որ Կարո Եղնուկյանը քաղբատարկյալ է»,- ասել է Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ: Նրան ձերբակալել էին հուլիսի 19-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրավելուց 2 օր անց։ Եղնուկյանն ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիաների մասնակից էր։

Սույն գործով որոշումը կհրապարակվի այսօր։