Home / Հայաստան / Գյուղոլորտում գրանցված անկումն անհարկի վերագրում են խաղողի բերքի նվազմանը․ «ՀԺ»

Գյուղոլորտում գրանցված անկումն անհարկի վերագրում են խաղողի բերքի նվազմանը․ «ՀԺ»

Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հավաստիացրել է, որ անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 20-30 տոկոս անկումը պայմանավորված է եղել խաղողի բերքի 30 տոկոս ցածր լինելու հետ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ փոխնախարարի հայտարարությունը թվերի վերածելու դեպքում կստացվի, թե 2016 թվականին Հայաստանում խաղողի ողջ բերքը վերացել է:

«Խնդիրն այն է, որ գյուղոլորտում արձանագրված 20-30 տոկոս անկումը գումարային առումով կազմել է 106 միլիարդ դրամ: Եթե հաշվի առնենք, որ մեկ կիլոգրամ խաղողի գինը միջինը հաշվարկվում է 200 դրամ, ապա 106 միլիարդ դրամի նվազում արձանագրելու համար պետք է որ խաղողի բերքը նվազի 530 հազար տոննայով:

Ամենահետաքրքիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստացվում է առավելագույնը 300 հազար տոննա խաղող: Այլ կերպ ասած, զուտ թվաբանորեն փոխնախարարի պնդումը չի կարող տեղի ունենալ։ Մի խոսքով, մեր ամբողջ պետական համակարգը չի կարողանում բացատրել, թե այդ ինչպես եղավ, որ 2016 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց ահռելի անկում»,- նշում է թերթը: