Home / Բանակ / Զինվորին բուժելու փոխարեն, դատարան են ուղարկում․ փաստաբան

Զինվորին բուժելու փոխարեն, դատարան են ուղարկում․ փաստաբան

Մարտական հերթապահության ժամանակ իր ոտքին կրակած Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի նախկին զինծառայող Սարգիս Սահակյանը դեպքի պահին հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել։ Այս մասին վկայում են անցկացված վերջին դատահոգեբանական փորձաքննության արդյուքները։

Սահակյանը ծառայության էր անցել 2014 թվականին։ 2015 թվականին բանակում ոտքի վնասվածքից հետո առանց լիարժեք ապաքինման նրան դուրս էին գրել հոսպիտալից և մի քանի օր անց զինվորական հերթապահության նշանակել, որի ժամանակ զինվորը ոտքի ուժեղ ցավեր է ունեցել ու, հոգեբանական ծանր վիճակում գտնվելով, կրակել իր ոտքին։

Դեպքից 3 օր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) և 371 հոդվածի 2-րդ մասով (Զենքը կամ ռազմամթերքը յուրացնելը կամ վատնելը)։

2016 թվականի հունվարի 13-ին դեռ ամբողջովին չապաքինված նախկին զինծառայողը կալանավորվել է և տեղափոխվել Շուշիի մեկուսարան։ 2016֊ի հուլիսին նրան ազատ են արձակել ստորագրության դիմաց։

Առաջին անգամ նշանակված դատահոգեբանական փորձաքննությունը Սարգսին ճանաչել է անմեղսունակ՝ նշելով, որ անձը առանց գիտակցելու, թե ինչ է կատարում, կրակել է ոտքին։

Սակայն այս փորձաքննության արդյունքները չեն գոհացրել գործով քննիչին, և նա կրկնակի փորձաքննություն է պահանջել։

«Փորձագետների վրա ճնշումների արդյուքնում քննիչները հասան նրան, որ 2-րդ փորձաքննության ժամանակ ախտորոշվեց սահմանափակ մեղսունակ, այսինքն՝ լիովին չի գիտակցել իր արարքները։ Իսկ մի քանի օր առաջ ստացվեց վերջին դատահոգեբանական փորձաքննության արդյունքնները կրկին հաստատել են, որ Սարգիսը իր ոտքին կրակելու պահին եղել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգիս Սահակյանի պաշտպան Բաբկեն Մարտոյանը։

Փաստաբանի խոսքով` յուրաքանչյուր նորմալ երկրում նման գործը պետք է կարճվեր, քանի որ չկա հանցակազմ․ «Հիվանդ մարդուն պետք է ուղարկեն ոչ թե դատարան, այլ պետք է ուղարկեն համապատասխան բուժման։ Վերջին դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ անձն ունի հարկադիր բուժման կարիք։ Այս անձը գտնվում է հոգեբանական շատ վատ ու ընկճված վիճակում, իսկ այս վիճակով նրան կալանավորելը ամենասխալ քայլն է։ Մենք նման նախադեպ ունենք, երբ կալանավորեցին Հայկ Մովսիսյանին, իսկ հետո մարդը ինքնասպան եղավ։ Չեմ հասկանում, նույնն ուզում են Սարգիսի նկատմամբ անե՞լ»։

Բաբկեն Մարտոյանը նշել է, որ ինքը դիմել է գրեթե բոլոր գերատեսչություններին, սակայն ոչ մի կառույց խնդրին լուծում չի տվել․ «Ես հազար տեղ դիմում֊բողոքներ եմ գրել․ դատախազին էլ, նախագահին էլ, որտեղ ասես՝ չեմ դիմել, բայց բացարձակապես ոչ մեկին չի հետաքրքրում»։

Փաստաբանն ասել է՝ հույս չունի, որ դատարանում ինչ-որ բան կփոխվի։

«Ես կարող եմ միայն ասել, որ օրենքը չի գործում։ Եթե դատարանները մի քիչ մարդկային խիղճ ունենան և իրավագիտակցության բարձր մակարդակ, գործը պետք է ավարտվի», ֊ ասել է Մարտոյանը։