Գլխավոր / Դատարան / Վճռաբեկ դատարանի նախագահի դեմ կարող են կարգապահական վարույթ հարուցել

Վճռաբեկ դատարանի նախագահի դեմ կարող են կարգապահական վարույթ հարուցել

Փաստաբանները երկրորդ անգամ դիմելու են դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձաժողով՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է հարցով զբաղվող փաստաբանական խմբից Տիգրան Աթանեսյանը:

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը նախագահում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը:

Փաստաբանները պահանջը ներկայացրել էին դեռ դեկտեմբերին; Ըստ նրանց՝ Մկրտումյանը խախտել էր Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան: Խոսքը «Հանրային գերակա շահի մասին» 2002 թվականին ընդունված ՀՀ կառավարության որոշումից տուժած Յուրի Վարդանյանի գործի մասին է:

ՄԻԵԴ-ի վճռում ասված է, որ դատավոր Մկրտումյանն իր սեփականության իրավունքի համար պայքարող Վարդանյանին երկու անգամ առաջարկել է վեճը հաշտությամբ կնքել։ Մի անգամ էլ ասել է, որ «վերջին անգամ է հնարավորություն տալիս» Վարդանյանին հաշտության գնալու։ ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ Մկտրումյանի խոսքերը «արդարացի կասկած» են հարուցում, որ «դատավորը կողմնակալ է»։ Ուստի ՄԻԵԴ֊ը ճանաչել է, որ ՀՀ դատարանում խախտվել է Վարդանյանի արդար դատավարության իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6֊րդ հոդված)։

Դեկտեմբերի 14-ին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձաժողովը մերժել էր Մկտրումյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու առաջին դիմումը՝ պատճառաբանելով, որ ՄԻԵԴ համապատասխան վճիռը հայերեն պաշտոնապես չի թարգմանվել:

Փաստաբանները դիմել էին Արդարադատության նախարարություն: Նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը պատասխանել է, որ ՄԻԵԴ վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելու ընթացակարգը թարգմանության պահանջ չի նախատեսում:

Այս պատասխանն ունենալով՝ փաստաբանները երկրորդ անգամ են փորձելու հասնել նրան, որ դատավոր Մկրտումյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվի: