Home / Բանտ / Սեֆիլյանի գործով կալանավորվածը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը

Սեֆիլյանի գործով կալանավորվածը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գործով արդեն 8 ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանն այսօր դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ներսես Պողոսյանի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Ներսես Պողոսյանը հացադուլ և ջրադուլ էր հայտարարել 6 օր առաջ։ Նման ծայրահեղ քայլով նա պահանջում էր իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը կամ գրավը։

Փաստաբանի խոսքով՝ Պողոսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է․ «Շատ լավ էր, որ նա այդ հացադուլը դադարեցրեց, որովհետև, երբ երեկ նրան այցելեցի, վիճակը ծայահեղ ծանր էր, ու կյանքը ոչ թե օրերից էր կախված, այլ ժամերից։ Զգում էի, որ խոսալու ժամանակ ուղեղի մթագնումներ էր առաջանում իր մոտ»։

Նա նշել է, որ Պողոսյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշումները արդեն բողոքարկվել են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ, իսկ փետրվարի 6-ին պատրաստվում են իրենց բողոքն ուղարկել Եվրոպական դատարանին։

Պողոսյանի վիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը՝ նշելով, որ կալանավորն իրենց հետ առանձնազրույցում ասել է, որ դադարեցնում է ջրադուլն ու հացադուլը, քանի որ գիշերն առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:

Պողոսյանը ՄԻՊ գրասենյակի անդամների ներկայությամբ զննվել է բժիշկների կողմից և ստացել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:

Ներսես Պողոսյանը կինը՝ Լիա Պողոսյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ ամուսինն իրեն արգելել է տեսակցել, որպեսզի իրեն այդ վիճակում չտեսնի։ Կինը մի քանի անգամ խնդրել էր ամուսնուն դադարեցնել հացադուլը, սակայն վերջինս հրաժարվել էր։

Նշենք, որ Ներսես Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 235 հոդվածի 2 մասով՝ ապօրինի կերպով զենք֊զինամթերք կրելը, տեղափոխելը, փոխադրելը, սակայն հետագայում մեղադրանքը փոխվել է 235 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ կազմակերպված խմբի կազմում այդ գործողությունները կատարել։ Փաստաբանի խոսքով՝ Պողոսյանը 2006 թվականից ի վեր ակտիվ մասնակցել է քաղաքական ու հասարակական բողոքի ակցիաներին և նրա դեմ գործ հարուցելը, հավանաբար, այդ ակտիվության համար է եղել։

Ներսես Պողոսյանը մինչ այս կրկին նման քայլի էր դիմել և 2016 թվականի դեկտեմբերի 15-ին 30 օրով հացադուլ էր հայտարարել, ինչի արդյունքում նրա մոտ մի շարք առողջական խնդիրներ են առաջացել։