Գլխավոր / Բանտ / Ցմահ դատապարտյալը հացադուլ ու ջրադուլ է անում պատժախցում հայտնվելուց հետո․ «Ժողովուրդ»

Ցմահ դատապարտյալը հացադուլ ու ջրադուլ է անում պատժախցում հայտնվելուց հետո․ «Ժողովուրդ»

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալը կարել է բերանը և հացադուլ ու ջրադուլ է անում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթը նշում է՝ ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանը հարվածել է ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի պատասխանատուին, ինչից հետո հայտնվել է պատժախցում։ «Ժողովուրդ»֊ի հետ զրույցում դատապարտյալի ընկերը պատմել է, որ Արսեն Գասպարյանի մոտ 4 օր ջուր չի եղել և նա խնդրի մասին ասել է նաև ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի պատասխանատու Ռոման Հակոբյանին և խնդրել, որ իրեն շշով ջուր տրամադրեն իր տարրական կարիքները հոգալու համար, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել։

Դրանից մի քանի օր անց, երբ զբոսանքի ժամանակ դատապարտյալը Հակոբյանից պահանջել է, որ հանդիպում լինի բանտապետի հետ, այլապես ինքը կբողոքի իրավասու մարմիններին, մասնաշենքի պատասխանատուն հայհոյել է նրան, որին ի պատասխան՝ Գասպարյանը բռունցքով հարվածել է Հակոբյանին։

Դրանից հետո կարգապահական կանոնները խախտելու համար Արսեն Գասպարյանին 13 օրով տեղափոխել են պատժախուց։

Պատժախցից դուրս գալու համար ցմահ դատապարտյալը դիմումներ է գրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին, սակայն 5 օր է ոչ մի պատասխան չի ստացել։ Թերթի փոխանցմամբ՝ Արսեն Գասպարյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել, իսկ երեկ երեկոյան կարել է իր բերանը։

«Ինձ տեղեկություններ են հասել, որ Ռոման Հակոբյանը ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի հետ ազգակցական կապերի մեջ է, դրա համար էլ իրեն այդպես արտոնյալ է պահում»,- թերթի հետ զրույցում ասել է դատապարտյալի ընկեր Էռնեստ Ահարոնյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում