Գլխավոր / Բանտ / Չինովնիկները պնդում են՝ բանտերում խնդիրները լուծված են․ փաստերը հակառակն են վկայում

Չինովնիկները պնդում են՝ բանտերում խնդիրները լուծված են․ փաստերը հակառակն են վկայում

Նախորդ տարիների համեմատ՝ 2016 թվականից սկսած քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտվել է դիտորդական խմբի աշխատանքները։ Հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերի դեպքում՝ դիտորդական խմբի անդամներին չեն թույլատրել տեսակցել կալանավորների հետ։ Այն դեպքում, երբ համաձայն օրենքի, խմբի անդամներն ունեն բանտեր անարգել մուտք գործելու իրավունք։

Խնդիրն այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ բարձրացրել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը։ Մասնավորապես, խոսքը վերաբերել է Ժիրայր Սեֆիլյանին, Վահան Շիրխանյանին, «Սասնա ծռեր» խմբի և դրան հարակից գործերով այլ կալանավորվածներին։

«Խումբը կարող է այցելել ամեն տեղ, իսկ վարույթն իրականացնող մարմնի այս սահմանափակումները կրում են կամայական բնույթ։ Տարիներ շարունակ եղել է այլ ընթացակարգ, հիմա ինչ-որ արգելքներ են սահմանվում», -ասել է Ռևազյանը։

Ըստ խմբի դիտարկումների, 2016 թվականին նախկին տարիների համեմատ, ՔԿՀ-ներում չկան դրական փոփոխություններ։ Ռևազյանը նշել է, որ մինչև այժմ էլ ակտուալ է ՔԿՀ-ների գերբնակեցման հարցը, վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները, խցերի պայմանների հարցը։

Քննարկման մասնակից, Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության ներկայացուցիչ Հայկ Քոչինյանը, ի պատասխան հնչեցված խնդիրների, ասել է, որ բոլոր հարցերն էլ ժամանակավրեպ են։ Ըստ նրա՝ դրանք վաղուց լուծված են, և լուծումը պայմանավորված չէ Դիտորդական խմբի կողմից դրանք բարձրաձայնելու հետ։

Անդրադառնալով դիտորդական խմբի կողմից բարձրացված հարցին, որ արգելվել է խմբի անդամների հանդիպումը մի շարք կալանավորների հետ, Քոչինյանը նշել է, որ վարույթ իրականացնող մարմինը կարող է այդպիսի որոշումներ կայացնել ըստ նրա՝ բանտ մուտք կարող են գործել, սակայն որոշ դեպքերում չեն կարող տեսակցել։

Ինչ վերաբերում է բուժսպասարկման որակին, Քոչինյանի խոսքով՝ դա այլևս արդիական չէ, քանի որ երեկ Կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոցի» մասին առաջարկ է ներկայացրել, որն ընդունվել է։

Անդրադառնալով այն հարցին, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցերը ոչ բարվոք վիճակում են, որի մասին մի քանի անգամ բարձրաձայնել է Դիտորդական խումբը, Քոչինյանը նշել է, որ այժմ տվյալ ՔԿՀ-ի առաջին հարկում չկան խցեր․ «Դրանք հին տվյալներ են, նման բան գոյություն չունի»։

Ռևազյանը, այնուամենայնիվ, ասել է, որ իրենց տվյալներն ընդամենը մեկ շաբաթվա վաղեմության են։

Գերծանրաբեռնված խցերի հարցը Քոչինյանը նույնպես որակել է ժամանակավրեպ։ Ըստ նրա, գուցե այդ խնդիրը եղել է մի ժամանակ, բայց հիմա՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումից հետո, խնդիրը լուծվել է։

Դիտորդական խմբի անդամ, փաստաբան Արա Ղարագյոզյանը պնդել է, որ «Նուբարաշեն»-ում այսօր էլ կան խցեր, որոնք նախատեսված են 8 հոգու համար, սակայն այնտեղ պահվում են 10 հոգի․ «Կային մարդիկ, որ քնում էին սեղանի վրա»։

Վերջինս անդրադարձել է նաև խոցելի խմբերին, որոնց մեջ են մտնում թմրանյութ օգտագործողները և նույնասեռական անձինք՝ ասելով, որ նրանց նկատմամբ հատկապես խտրական մոտեցում է դրսևորվում․ «Նվաստցուցիչ աշխատանքները միայն նրանց են անել տալիս, ասենք, զուգարան մաքրելը։ Թմրանյութ, բենզին օգտագործողների ոսկորները փտում են, սակայն, բուժօգնություն չկա, իսկ դա նշանակում է խոշտանգում դատապարտյալի հանդեպ»։

Քննարկման մասնակից, Քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետ Արսեն Մնացականյանը պնդել է, որ մարդիկ իրենց կամքով են ներգրավվում այդ աշխատանքներում, ոչ մեկը նրանց չի ստիպում։

Անդրադարձ է կատարվել նաև «Սասնա ծռերի» անդամ Արարատ Խանդոյանի խցի պայմաններին։ Լրագրողների հարցրել են, թե որևէ մեկը պատասխան տվել է, կամ վարույթ իրականացվել է այն հարցով, որ Խանդոյանի խուցը չի ջեռուցվել և խցի պատուհանները կոտրված են եղել։

ՔՎ֊ի ներկայացուցիչները սկզբում տվել են իրարամերժ պատասխաններ, մասնավորապես, ասելով, որ գուցե Խանդոյանն ինքն է օդափոխության համար բացել պատուհանները, կամ իբր Խանդոյանի պաշտպանները հերքել են և ասել, որ նման բան չկա։ Այնուամենայնիվ, վերջում նրանք հստակ պատասխան չեն տվել։

Պաշտոնյաները նաև ասել են, թե Դիտորդական խումբը մասնավոր դեպքերի վրա հենվելով՝ «ստահոդ տեղեկություններ է տարածում»։

Կից նյութեր․

Կալանավոր պահելը շահութաբեր գործ է

Հայաստանյան բանտերի կենցաղը. ինչ, որքան, ինչպես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)