Գլխավոր / Հայաստան / Լենուղի համայնքի վթարային շենքերի բնակիչներին կրկին խաբեցին

Լենուղի համայնքի վթարային շենքերի բնակիչներին կրկին խաբեցին

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային, կիսախարխուլ երկու շենքերի 22 ընտանիքներ կշարունակեն ապրել անմարդկային պայմաններում։ Նախորդ տարի մարզպետարանից լենուղեցիներին խոստացել էին 2017 թվականի հրատապ ծրագրերով բնակարաններ կամ գումարներ հատկացնել նրանց։ Նման խոստումներ չինովնիկները մի քանի տարի է տալիս են, սակայն արդյունքը նույնն է։ Արմավիրի մարզպետարանից այսօր կրկին առաջարկում են անորոշ ժամանակով սպասել։

Արմավիրի մարզի բյուջեն արդեն հաստատվել է, սակայն այս տարի մշակույթի տուն ու դպրոց են միայն վերանորոգելու։

Epress.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը նշել է՝ Լենուղի գյուղի վթարային բնակարանների հետ կապված ոչ մի ռեալ բան չեն կարող ասել․ ոչ մի ծրագիր չկա։

«Արդեն հաստատվել է մարզին հատկացվող բյուջեն և միայն երկու օբյեկտ կա ներառված։ Մեկը՝ Շենիկ համայնքի մշակույթի տունն է, մյուսը՝ Թաիրով համայնքի դպրոցը։ Ընդամենը 50 միլիոն գումար է մարզին հատկացված, և Լենուղին դրանց մեջ մտած չէ։ Բայց Լենուղին մարզպետի ուշադրության կենտրոնում է։ Մարզպետը ջանք ու եռանդ չի խնայում մի տեղից փող գտնի և այդ խնդիրը լուծի», -ասել է Դանիելյանը։

Նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օգնական Նվեր Պետրոսյանը նշել էր, որ հունվարի 27-ին վարչապետ Կարեն Կարապետյանը այցելելու է մարզ, և Լենուղու համայնքապետը պետք է այդ հարցը բարձրացնի։ Իր հերթին, համայնքապետ Գեղամ Ղազարյանը մեզ պատմեց, որ մարզպետն ասել է, թե ինքն անձամբ է քննարկելու այդ խնդիրը, սակայն քննարկման մանրամասներին ծանոթ չէ։

Լենուղու վթարային շենքի բնակիչներից Թամարա Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղապետը խոստացել էր վարչապետի հետ հանդիպմանը նաև իրենց տանել, սակայն գնացել է առանց լենուղինցիների։

Հունվարի 19-ին Կառավարության մոտ բողոքի եկած լենուղեցիներին Կառավարությունից ուղղորդել են դիմել Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին։ Դիմումի պատասխանը կլինի փետրվարի 9-ին։

«Ամեն անգամ էլ էդ են ասում, խաբում են։ Բայց մենք կհամբերենք մինչև գա դիմումի պատասխանը, հետո, եթե բան չլուծվի, շարունակելու ենք գնալ Կառավարության մոտ բողոքի», -ասել է Խաչատրյանը։

1988 թվականին 4-րդ կարգի վթարային ճանաչված շենքերը կանգնած են կիսափտած գերանների վրա։ Բնակիչներն իրենց անձնական միջոցներով որոշակիորեն ամրացրել են շենքի հիմքերը, սակայն անձրևաջրերից, այնուամենայնիվ, դրանք խարխլվել են։ 1935 թվականին կառուցված շենքերը չեն ունեցել ջրագծեր։ Տարիներ շարունակ բնակիչները ձեռքով ջուր են կրել, իսկ կոյուղի շենքերում ընդհանրապես գոյություն չունի։ Վթարային լինելու պատճառով շենքում արգելված է նաև բնական գազի խողովակներ անցկացնել։

2016 թվականի նոյեմբերի 21-ին Epress.am֊ն այցելել էր Լենուղի։ Մանրամասները՝ տեսանյութում․