Home / Բանտ / Ծանր հիվանդ կալանավորին քարշ տալով տեղափոխել են խցից

Ծանր հիվանդ կալանավորին քարշ տալով տեղափոխել են խցից

Երեկ՝ հունվարի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը  դարձյալ բռնության է ենթարկվել: Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը:

Epress.am -ի հետ զրույցում փաստաբանը նշել է, որ Գևորգյանին պետք է տեղափոխեն »Արմավիր» ՔԿՀ, և ինքը պատրաստվում էր Հրաչյային հանդիպել տեղափոխումից հետո, սակայն հունվարի 20-ին իր պաշտպանյալը զանգել է՝ խնդրելով այցելել իրեն։

«Ես առավոտյան ժամը 11։00-ին գնացել էի ՔԿՀ ու հանդիպում էի պահանջում, բայց սկզբում ինձ մինչև ժամը 13։00-ն թույլ չեն տրվել տեսնել նրան։ Սկզբից ասում էին՝ տեղափոխել են արդեն, հետո ասում էին՝ չի կարող հանդիպել։ Միայն ՔԿՀ-ի ղեկավարությունից հանդիպում պահանջելուց հետո եմ կարողացել գնալ Հրաչյայի մոտ», – ասել է Կարապետյանցը։

Նրա փոխանցմամբ՝ Հրաչյային «Արամավիր» ՔԿՀ տեղափոխելուց առաջ իր խցի անկողնուց քարշ տալով տարել են այլ խուց և այդպես էլ կիսամերկ վիճակով մի քանի ժամ ընկած թողել են սառը հատակին ընկած։

Փաստաբանը նշել է, որ խուց մտնելուց Գևորգյանը դեռ գետնին է եղել, և միայն իր պահանջից հետո են ՔԿՀ-ի աշխատակիցներն օգնել, որ նրան գետնից բարձրացնեն, և հագուստ ու կոշիկ են տրամադրել։

Նշենք, որ Գևորգյանն ավելի վաղ բանտում մի քանի անգամ ենթարկվել է բռնության։

Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։ Մի քանի անգամ կալանավորը հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ իրեն զրկում են համապատասխան բժշկական օգնությունից։ Գևորգյանը պնդում է, որ իր գործի քննության ընթացքում իրեն սպառնացել է բարձրացտիճան ոստիկան Արթուր Գևորգյանը։ Կալանավորը նաև բանտային բարքերի մասին բաց նամակ է հրապարակել։