Գլխավոր / Դատարան / Կանանց նկատմամբ բռնության գործերը քննելիս՝ դատարանները տղամարդկանց են պաշտպանում

Կանանց նկատմամբ բռնության գործերը քննելիս՝ դատարանները տղամարդկանց են պաշտպանում

Ընտանիքում կնոջ նկատմամբ բռնության դեպքերը տեղի են ունենում իրավապահ մարմինների անգործության հետևանքով, այնուհետև մեղադրանքը մեծամասամբ կազմվում է ամբաստանյալ ամուսինների տված ցուցմունքների հիման վրա։ Հետագայում դատարանները սահմանում են գործած հանցանքին ոչ համաչափ պատիժ։ Այս մասին ասված է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի կողմից կազմված «Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը՝ ՀՀ դատական համակարգն ու գենդերային խտրականությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնությունների գործերը քննելիս» զեկույցում։

2010 թվականից սկսած կոալիցիան մշտադիտարկել է 8 կնոջ դատական գործեր, այդ թվում՝ 3 սպանության, 2 խոշտանգման, 3 ծեծի և 1 երեխայի ապօրինի առևանգման։ Գրեթե բոլորի դեպքում որպես մեղադրյալ ներգրավված է եղել նախկինում կամ այդ պահին նրա հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը։

Համաձայն զեկույցի՝ մշտադիտարկված գործերում հանցագործության պատճառն ու մեղադրանքի հիմք են եղել տուժող կնոջ վարքի վերաբերյալ հետևյալ սյուբեկտիվ պատկերացումները՝ «լավ մայր չէր», «երեխաներին լավ չէր դաստիարակում», «կասկածվում էր դավաճանության մեջ», «առաքինի ու համեստ չէր», «լավ կին չէր՝ տները մաքուր չէին, ճաշը պատրաստված չէր»։

Շատ հաճախ հանցագործի արարքի համալիր քննության փոխարեն, դատական դահլիճը օգտագործվել է նման բնութագրերը պարզաբանելու համար։

«Այսինքն, դրանք վիճարկելու և օրենքի ուժով խստորեն քննադատելու և պատժելու փոխարեն՝ դատարանը կա՛մ պատշաճ ուշադրության չի արժանացրել, կա՛մ հաստատել է այդ հանցածին կարծրատիպերը», — գրված է զեկույցում։ Որպես օրինակ բերված է 2015 թվականին դանակի բազմաթիվ հարվածներով նախկին ամուսնու կողմից սպանված Հեղինե Դարբազյանի գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալ Արտակ Առաքելյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը հարցն ուղղված տուժողի անչափահաս որդուն։ Այդ ժամանակ քննվել է մահացածի վարքը․ «Մեծ տղա ես, բա չէ՞իր կարողանում մամայիդ ասել․․․»։

Անդրադառնալով իրավապահ մարմինների գործունեությանը՝ զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ բոլոր մշտադիտարկված դեպքերում արձանագրվել է իրավապահ մարմինների անգործություն։

«Գրեթե բոլոր գործերի դեպքում տուժողն ավելի վաղ դիմել է ոստիկանություն, սակայն դրանք հիմանակում կարճվել են՝ դիմումը հետ վերցնելու կամ հանցակազմի բացակայության հիմքով», — նշված է զեկույցում։

Համաձայն զեկույցի, դատական և նախաքննական մարմինները կիրառվում է երկակի ստանդարտներ, որոնք պայմանավորված են կողմերի գենդերային կարծրատիպերով։ Որպես օրինակ բերված է 2016 թվականին նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի դեպքը։ Ամուսնու ծեծերից հետո կինը մի քանի անգամ դիմել է ոստիկանություն, սակայն դիմումը չի ընդունվել։ Սակայն ամուսնու մեկ հաղորդագրությունն այն մասին, որ վեճի ընթացքում Թագուհու կողմից հասցվել է թեթև մարմնական վնասվածք, պատճառ է դարձել, որ կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ընդ որում՝ այդ վեճի ժամանակ մարմնական վնասվածքներ էր ստացել նաև կինը։

Կացնահարված Թագուհի Մանսուրյանը

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ բոլոր գործերով մեղադրանքները հիմնված են եղել մեղադրյալի վկայությունների վրա։ Իսկ վերջում՝ որոշում կայացնելիս, դատավորներն անպայման հաշվի են առել մեղմացուցիչ հանգամանքները, սակայն անտեսել են ծանրացուցիչ հանգամանքները։

Անհանգստացնող է նաև, նշված է զեկույցում, դատարանի կողմից ամբաստանյալի՝ «ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելը» որպես ընտանիքի անդամների հանդեպ գործած բռնության մեղմացուցիչ հանգամանք դիտարկելու փաստը։ Օրինակ, 2012 թվականին դանակի 21 հարվածով ամուսնու կողմից երկու երեխաների ներկայությամբ սպանված Դիանա Նահապետյանի գործով դատավորը նշել է, որ «եթե մասնակցել ես պատերազմին և կարող ես ապացուցել, ապա քեզ հենց դատարանի դահլիճից ազատ կարձակենք»։

Դիանա Նահապետյան

Ամուսնու կողմից պարբերաբար ծեծի ենթարկված Լուսինե Ղաբուզյանի գործով դատավարության ընթացքում՝ ՀՀ սահմանների պաշտպանության մասնակցելը հանդիսացել է մեղմացուցիչ հանգամանք, ամբաստանյալի՝ կնոջ և դստեր հանդպես գործած հանցագործությունների համար պատիժը որոշելիս։

Զեկույցն ընդգծում է՝ բոլոր դիտարկված գործերով դատարանը սահմանել է գործած հանցանքին ոչ համաչափ պատիժ։ Երեք դաժան սպանությունների գործով սահմանվել է՝ 3,5 տարի (21 հարվածով դանակահարություն), 10 տարի՝ (խոշտանգմամբ սպանություն), 11․5 տարի (30 դանակի հարվածով սպանություն), 2 խոշտանգման մեղադրանքի գործով կիրառվել է համաներում, ծեծի և մարմնական վնասվածքների դեպքում միայն տուգանք՝ 50 հազար դրամ և 150 հազար դրամ գումարի չափով։

Դատարանն իր իրավական վերլուծություններում և վճիռ կայացնելիս՝ հաշվի չի առել նաև հանցագործության նախապատմությունը, ամբաստանյալի գործած հանցանքի շարժառիթը և կրկնահանցագործության վտանգը։

Զեկույցի վերջում մի շարք առաջարկություններին զուգահեռ առաջարկություն է արվել ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք և խտրականությունն արգելող համապարփակ օրենք։