Home / Բնապահպանություն / Սյունիքի մարզում նոր հանք շահագործելու նախագիծը մտահոգում է բնապահպաններին

Սյունիքի մարզում նոր հանք շահագործելու նախագիծը մտահոգում է բնապահպաններին

«Սոս-Սաքո» ՍՊԸ-ն մտադիր է բաց եղանակով շահագործել Սյունիքի մարզի Ալվանքի նեֆելինային սիենիտների հանքավայրը: Այս մասին գրում է բնապահպանական ecolur.org  կայքը: Նեֆելինային սիենիտը ալյումինի հումքն է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ։

Ըստ ընկերության ներկայացրած հայտի՝ արդյունահանման տարեկան ծավալը 12000 խորանարդ մետր է, իսկ հանքի ծառայելու ժամկետը՝ 55 տարի: Նշվում է, որ տեղի կենդանական աշխարհը լայն տարածում ունի Հայաստանի տարածքում, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքներ հանքավայրի շրջանում չկան:

Բնապահպանները, սակայն, հանքի շահագործման վտանգներ են տեսնում, քանի որ հանքավայրը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում, որտեղ երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը կարող է հասնել մինչև 9 բալի՝ ըստ Ռիխտերի 12 բալանոց սանդղակի:

Ecolur.org֊ը հիշեցնում է, որ 2013թ-ին Մեղրիի բնակիչները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ դեմ արտահայտվելով նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործմանը:

Կայքը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին իշխանությունները Հայաստանում ցանկացել են շահագործել Կոտայքի մարզի Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրը, սակայն հետ են կանգնել իրենց որոշումից, քանի որ մասնագետներն ապացուցել են, որ եթե ալյումինի ստացման կոմբինատ կառուցվի, ապա ողջ բուսականաությունը մինչև 15-20 կմ շառավղով կոչնչանա: Թեժ Սարի հանքավայրը ցանկացան շահագործել նաև 2012թ-ին: Սակայն բնապահպանները դեմ հանդես եկան այս նախաձեռնությանը հանքավայրի շահագործման բարձր ռիսկերի պատճառով: Բնապահպնության նախարարությունը «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ին լրամշակման համար հետ վերադարձրեց հանքի շահագործման նախագիծը: Այնուհետև նոր նախագիծ չշրջանառվեց: