Գլխավոր / Վերլուծություն / Ժողովրդավարության ճգնաժամը․ Դինքից ոգեշնչվելով՝ պայքարել ապագայի համար

Ժողովրդավարության ճգնաժամը․ Դինքից ոգեշնչվելով՝ պայքարել ապագայի համար

Ժամանակակից ժողովրդավարության ճգնաժամը․ փորձի ճակատագիրը ազգայնականության, պոպուլիզմի և նեոլիբերալիզմի դարաշրջանում

Հեղինակ՝ Ռոնալդ Գրիգոր Սյունի, Էյզենբերգի պատմական ուսումնասիրությունների ինստիտուտի (Eisenberg Institute for Historical Studies) տնօրեն

Հրանտի Դինքի հիշատակի դասախոսությամբ ելույթ է ունեցել Ստամբուլում, հունվարի 20-ին

Անգլերենում գոյություն ունի անցյալի դեպքերը հիշելու երկու բառ՝ «ոգեկոչել» ու «տոնել»։ Այսօր, անկասկած, ոգեկոչման օր է՝ տասը տարի առաջ տեղի ունեցած սարսափելի սպանության, կյանքի զոհաբերության։ Մեզ համար, սակայն, այսօր նաև տոն է․ տոնում ենք այդ կյանքը, թե այն ինչ էր նշանակում ու ինչ նշանակություն է ձեռք բերել այսօր։ Հրանտ Դինքը դարձել է ավելին, քան նույնիսկ ինքն էր իր մասին պատկերացնում կյանքի օրոք, ու մենք հենց դա ենք տոնում։ Ես պատիվ ունեի նրան ճանաչել, նրա ամենապարփակ ազնվությանն ականատես լինել։ Նրա անկեղծությունն ու քաջությունը, պարզությունն ու ներքին ուժն ակնհայտ էին այստեղ՝ Ստամբուլում՝ Հայոց պատրիարքի գրասենյակում մեր առաջին հանդիպումից։ Նրան ավելի լավ ճանաչողների, նրա հետ ավելի սերտորեն կապվածների համար Դինքը, իհարկե, սովորական մարդ էր, սխալական էակ՝ թերությունների, վախերի մի ողջ հավաքածուով՝ մեզնից լավագույններին բնորոշ առատաձեռնության ու խիզախության անջնջելի որակների հետ մեկտեղ։ Նա անկեղծ դեմոկրատ էր ու հավատում էր, որ ժողովրդավարությունը գերագույն արժեք է։ Համոզված էր, որ ճշմարիտ ժողովրդավարության միջոցով կարող են լուծվել ցանկացած հասարակությունում առկա անհամար խնդիրներն ու հակամարտությունները։ Այսօր ցանկանում եմ խոսել մի երևույթի մասին, որը մտոհոգում էր Հրանտին ու պետք է մտահոգի նաև մեզ․ ժողովրդավարության փխրունության ու այն պահպանելու, ընդարձակելու և, ինչու ոչ, վերստեղծելու մշտապես առկա պայքարի անհրաժեշտության մասին։

Ժողովրդավարության առաջընթացի, ինչպես նաև դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկի՝ օրենքի գերակայության ակնհայտ անկումը Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Ասիայում ու այժմ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում մշտապես մտահոգել է բազմաթիվ լրագրողների, գիտնականների ու հասարակ քաղաքացիների ու պատմաբաններին հիշեցրել գրեթե մեկ դար առաջ մռայլ ժամանակներ մեկ այլ դանդաղ մուտքի մասին։

Ռոնալդ Գրիգոր Սյունի

Ժողովրդավարությունը, իմ կարծիքով, փորձ է, որը, եթե մենք հաջողակ լինենք, կարող է մոտ ժամանակներս տոնել էվոլյուցիայի իր երրորդ դարը։ Այն քարքարոտ ու բարդ ճանապարհ է անցել 18֊րդ դարի վերջին ամերիկյան և ֆրանսիական հեղափոխություններից ի վեր։ Ու առավել ևս քարքարոտ՝ վերջին 25 տարիների ընթացքում։ Մտածեք այն մասին, թե ձեզանից շատերը ինչի են ականատես եղել վաղ 1990֊ականներին Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ Կոմունիստական ռեժիմների փլուզումն ազդարարող հաղթական լավատեսությունից հետո, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի շատ պետություններ ապրեցին համեմատավար արագ քաղաքական անցումներ․նախ՝ ավտորիտարիզմից ժողովրդավարության, ու հետո կրկին ավտորիտարիզմի ինչ֊որ ձևի։ Նոր հազարամյակի շեմին հանդուգն ու լավատեսական օրերն իրենց տեղը զիջեցին ժողովրդավարության երկարակեցության ու կայունության վերաբերյալ համատարած հոռետեսության, իրական, տևական ու ազատական ժողովրդավարության հասնելու հնարավորության կասկածների։

Ժողովրդավարության առաջընթացից շեղումը տեղի ունեցավ 2000֊ականների կեսերին՝ մոտ տասը տարի առաջ, ու շատ երկրներ, որ ենթարկվել էին մասնակի ժողովրդավարացման, այդ թվում՝ հատկապես Ռուսաստանն ու Թուրքիան, երես թեքեցին ճշմարիտ ներկայացուցչական կառավարումից, փոքրամասնությունների պաշտպանությունից ու գործադիր իշխանության սահմանադրական զսպումներից։ Ժողովրդավարության անկումից անմիջականորեն ազդված երկրների թվում են նաև Հունգարիան, Լեհաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Կենտրոնական Ասիայի պետություններն ու Հայաստանը։ Այս երկրներից շատերում ղեկավարներն ու վերնախավերն ընդլայնել են գործադիր իշխանությունն օրենսդիր մարմինների որոշիչ գործոնի ու անկախ դատական համակարգի հաշվին։ Մյուսներում նրանք նպաստել են փոքրամասնությունների ու ներգաղթյալների նատիվիստական ու ազգայնական բացառմանը։ Դեմագոգ քաղաքական գործիչները, ինչպես այսօր իմ երկրում նախագահ հռչակվող մարդը, շահագործում են աշխատավոր մարդկանց տնտեսական աղետն ու նրանց՝ գլոբալիզացված կապիտալիզմի սին խոստումների ակնհայտ մերժումը։ Վախը հզոր քաղաքական զգացմունք է, ու հավակնոտ մարդիկ պատրաստ են խաղալ բնակչության՝ ահաբեկչության կամ ներգաղթյալների կամ տնտեսական աղետով պայմանավորված վախերի վրա։ Պարզ, ցայտուն ուղերձները դարձել են քաղաքականության լեզուն․ կարգախոսները հաղթում են շրջահայաց փաստարկներին։ Պոպուլիստական խոսքը ցանում է հակաէլիտիստական ու հակաինտելեկտուալ հռետորաբանություն՝ կասկած հարուցելով փորձագետների և նույնիսկ գիտության նկատմամբ։

Ազատական ժողովրդավարությունից ավելի պոպուլիստական, ազգայնական ու ավտորիտար ռեժիմների (որոնք հաճախ պահպանում են ժողովրդավրական ձևերն ու պնդում, որ ժողովրդավար են) անցումն ինչպե՞ս կարող է բացատրվել։ Այս ելույթում կխոսեմ և՛ ժողովրդավարության պատմության, և՛ իմ պատկերացմամբ դրա սահմանման մասին․ ի՞նչը կարող է անվանվել «փաստացի գոյություն ունեցող ժողովրդավարություն» կամ, իմ նախընտրած եզրը՝ «բուրժուական ժողովրդավարություն», որն ընդգծում է սեփականության, անձնական ու կորպորատիվ հարստության դերը որպես ժողովրդավարական ալյընտրանքին խոչընդոտող գործոն։ Ուզում եմ ուսումնասիրել, թե ինչպես են քաղաքականության դիսկուրսներն ու առաջնորդների լեզուն, գործողություններն ու կերպարները կարողացել շահագործել ժողովրդավարական կառավարությունների ձախողումները եկամուտների անհավասարության, քաղաքական բևեռացման, ցածր ու միջին խավի մարդկանց շրջանում իրավազրկման զգացողության, ինչպես նաև՝ ներգաղթի հետևանքով առաջացած մշակութային կորուստի վախի, արմատական իսլամից ծագող ենթարդրյալ սպառնալիքի, արդիականությանը բնորոշ փոփոխության արագության ահռելի խնդիրների լուծման հարցում։

Իմ անցումային վարկածն այն է, որ ժողովրդավարությունները լավագույնս աշխատել են, ինչպես Սկանդինավիայում, երբ զուգակցվել են առավել խոցելի խմբերի պետական բարեկեցության ու պաշտպանության ապահովման որևէ ձևով, սոցիալական հավասարության ու անաչառ արդարադատության հնարավորությունով, և բնակչության հարաբերական միատարրության կամ բազմազանությունը հանդուրժելու կամ նույնիսկ խրախուսելու լուրջ ջանքերով։ Գլոբալացման հետևանքով տեղի ունեցած սոցիալական ապահովության ցանցերի կործանումն ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց խոցելի է դարձրել նեոլիբերալ կապիտալիզմի անկանխատեսելիությունների առջև։ Աճող սոցիալ֊տնտեսական անհավասարությունը սպառնում է ժողովրդավարական ալընտրանքին։ Ապագայից ու օտարերկրացիներից վախեցող ընտրողներն սկսել են լիբերալ ու սոցիալ֊դեմոկրատական կուսակցությունների փոխարեն նախընտրությունը տալ ավելի պահպանողական, ազգայնական ու արմատական աջ ուժերին, ինչն ակնհայտորեն երևում է Արևմտյան Եվրոպայում ու այժմ նաև Միացյալ Նահանգներում։

Շատ հաճախ ժողովրդավարական անցումների ձախողման համար մեղադրվում են հասարակ մարդիկ։ Ինչպես պնդում են, ռուսներին դուր են գալիս ավտորիտար առաջնորդներ, իսկ թուրքերը վարակված են արմատական իսլամի ժառանգությամբ։ Իմ, ինչպես նաև մի շարք քաղաքագետների ուսումնասիրությունները կենտրոնանում են հիմնականում քաղաքական վերնախավերի գործողությունների ու հավակնությունների վրա։ Ժողովրդավարությունը պահանջում է ժողովրդավարներ, իսկ եթե քաղաքական վերնախավերը նախընտրում են իշխանության ավտորիտար կամ կոռումպացված ուղիներ, հասարակ մարդիկ հաճախ մնում են անպաշտպան։ Մինչդեռ սոցիալական, քաղաքական, տնտեսական ու միջազգային գործոնները, որոնք նպաստում են նրանց գաղափարների արդյունավետությանը, հիմնարար դեր ունեն ներկայիս հակա֊ժողովրդավարական պահը հասկանալու համար, Դոնալդ Թրամփի, Վիկտոր Օրբանի ու Վլադիմիր Պուտինի նման առաջնորդների շարժառիթները, գործողություններն ու ժողովրդական հաջողություններն առանցքային են ժողովրդավարության ընթացիկ անկումը բացատրելու համար։

Պատի անկման հետ, ինքնակոչ «սոցիալիստական» աշխարհն ապասոցալացվեց․ շոկային թերապիան քանդեց պետականապաշտ տնտեսությունը, աղքատացրեց ժողովրդի մեծամասնությանն ու հարստացրեց այն քչերին, որոնք քաղաքական կապերի միջոցով դարձան նոր կապիտալիստներ։ Սահմանները բացվեցին, մարդիկ այժմ կարող էին ճանապարհորդել, թմրանյութերն ու ՁԻԱՀ֊ը ներխուժեցին հետխորհրդային տարածք, իսկ կրթված, դյուրաշարժ կանանց մի գլոբալացված բազմություն դարձավ սեռական թրաֆիքինգի նոր աղբյուր։ Որոշ երկրներում շուկայական համակարգը զուգորդվեց ժողովրդավարական բարեփոխումներով․ մյուսներում, սակայն, ավտորիտար կապիտալիզմի կամ պետական կապիտալիզմի մի նոր տեսակ դարձավ նորմ։ Սառը պատերազմի ավարտից հետո ամբողջ աշխարհն ինտեգրվեց թափ առնող միասնական համաշխարհային կապիտալիզմի մեջ, որում ԱՄՆ֊ը միակ համաշխարհային տնտեսական և ռազմական գերտերությունն էր։ Մինչդեռ մարդիկ ամբողջ աշխարհում չէին կարող քվեարկել ամերիկյան ընտրություններում․ ինչ էլ որ ամերիկացիները սեփական պատկերացումներից ու շահերից ելնելով որոշեին, հատկապես նախագահական ու Կոնգրեսի ընտրություններում, հսկայական ազդեցություն կունենար աշխարհի նույնիսկ ամենահեռավոր հատվածներում։

ԱՄՆ֊ի ու համաշխարհային խոշոր ֆինանսական ու տնտեսական կառույցների կողմից խրախուսվող նեոլիբերալ ռեժիմը սովորաբար վարկաբեկում էր պետության դերն ու շուկան ներկայացնում որպես պատշաճ տեղեկատվության միակ աղբյուր ու բարգավաճման ամենաարդյունավետ միջոց։ Կառավարությունը խնդրի լուծումը չէր, ինչպես Ռոնալդ Ռեյգանն է ասել, այլ՝ հենց խնդիրը։ Իրականում նեոլիբերալները խոսում էին պետությունը վերականգնելու մասին, բայց նրանց փաստացի քաղաքականությունը ճարպկորեն, նույնիսկ ցինիկաբար օգտագործում էր պետությունը հարուստներին պարգևատրելու և աղքատներին պատժելու համար՝ հարուստների համար հարկային առավելությունների, սոցիալական բարեկեցության համակարգի վերացման ու կազմակերպված աշխատանքի վրա հարձակման միջոցով։

Այս պահին ժողովրդավարության քաղաքական ապագայի համար մտահոգվելու համար բազմաթիվ ռացիոնալ պատճառներ կան։ Հաստատված ու կոնսոլիդացված ժողովրդավարություններում, ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, Հյուսիսային Ամերիկայի, Ռուսաստանի ու Արևմտյան Եվրոպայի քաղաքացիները «ոչ միայն չեն սկսել ավելի քննադատորեն վերաբերվել իրենց քաղաքական առաջնորդներին, այլև՝ դարձել են ավելի ցինիկ ժողովրդավարության՝ որպես քաղաքական համակարգի արժեքի նկատմամբ։ Մարդիկ հույս չունեն, որ իրենց որևէ քայլ կարող է ազդել հանրային քաղաքականության վրա, ու ավելի պատրաստակամ են աջակցելու ավտորիտար այլընտրանքները»։ Ժողովրդավարության հանդեպ հավատի անկումն ու ռազմական գերակայության կամ ավտորիտար իշխանության աջակցությունը կտրուկ աճ է գրանցել հատկապես հարուստների շրջանում: Բազմաթիվ բանվոր ու միջին դասի ամերիկացիների համար լիբերալիզմն ու սոցիալիզմը կապվում են հարստության ու ծառայությունների՝ ստորին դասերի շրջանում վերաբաշխման, փոքրամասնություններին հասկանալու հետ․ հետևաբար, նրանց ձեռնտու է ամբողջ ուժով դիմադրել նման անցումներին։

Գործող ժողովրդավարությունը պահանջում է այլ տրամաբանություն, քան պատերազմի ու բիզնեսի տրամաբանություններն են։ Ժողովրդավարությունը ներառում է ոչ միայն բանակցություններ ու փոխզիջում՝ ընդունելու պարտությունը՝ սպասելով, որ հետագայում կարող ես հաղթել, այլև այն, որ հիմնավորումն արդյունավետ է, որ հիմնավորված քննարկումն ու տրամաբանական համոզումը կարող է մտքեր փոխել։ Կորցրել ենք անհավանական թանկարժեք մի բան, երբ կեղծ նորություններն ու դավադրության տեսությունները գրավում են հանրային ոլորտը։ Թրամփի հաղթանակած աջակիցները վստահ են, որ մենք ապրում ենք աշխարհում, որում փաստերը նշանակություն չունեն ու ստերը կարող են արդյունավետ լինել, քարոզվել զանգվածային ու սոցիալական մեդիայի միջոցով ու հետո հերքվել, թե երևբևէ ասվել են։ Նրանք հասկանում են, ինչպես որ մենք պետք է հասկանանք, որ սուտը հզոր զենք է առաջընթացի, գիտության ու ժողովրդավարության դեմ։ Նրանց գործողությունները դրդվում են «բիզնես տրամաբանությունից»՝ այն, ինչ վաճառվում է, ձեռնտու է, այն, ինչ հանրամատչելի է, արժեքավոր է։ Կարևորը վաճառքն է, այլ ոչ՝ արտադրանքը։ Այս տրամաբանությունը շատ հստակ ու վտանգավոր է, երբ փոխարինում է լուրջ գիտության, ժողովրդավարության քաղաքականությունների տարբեր տրամաբանություններին։

Այս բիզնես տրամաբանությունն ակնհայտորեն անձնավորված է Դոնալդ Թրամփի կերպարի մեջ։ Սխալ կլիներ եզրակացնել, որ Թրամփը խելացի չէ։ Նա շատ խելացի է որոշակի ձևով, որը նրան անհավանականորեն հաջողակ է դարձրել։ Նա խորամանկ է, զգուշավոր․ նա ուրիշների հաշվին, բայց կայուն, օրինական ու անպատժելի գնով առաջ է տանում իր, իր ընտանիքի, իր ձեռնարկությունների շահերը։ Ներկայիս խնդիրը, միգուցե, Թրամփն ու նրա կամակատարներն են Սպիտակ տանը, բայց կապիտալիստական ժողովրդավարության հիմնարար խնդիրը ծագել է Թրամփից շատ ավելի վաղ։ Նա պարզապես այդ խորը խնդրի ամենահստակ, ամենացայտուն դրսևորումն է․ ավելի մեծ ունեցվածքի տեր տղամարդկանց ճնշող ու աճող հզորությունը կառավարության ու զանգվածային մամուլի նկատմամբ, ինչպես նաև՝ բիզնես տրամաբանության ներթափանցումը, շահույթի հաշվարկն ու անհատական ու կորպորատիվ շահի գերակայությունը համընդհանուր բարօրության նկատմամբ։

Երկար կյանքն ու ուշադրություն դարձնելը մարդուն սովորեցնում են, որ քաղաքական լուծումներն անցողիկ են․ դրանք ժամանակավոր են, երբեք՝ մշտական։ Այն ամենն, ինչ ձեռք է բերվել Օբամայի նախագահության ութ տարիների ընթացքում, կարող է շատ հօդս ցնդել այսօր իշխանության եկող թրամփիստների կողմից։ Եվ մենք պետք է հավատանք, որ թրամփիզմի բերած ողջ վնասը նույնպես ժամանակի հետ չեղյալ կհամարվի՝ կայուն ջանքերի, բարի կամքի և վճռական դիմադրության միջոցով։ Չպետք է ներկան շփոթենք ապագայի հետ։

Ժողովրդավարական շարժումների ձևավորումից երկու հարյուր տարի անց, պայքարը դեռ շարունակվում է։ Ավելին, ներկայումս այն պետք է ուժեղացվի։ Ուրեմն, ի՞նչ պետք է արվի։ Այս ելույթը, ինչպես լիբերալների, դեմոկրատների, առաջադեմների ու, ընդհանրապես, ձախերի շրջանում այս պային տիրող տրամադրությունը, հասկանալիորեն մռայլ ու հոռետեսական է։ Բայց հոռետեսությունը չի հանգեցնում շարժման ու փոփոխության։ Պահանջվում է լավատեսություն․ հավատ ժողովրդավարական կառույցների ու օրենքի գերակայության կարևորության ու ուժի հանդեպ, դրական նախագծեր, և նույնիսկ ուտոպիստական մտքեր հնարավոր այլընտրանքների վերաբերյալ։ Լավատեսությունը տանում է գործողության, հոռետեսությունը՝ աջ։

Շարժումները մտածողների, կազմակերպիչների, առաջնորդների կարիք ունեն․ դրանց պետք են հերոսներ։ Ու նման առաջնորդի մի օրինակ է այն մարդը, ում այսօր հիշում ենք՝ Հրանտ Դինքը։ Թեև նա կենսականորեն շահագրգռված էր 1915 թվի իրադարձությունների վերջնական ճանաչմամբ ու համոզված էր, որ մարդիկ ու կառավարությունները պետք է անկեղծ լինեն իրենց պատմությանն առերեսելու հարցում , Հրանտ Դինքը, միևնույն ժամանակ, առավել հետաքրքրված էր Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար շարժմամբ։ Նա համոզված էր, որ Թուրքիայում ժողովրդավարությունը շատ արագ կլուծեր պատմական խնդիրներն ու մարդկանց կկրթեր անցյալում հայերին ու այլոց բաժին հասած ողբերգությունների մասով։ Դինքի՝ խնդրի վերաբերյալ մոլեռանդության բացակայությունը նրան կասկածելի էր դարձրել արտասահմանում նրա հայրենակիցների աչքերում, միևնույն ժամանակ, սակայն, նրա անկեղծ արտահայտվելն ու անվախությունը Դինքին հաղորդել էր հերոսական աուրա։ Սպանությունից մի տարի առաջ նորվեգացիները Դինքին շնորհեցին Բյորնսոնի մրցանակն արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության համար։

Դինքի մահվան պարադոքսը կայանում է նրանում, որ նա սպանվեց հանուն նեղ առումով հայրենասիրության, թեև ինքն անձամբ ջերմեռանդ Թուրքիայի հայրենասեր էր։ Նա իր հայրենի երկիրը պատկերացնում էր որպես ժողովրդավարական, հանդուրժողական պետություն, որտեղ իր սեփական ժողովուրդը՝ հայերը, կարող էին ապրել թուրքերի, քրդերի, հրեաների, հույների և Թուրքիայի հանրապետության ակունքում ընկած կոսմոպոլիտ կայսրությունում գոյակցած մյուս ազգերի կողքին։ Այն, ինչ նա չէր կարողանում հանդուրժել, այդ ազգերի ընդհանուր պատմության մերժումն էր․ պատմություն, որը ներառում էր հայերի զանգվածային կոտորած ու քրդերի շարունակական ճնշում։ Դինքը Թուրքիայի կենսական քաղաքացիական հասարակության, որի առանցքային անդամներն իրենց վրա են վերցրել Թուրքիայի անցյալի բաց կետերի հետաքննությունը, ակտիվ ներկայացուցիչ էր։ Պատմության հետ հաշտվելը նոր ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար առաջին անհրաժեշտ քայլն է։ Շրջապատող մռայլությանն այլընտրանքեր տեսնելու ուժ մեզ հաղորդում է ներառումը, և ոչ թե բացառումն ու մեկուսացումը։ Միգուցե մեր՝ տարեց մարդկանց տեսողությունը մեզ արդեն դավաճանում է, ուստի մենք մեր հույսը դնում ենք երիտասարդների վրա, որոնք, ոգեշնչված Հրանտ Դինքի նման հերոսով, կարող են տեսնել ու պայքարել ավելի մադասիրական, ներառական ու հանդուրժող ժողովրդավարական ապագայի համար։