Գլխավոր / Բանտ / Բողոքներից հետո Խանդոյանին տեղափոխել են անմարդկային պայմաններով խցից

Բողոքներից հետո Խանդոյանին տեղափոխել են անմարդկային պայմաններով խցից

Միայն Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ներկայացուցչի այցից և փաստաբանի բողոքից հետո՝ Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արարատ Խանդոյանին կոտրված ապակիներով պատժախցից տեղափոխել են նորմալ պայմաններով խուց։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Վերջինս այսօր հանդիպել է կալանավորին։

Հունավարի 27-ին փաստաբանը հրապարակել էր Խանդոյանի նամակը, որտեղ կալանավորը նկարագրել էր, որ առողջական ծանր վիճակում իրեն տեղափոխել են անմարդկային պայմաններով պատժախուց։

Փաստաբանը նշել է, որ ինքը հստակ չգիտի, թե ինչ պատճառով են Խանդոյանին տեղափոխել պատժախուց, սակայն իր տեղեկություններով՝ ինչ-որ ներքին կանոնների խախտման հարց է եղել։

«Մենք ասում ենք, եթե խախտում արել է, նորմալ պայմաններով պատժախուց տեղափոխեք», -ասել է փաստաբանը։

Վերջինս նշել է, որ, չնայած Խանդոյանին արդեն նորմալ խուց են տեղափոխել, բայց իրենք պահանջելու են ծառայողական քննություն անցկացնել։

«Այսօր ես «Նուբարաշեն»-ի պետին նամակ եմ ուղարկել, պահանջել եմ՝ իրավական հիմքերը՝ ինչու արդեն 2-րդ անգամ նրան տեղափոխում են այդպիսի խուց», -ասել է փաստաբանը։

Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին, երբ Խորենացի փողոցում հավաք էր անցկացվել՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի։ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Հարազատները համոզված են, որ նրան ձերբակալել են միայն այն պատճառով, որ նա «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։