Home / Բանակ / Ապրիլյան քառօրյայի մասնակիցների զինգրքույկներում ջնջումները՝ անփութության հետևանք. ՊՆ

Ապրիլյան քառօրյայի մասնակիցների զինգրքույկներում ջնջումները՝ անփութության հետևանք. ՊՆ

2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։

Վերջին շաբաթների ընթացքում մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ ապրիլյան քառօրյային մասնակցելու վերաբերյալ նշումները Պաշտպանության բանակի հրամանատարությունը կամ չի դնում, կամ ջնջել է։

Լուսանկարը՝ սքրինշոթ azatutyun.am կայքի տեսանյութից

Ըստ նախարարության այսօր տարածած հաղորդագրության, դրանք «բացառապես պայմանավորված են տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»:

ԼՂ ՊՆ-ն նաև հորդորել է ԶԼՄ-ներին «այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23»:

Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ԶԼՄ֊ը մի քանի անգամ անդարդարձել էին զինգրքույկներում գրառումները ջնջելու թեմային։ Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթը նշել էր, որ ապրիլյան քառօրյային մասնակցելը զինծառայողներին տալիս է բազմաթիվ արտոնություններ, որոնցից, փաստորեն, ջնջումներով զինգրքույկներ ունեցողները զրկվում են: Այդ արտոնություններից է, օրինակ, ուսման վարձի համար 50 տոկոս զեղչը:

Խնդրի առնչությամբ «Հրապարակը» կապ էր հաստատել Լեռնային Ղարաբաղի ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ հրամանատարությունը տեղյակ է, որ մարդիկ բողոքում են, սակայն անձամբ ինքը չէ որոշում կայացնողը։

Ապրիլյան քառօրյային մասնացելու փաստը, օրինակ, ջնջվել է զինծառայող Գարիկ Հովհաննիսյանի զինգրքույկից: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է. «Մասնակցել եմ ապրիլյան պատերազմին, եղել եմ առաջնագծում՝ տարբեր վայրերում: Զորացրվելու օրը, երբ ինձ հանձնեցին Զինվորական գրքույկը, նրա մեջ նշված էր, որ մասնակցել եմ ապրիլյան պատերազմին, և վրան կարմիր գրիչով գրված էր՝ անվավեր»: Նա ասել է, որ ապրիլին մարտական գործողություններին մասնակցելու փաստը կամ ջնջվել է գրիչով ու սպիտակ ներկով, կամ ընդհանրապես չի գրվել իրենց դասակի զինծառայողների զինգրքույկներում: